
Նիկոլ Փաշինյան. «Քննարկման և իրականացման փուլում են 500 միլիոն դոլարի ներդրումային ծրագրեր»
Այս պահի դրությամբ տարբեր կարգավիճակներով Հայաստանում քննարկման և իրականացման փուլում են մոտավորապես 500 միլիոն դոլարի ներդրումային ծրագրեր՝ հիմնականում արտադրության ոլորտում: Այս մասին այսօր Աշտարակում ասել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ եթե ներդրողների հետ ձեռք բերված պայմանավորվածությունները իրականանան, ապա մյուս տարի Հայաստանի տնտեսական կերպարը 180 աստիճանով շրջադարձ է ապրելու:
«Այստեղ խոսքը մի քանի գործարանների կառուցման մասին է, որոնք իսկապես 180 աստիճանով պետք է փոխեն մեր երկրի տնտեսական կերպարը: Կառավարությունը իրենից կախված ամեն ինչ կանի, որպեսզի այդ ծրագրերը իրականություն դառնան»,- նշեց Փաշինյանը:
Վարչապետի պաշտոնակատարի կարծիքով՝ այս ամենի հետ մեկտեղ պետք է կերպարանափոխվի Հայաստանի գյուղատնտեսությունը: Փաշինյանը շեշտեց, որ գյուղատնտեսությունը շարունակում է մնալ Հայաստանի տնտեսության համար ստրատեգիական նշանակություն ունեցող ճյուղերից մեկը:
«Երբ որ մենք խոսում ենք գյուղատնտեսությունում նոր տեխնոլոգիաների ներդրման մասին, ամեն անգամ շատ կարևոր արձանագրում եմ անում՝ տեխնոլոգիական ներդրումները որևէ կերպ չպետք է ազդեն մեր արտադրած գյուղմթերքի էկոլոգիական մաքրության վրա: Եվ սա շատ կարևոր է, որովհետև Հայաստանի իմիջի կարևոր բաղադրիչներից մեկը պետք է լինի այն, որ Հայաստանը մի երկրի է, որտեղ արտադրվում է էկոլոգիական բարձր չափանիշներին համապատասխան սննդամթերք»,- ավելացրեց գործադիրի ղեկավարը:
Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ երկրի տնտեսական զարգացման վերաբերյալ իր գլխավորած կառավարություն ռազմավարությունը մնում է նույնը՝ աշխատանքի խրախուսումը, քանի որ երկար տարիներ, ըստ Փաշինյանի, Հայաստանում խրախուսվել է աղքատությունը:
Մեկնաբանել