
Ապրանքային նշանների վերաբերյալ համաձայնագիրը կընդունվի մինչև տարվա վերջ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովն ավարտել է ներպետական գործընթացները, որոնք անհրաժեշտ են ապրանքային և սպասարկման նշանների, ինչպես նաև՝ ապրանքների ծագման տեղանունների վերաբերյալ համաձայնագրի ստորագրման համար:
Այս մասին նոյեմբերի 14-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵՏՀ ձեռնարկատիրական գործունեության բաժնի պետ Գալիյա Ջոլդիբաևան:
Ըստ նրա՝ այս համաձայնագիրը թույլ կտա ներդնել պարզ և միաժամանակ՝ ոչ թանկ ընթացակարգեր, որոնք կապահովեն ապրանքանիշերի իրավատերերի արդյունավետ պաշտպանությունն անբարեխիղճ մրցակիցներից և կմեծացնեն ներդրումային գրավչությունը:
Նախատեսվում է, որ այս համաձայնագիրը նաև կհեշտացնի և կարագացնի ապրանքային նշանների գրանցման գործընթացը, ինչպես նաև՝ կվերացնի ստեղծվող ավելորդ վարչական խոչընդոտները:
Ձեռնարկատիրական գործունեության բաժնի պետ Գ. Ջոլդիբաևան նաև հիշեցրել է, որ այն մաքսային կոդեքսը, որն ուժի մեջ է մտել 2018թ սկզբում, նախատեսում է նաև մտավոր սեփականության օբյեկտ հանդիսացող ապրանքների միասնական մաքսային ռեեստրի ներդրում, ինչն էլ իր հերթին կապահովի դրանում ընդգրկված օբյեկտների պաշտպանությունը:
Միասնական ռեեստրը ներդրվելու է ԵՏՀ կողմից: Իրավատերերը միայն պետք է դիմում ներկայացնեն, որպեսզի ԵԱՏՄ բոլոր երկրների մաքսային մարմինների կողմից ստանան կեղծված ապրանքի ներկրման դեմ պաշտպանվածություն:
Այս ռեեստրում ընդգրկվելու ժամկետը կկազմի դիմումը ստանալուց հետո 36 աշխատանքային օր: Գործընթացն անվճար է, և որևէ լրացուցիչ մուծումների անհրաժեշտություն չի լինելու:
Միասնական մաքսային ռեեստրի ներդնումը, ըստ ԵՏՀ հայտարարության, թույլ կտա կանխել ԵԱՏՄ տարածքում կեղծված ապրանքների շրջանառութունը:
«Այս տարի մենք շեշտը կդնենք մտավոր սեփականության խախտման դեմ պայքարի նրբությունների վրա, հատկապես՝ էլեկտրոնային առևտրի առկայության պայմաններում»,-ասել է Գալիյա Ջոլդիբաևան:
Համաձայնագրի վերջնական մշակման համար նախատեսվում են անցկացնել մի շարք քննարկումներ:
Այն կընդունվի մինչև 2018թ. ավարտը:
Մեկնաբանել