
Դատարանը Քաղառի չմարած վարկերի դիմաց ճանաչել է «Հայէկոնոմբանկի» սեփականության իրավունքը Ալավերդու պատկերասրահի շենքի նկատմամբ
«Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն 19 տարի շարունակ ամեն ինչ անում է Ալավերդու պատկերասրահն իր շենքից վտարելու եւ այն յուրացնելու համար: Այդ գործում ընկերությանն օժանդակել են Ալավերդու տարբեր տարիների քաղաքապետերը եւ դատարանները:
Կառավարության 1997թ. մարտի 14-ի N 51 որոշմամբ ազգային պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղի նախկին Կախոյան 7, ներկայում Թումանյան 44 հասցեում գտնվող շենքն այսօր էլ համայնքի սեփականությունն է: Պատկերասրահն այդ շենքից հանելու գործում բանկին աջակցել են Ալավերդու տարբեր տարիների քաղաքապետերը:
Կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանման տեղեկատվության համաձայն, Լոռու մարզի 1-ին ատյանի դատարանը 1999թ.-ի ապրիլի 23-ի որոշումով Ալավերդու պատկերասրահի շենքի սեփականության իրավունքը Քաղառի չմարված վարկային պարտքի դիմաց, որպես խանութ հանձնել է «Հայէկոնոմբանկի» Ալավերդու մասնաճյուղին: Դատարանի այս որոշման և Ալավերդու քաղաքապետ Կարեն Եսայանի 1999թ.-ի օգոստոսի 24-ի 145 որոշման համաձայն 1999թ.-ի սեպտեմբերի 29-ին պատկերասրահի շենքը՝ որպես խանութ, պետական գրանցում է ստացել «Հայէկոնոմբանկ» Թումանյանի մասնաճյուղի անվամբ:
Քաղաքապետ Կարեն Եսայանի 145 որոշումը «Հայէկոնոմբանկի» Թումանյանի մասնաճյուղին մշտական օգտագործման իրավունքով 700 քմ հողատարածք վերահատկացնելու մասին է:
«Շենքի սեփականության հիմքում դրված է մի փաստաթուղթ, որը վերաբերում է հողի վերահատկացմանը: Տվյալ դեպքում առկա է անհամապատասխանություն՝ խանութի սեփականության իրավունքի և սեփականության հիմքի միջև: Որը կարող է առաջանալ կեղծիքի արդյունքում»,- ասում է փաստաբան Ալեքսանդր Ծատինյանը:
Ալավերդու քաղաքապետ Սարիբեկ Օհանյանի 2005թ.-ի սեպտեմբերի 28-ի թիվ 271-Ա որոշման համաձայն՝ պատկերասրահի շենքը Կադաստրի կոմիտեի Լոռու մարզի ստորաբաժանման կողմից վերագրանցվել է որպես բանկ ՝ «Հայէկոնոմբանկի» Թումանյանի մասնաճյուղի անվամբ: Այդ տարիներին Սարիբեկ Օհանյանը պատկերասրահի շուրջ հանրային սուր քննարկումներին հանդես է եկել պատկերասրահի շահերը պաշտպանողի դերում: «Հայէկոնոմբանկը», անհանգստանալով պատկերասրահի հետ կապված հանրային դժգոհություններից, թույլատրել է պատկերասրահին անհատույց օգտագործել շենքի հետնամասի փոքր սրահը:
«Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի և «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի միջև 2009թ.-ի հոկտեմբերի 23-ին կնքվել է ոչ բնակելի շենքի տարածքի անհատույց օգտագործման պայմանագիր: Պայմանագրի 1.2 կետի համաձայն՝ անհատույց օգտագործման իրավունքով ազգային պատկերասրահին է հանձնվել Կախոյան 7 հասցեում գտնվող 119.2 քմ տարածք:
Քաղաքապետ Կարեն Փարեմուզյանի 2015թ.-ի դեկտեմբերի 21-ի 283-Ա որոշման համաձայն՝ Կախոյան 7 հասցեի «Հայէկոնոմբանկի» Թումանյանի մասնաճյուղի անշարժ գույքը բաժանվել է երկու միավորի, և բաժանված երկու միավորներն էլ 2016թ.-ի փետրվարի 18-ին իրավունքի պետական գրանցում են ստացել կրկին բանկի Թումանյանի մասնաճյուղի անվամբ՝ Թումանյան 44 և Թումանյան 44/1 հասցեներով:
Կարեն Փարեմուզյանին հարցրինք, թե «Հայէկոնոմբանկ»-ի մասնաճյուղի անունով պետական գրանցում ստացած նախկին Կախոյան 7 հասցեում գտնվող շենքը երկու միավորի բաժանելու մասին ինչու է Կադաստրի կոմիտեի Լոռու մարզի ստորաբաժանմանը գրությամբ դիմել, քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը պատասխանեց.
«Գրել եմ, որ պատկերասրահի զբաղեցրած տարածքն առանձնացվի, այսինքն պետական գրանցում ստանա պատկերասրահի անունով»,- պատասխանեց Կ. Փարեմուզյանը:
Վերջինս տեղյակ էր, որ կառավարության N 51 որոշմամբ՝ պատկերասրահի շենքը համայնքի սեփականությունն է: Այսուհանդերձ, «Հայէկոնոմբանկը» երկու միավորի բաժանված պատկերասրահի զբաղեցրած 44/1 հասցեով պետական գրանցում ստացած տարածքը 2016թ.-ի սեպտեմբերի 26-ին սեփականության իրավունքով գրանցել է այլ անձի՝ «Հայէկոնոմբանկի» աշխատակից Դավիթ Հարությունյանի անունով: Դավիթ Հարությունյանն այս տարի՝ փետրվարի 17-ին, ծանուցում է ուղարկել «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ին իր տարածքն ազատելու համար: Նա, տարածքից պատկերասրահին վտարելու համար, դիմել է նաև ոստիկանության Թումանյանի բաժին:
Հիշեցնենք, որ «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի հսկիչ փաթեթը պատկանում է Սուքիասյանների ընտանիքին: Նրանք վերահսկում են բանկի գրանցված և ամբողջությամբ վճարված բաժնետիրական կապիտալի 69,55 տոկոսը և համարվում են բանկի վերջնական վերահսկողը:
Բանկի Թումանյանի մասնաճյուղը նախկինում վարձակալությամբ գործել է Ալավերդու պղնձաձուլական գործարանի սանիտարական գոտում գտնվող հին շենքերից մեկում: Գործարանի տնօրինությունը 1999թ.-ին «Հայէկոնոմբանկ»-ին պահանջել է ազատել իր տարածքը: Այդ ժամանակ էլ պատկերասրահի շենքը հայտնվել է բանկի սեփականատերերի ուշադրության կենտրոնում : «Հայէկոնոմբանկ»-ի Թումանյանի մասնաճյուղի 1997թ.-ի հունվարի 30-ի հայցադիմումով Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 1997թ.-ի հունիսի 18-ի վճռով Ալավերդու Քաղառը ճանաչվել է անվճարունակ (սնանկ): Տնտեսական դատարանի դատավոր Արշակ Շահոյանի 2002թ. փետրվարի 4-ի որոշումով անվճարունակ ճանաչված Ալավերդու Քաղառը լուծարվել է: «Հայէկոնոմբանկ»-ի Ալավերդու մասնաճյուղի այդ ժամանակվա տնօրեն Արտավազդ Վարոսյանը պնդում է, որ Վանաձորի նստավայրի դատավոր Գևորգ Այվազյանի 1999թ.-ի ապրիլի 23-ի վճռով Կախոյան 7 հասցեում գտնվող շենքի սեփականության իրավունքը Քաղառի վարկային պարտքի դիմաց է տրվել «Հայէկոնոմբանկ»-ի Թումանյանի մասնաճյուղին:
«Այդ ժամանակ Կախոյան 7 շենքը չի եղել պատկերասրահի սեփականությունը, Քաղառի հաշվեկշռում հաշվառված է եղել որպես թիվ 18 կահույքի խանութ»,- ասում է Ա. Վարոսյանը: Քաղխորհրդի գործկոմի կուլտուրայի բաժնի այդ տարիների վարիչ Վալերի Պարանյանը պատմում է, որ քաղխորհրդի գործկոմը 1982թ.-ի մարտի 15-ին որոշել է Ալավերդու Կախոյան 7 հասցեի՝ կահույքի նախկին խանութի շենքը հետ վերցնել Քաղառից և տրամադրել կուլտուրայի բաժնին՝ պատկերասրահ դարձնելու համար: Վ. Պարանյանը Ալավերդիում ազգային պատկերասրահի մասնաճյուղ բացելու հարցը ներկայացրել է կուլտուրայի մինիստրի տեղակալ Մարատ Խարազյանին:
Վերջինիս հանձնարարությամբ՝ Վ. Պարանյանը քաղաքի նկարիչների հետ Ալավերդիում պատկերասրահի շենք են որոնել: Ընտրությունը կանգ է առել Ալավերդու նախկին ամառային կինոթատրոնի, այդ ժամանակ Քաղառի թիվ 18 կահույքի խանութի շենքի վրա:
«Ամառային կինոթատրոնի բաց տանիքը այնպես է կապվել, որ լուսավորությունը մինչև օրս տանիքից է ընկնում: Ցանկացած պատկերասրահի էն ժամանակվա լավագույն տարբերակը վերևից լուսավորություն ունենալն էր»,- բացատրում է Վ. Պարանյանը:
«Ես Ալավերդիում պատկերասրահ բացելու գաղափարը ողջունել և Քաղառի թիվ 18 խանութի շենքը բալանսից բալանս հանձնել եմ քաղխորհրդի գործկոմին՝ պատկերասրահ բացելու համար»,- պատմում է Քաղառի նախկին տնօրեն Հովիկ Օհանյանը:
Բնակարանային կոմունալ տնտեսության մինիստրության Կիրովականի տեխնիկական հաշվառման բյուրոյի 1986թ.-ի օգոստոսի 29-ին տրված տեխնիկական անձնագրով Կախոյան 7 հասցեում գտնվող շենքը պետական գրանցում է ստացել կուլտուրայի բաժնի անունով: Խորհրդային համակարգի փլուզման պատճառով քաղխորհուրդների լուծարումից հետո կառավարության 1997թ.-ի մարտի 14-ի N 51 որոշմամբ հաստատված Ալավերդի համայնքի սեփականություն հանդիսացող գույքի ցանկը, այդ թվում նաև պատկերասրահի Կախոյան 7 հասցեում գտնվող շենքը հանձնվել է Ալավերդու քաղաքապետարանին:
«Ալավերդու քաղաքապետերը լռել են այս որոշման մասին, այդ պատճառով է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը (նստավայրը` Վանաձոր) կայացրել 1999թ.-ի ապրիլի 23-ի ապօրինի որոշումը»,- ասում է փաստաբան Ալեքսանդր Ծատինյանը:
Ալավերդու պատկերասրահն այս պահին փակման շեմին է: Այդ մասին համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանին մայիսի 30-ին ահազանգել է պատկերասրահի տնօրեն Ռաֆայել Ջավախյանը: Պատկերասրահի շենքային խնդիրը լուծելու հարցով համայնքի ղեկավարին հունիսի 1-ի գրությամբ ահազանգել է «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Ծատուրյանը: Հոկտեմբերի 15-ի գրությամբ՝ մշակույթի նախարարի տեղակալ Տ. Գալստյանը. «Պատկերասրահի մասնաճյուղին անհատույց օգտագործման իրավունքով տարածք տրամադրելու հարցը կքննարկվի համայնքի ավագանու և համապատասխան մասնագետների հետ, որից հետո կտրվի պատասխան»,- հունիսի 19-ին Ա. Ծատուրյանին պատասխանել է Սասուն Խեչումյանը եւ դրանով, կարծես, մոռացել պատկերասրահի մասին:
Մեկնաբանել