
Գոռ Մինասյանը հռչակվեց աշխարհի փոխչեմպիոն
Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում ավարտվեց ծանրամարտի աշխարհի առաջնությունը, որտեղ մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս եկան գերծանր քաշային (+109 կգ) մարզիկները: Հայաստանը ներկայացնող Գոռ Մինասյանը հռչակվեց աշխարհի փոխչեմպիոն, իսկ չեմպիոնի կոչումը այս քաշային կարգում նվաճեց վրացի ծանրորդ, օլիմպիական չեմպիոն, ռեկորդակիր Լաշա Տալախաձեն:
Պոկում վարժությունում Գոռ Մինասյանը առաջին փորձից բարձրացրեց 200 կիլոգրամանոց ծանրաձողը, երկրորդ մոտեցմամբ նա գլխավերևում պահեց 205 կգ՝ ապահովելով պոկում վարժությունում արծաթե մեդալը: Հայ ծանրորդը երրորդ մոտեցման համար պատվիրել էր 211 կգ, սակայն չկարողացավ բարձրացնել: Այս վարժությունում առաջատարը Լաշա Տալախաձեն էր՝ 217 կգ արդյունքով, իսկ երրորդը՝ մեկ այլ վրացի ծանրորդ Իրակլի Տուրմանիձեն՝ 203 կգ արդյունքով:
Հրում վարժությունում Գոռ Մինասյանը առաջին մոտեցման համար պատվիրել էր 240 կգ, որը հեշտությամբ բարձրացրեց: Երկրորդ մոտեցմամբ 24-ամյա հայ մարզիկը փոքր-ինչ դժվարությամբ կարողացավ գլխավերևում պահել նաև 245 կիլոգրամանոց ծանրաձողը: Երրորդ մոտեցմանը Գոռ Մինասյանը չկարողացավ բարձրացնել 250 կիլոգրամանոց ծանրաձողը, սակայն եղած արդյունքն էլ բավարար էր հրում վարժությունում փոքր արծաթ նվաճելու համար: Առաջինը կրկին Լաշա Տալախաձեն էր (257 կգ), երրորդը` Ուզբեկստանը ներկայացնող Ռուստամ Ջանգաբաևը (245 կգ):
Երկամարտի 450 կգ արդյունքով Գոռ Մինասյանը հռչակվեց աշխարհի փոխչեմպիոն, իր կարիերայում երրորդ անգամ աշխարհի չեմպիոն հռչակվեց Լաշա Տալախաձեն՝ 474 կգ արդյունքով, իսկ երկամարտի բրոնզին արժանացավ Ռուստամ Ջանգաբաևը (447 կգ):
Գոռ Մինասյանը առաջին անգամ դարձավ աշխարհի փոխչեմպիոն, 2015թ. առաջնությանը նա բրոնզ էր նվաճել: 24-ամյա Գոռը նաև Ռիոյի Օլիմպիական խաղերի (2016թ.) և Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն է (2016թ., 2017թ.):
Հիշեցնենք, որ նախօրեին աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել էր 109 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը՝ սահմանելով հրում վարժության և երկամարտի աշխարհի ռեկորդ: Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից միայն Գոռ Մինասյանն ու Սիմոն Մարտիրոսյանը կարողացան երկամարտի արդյունքով մրցանակային տեղ գրավել: Մեկ փոքր արծաթ էլ հրում վարժությունում նվաճել էր 89 կգ քաշային Հակոբ Մկրտչյանը:
Թիմային հաշվարկում՝ ծանրամարտի Հայաստանի հավաքականը զբաղեցրեց 8-րդ տեղը՝ 2 ոսկե և 5 արծաթե մեդալներով: Առաջատարը Չինաստանն է 20 ոսկե, 23 արծաթե և 10 բրոնզե մեդալներով:
Մեկնաբանել