
Էջմիածնում քարոզչական պաստառները փակցնում են նույնիսկ արագաչափերի ու եկեղեցու տարածքների վրա
Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քարոզարշավը մոտենում է ավարտին: Թեկնածուները ջանք ու եռանդ չեն խնայում ընտրողներին համոզելու հարցում: Էջմիածին քաղաքը հեղեղված է քարոզչական պաստառներով, որոնց զգալի մասը փակցված է չթույլատրված վայրերում: Օրինակ՝ բազմաբնակարան շենքերին, Մայր Աթոռի այգու պարիսպներին, ճանապարհներին տեղադրված արագաչափերի վրա և այլն:
Զվարթնոց թաղամասում արագաչափերից մեկի վրա փակցված են Էջմիածնի փոխքաղաքապետերից մեկի քարոզչական նյութերը, ով պատգամավորության թեկնածու է «Իմ քայլը» դաշինքից: Մյուս արագաչափը «բռնագրավել» է ԲՀԿ-ի թեկնածուն: Իսկ Մայր Աթոռի պարիսպները հիմնականում «զարդարել» են «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան», «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունների, «Իմ քայլը» դաշինքի թեկնածուները:
«Պատանդի» կարգավիճակում են հայտնվել Էջմիածնի մայթեզրի ծառերը: Թեկնածուները քարոզչական թերթիկները փակցրել են հենց ծառերի վրա՝ դրանք ամրացնելով սոսնձով կամ քիմիական այլ նյութերով:
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ չթույլատրված վայրերում քարոզչական նյութեր փակցնելը համատարած բնույթ է կրում նաև այլ համայնքներում: Այս երևույթը եղել է նաև նախորդ իշխանությունների ժամանակ:
«Մեր թիմի թեկնածուներին արդեն տեղեկացրել եմ, պատրաստ եմ նաև դա հրապարակային անել, որ ամսի 8-ին՝ լռության օրը, սկսեն բոլոր պաստառները վերացնելու գործընթացը: Իսկ մնացած քաղաքական ուժերին կարող եմ անդրադառնալ միայն այն ժամանակ, երբ իմ թիմի՝ «Իմ քայլը» դաշինքի թեկնածուների քարոզչական պաստառներն ամբողջությամբ վերացված կլինեն: Համաձայն եմ, որ աչքի համար բավականին տհաճ տեսարան է: Հասկանում եմ նաև քաղաքացիների դժգոհությունը, սակայն իրավիճակը վերահսկողությունից դուրս է եկել և միայն համայնքային միջոցներով դժվար է վերահսկել»,- ասում է Դիանա Գասպարյանը:
Քաղաքապետի խոսքերով՝ քարոզչությանը քիչ ժամանակ է մնացել, հույս ունի, որ ընտրությունների հենց հաջորդ օրվանից մաքրման աշխատանքներն ավելի մասսայական բնույթ կկրեն:
Նշենք, որ ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի համաձայն՝ hանրության համար տեսանելի քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր կարող են փակցվել միայն հատուկ այդ նպատակով առանձնացված տեղերում, վճարովի գովազդային վահանակներում, ընտրական շտաբների վրա:
Նույն հոդվածի համաձայն` ֆիզիկական անձանց համաձայնությամբ քարոզչական տպագիր և այլ նյութեր կարող են փակցվել նրանց պատկանող կամ նրանց տիրապետման ներքո գտնվող շենքերի, շինությունների (բացառությամբ՝ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող շենքերի, հանրակրթական դպրոցների, բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի, հասարակական սննդի կամ առևտրի օբյեկտների), տրանսպորտային միջոցների (բացառությամբ՝ հասարակական տրանսպորտի և տաքսու) վրա կամ դրանց ներսում: Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի վրա քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր կարող են տեղադրվել միայն ֆիզիկական անձի սեփականությունը հանդիսացող տարածքում (այդ թվում` պատշգամբներում, պատուհանների վրա և այլն) կամ արտաքին պատերին տեղադրված վճարովի գովազդային վահանակների վրա:
Արմավիրի փոխմարզպետներից Կարեն Գրիգորյանը ևս պատգամավորության թեկնածու է: Նա կամ իր կողմնակիցները պաստառները փակցրել են որտեղ պատահի՝ էլեկտրասյուների վրա, բենզալցակայաններում, խանութներում և այլն: Նմանատիպ պաստառներ ավելի շատ փակցված են Փարաքար համայնքում և Երևան-Արմավիր ավտոճանապարհի մերձակա տարածքներում: Թեկնածուն հենց Փարաքար համայնքից է, և իր համար տեսանելի են պաստառները, եթե նույնիսկ անձամբ չի փակցրել:
Մեկնաբանել