
Ապագայի թթվասեր և մածուն՝ իրացման ցանցում․ արտադրողը խոստացավ հետ կանչել դրանք
«Հետք»-ի ընթերցողներից մեկն այսօր մեզ էր դիմել՝ հայտնելով, որ Կապանի և Քաջարանի խանութներից երկու օր տարբերությամբ կաթնամթերք է գնել, որտեղ նշված է եղել արտադրման սխալ ժամկետ՝ դեկտեմբերի 7 և 8։
Խոսքը վերաբերում է «Ագրոպրոդ» ընկերության արտադրության «norma» 20 %-անոց թթվասերին ՝ 500 մգ և 3.2 % -անոց մածունին՝ 1 կգ։
Մեր ընթերցողը նաև տեղեկացրեց, որ այս դեպքի մասին իրազեկել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին։
Ընկերության տնօրեն Դավիթը մեզ հետ զրույցում հայտնեց, որ չի բացառում, որ մրցակցություն պայմաններում նմանատիպ խնդիր կարող է լինել՝ չհերքելով նաև մեր այն նկատառումը, որ արտադրման ժամկետը մակնշվում է հենց արտադրությունում։
«Սենց ինչ-որ խնդիր էր եղել, բայց մեզ մոտից չէր մեղավորությունը։ Արտադրությունում ամեն ինչ հնարավոր է լինի։ Ճիշտ է, մենք դա վերահսկում ենք, բայց չենք բացառում, որ նմանատիպ խնդիր կարող է լինել»,- ասաց նա։
Քիչ անց, ճշտելով դեպքի մանրամասները՝ նա մեզ հայտնեց, որ պարզել է․ խնդիրը միայն Սյունիքի մարզում է եղել։
«Շփոթմունք է գնացել մակնշման հետ կապված։ Իմս փոքր ընկերություն է, ձեռքի աշխատանք է, և բանվորը, որ անընդհատ դրանք խփում է, հնարավոր է, ապարատի մեջ․․․մի խոսքով, թանաքը պրծել է, ու սխալմունք է գնացել էդպես։ Մեզնից է խնդիրը»,-տեղեկացրեց տնօրենը՝ հավելելով, որ սխալ մակնշմամբ փոքր քանակ է մտել շուկա, և իրենց մատակարարին արդեն հանձնարարվել է հավաքել դրանք։
Հիշեցնենք, որ դեռևս 2017թ. Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը 66 ստուգում և 14 դիտարկում էր իրականացրել կաթնամթերքի շուկայում, որոնց արդյունքում խախտումներ էր հայտնաբերել տասնյակ ընկերություններում, այդ թվում նաև «Ագրոպրոդ» ընկերությունում։
Մեկնաբանել