
Ազատամարտիկների պարտքը` պատմել ազատամարտի մասին
«Արաբո» ջոկատի ազատամարտիկ, վավերագիր-օպերատոր Ռուբեն Հովհաննիսյանը Արցախյան պատերազմին մասնակցում էր ոչ միայն զենքով, այլև տեսախցիկով. մարտերից մեկի ժամանակ էլ մոռանում է, որ ձեռքին տեսախցիկն է և փորձում է կրակել: Միացնում-անջատում է նկարահանման կոճակը, և իրեն թվում է, թե կրակում է. արդյունքում` ոչ նկարահանում է, ոչ կրակում: Թեև Ռուբեն Հովհաննիսյանի պատմությունը շարժեց այսօրվա ասուլիսին ներկա գրեթե բոլոր լրագրողների ծիծաղը, բայց դրա հիմքում ազատամարտիկի` թշնամու կրակոցներից առաջացրած սարսափն էր:
Ռուբեն Հովհաննիսյանի տխրեցնող հիշողությունների շարքը լրացնելու է գալիս նաև այն օրը, երբ անհետացան Արաբո ջոկատի 79 մարտիկները: Անհետացած զինվորներին Ռուբենը գտնում էր միայն երազում. արդյունքում ֆիլմ նկարահանեց նրանց մասին` «Թռիչք անդունդի վրայով»:
Ասուլիսին ներկա մյուս երկու բանախոսներն էին վավերագիր-օպերատոր Հակոբ Պողոսյանն ու ազատամարտիկ-գրող Հովիկ Վարդումյանը: Հակոբ Պողոսյանն ասում է, որ, ի տարբերություն Ռուբեն Հովհաննիսյանի, ինքը միայն տեսախցիկով և լուսանկարչական ապարատով է մասնակցել Արցախյան ազատամարտին:
Միայն մեկ դեպք է հիշում, երբ մի կողմ դրեց տեսախցիկը և վտանգավոր մարտերից մեկի ժամանակ փորձեց օգնել ընկերներին, բայց այսօր ափսոսում է, որ այդ մարտից ոչ մի վիդեոկադր և լուսանկար չունի: Հակոբ Պողոսյանի մարտընկերներից շատերն այսօր կենդանի չեն, բայց նրանց հիշում են իրենց ընկերոջ նկարահանած բազմաթիվ տեսանյութերի շնորհիվ:
Հովիկ Վարդումյանը ոչ տեսախցիկ ուներ, ոչ լուսանկարչական ապարատ: Փոխարենը կռվում էր, և մարտի ամեն դրվագը տպավորվում էր նրա մեջ` հետագայում գիրք դառնալու նպատակով: Թեև ազատամարտիկն այսօր արդեն մի քանի գիրք է հրատարակել, բայց դրանցից ոչ մեկը չի գրել մարտերի ժամանակ. հիշողությունները թղթին է հանձնել հրադադարից հետո: Հ. Վարդումյանը կարծում է, որ պատերազմն ամփոփող իր «Կանթեղ» վեպը պետք է տարածվի բոլոր դպրոցներում և զորամասերում: Այս գիրքը, նրա կարծիքով, կարող է իրականացնել բանակի վարկանիշը բարձրացնելու պետական նպատակը, ինչին ցանկանում են հասնել հեռուստաընկերությունները, բայց անհաջող. «Օրինակ` մի անգամ հեռուստաընկերություններից մեկը մի հարցում էր անցկացրել երիտասարդ տղաների շրջանում` ուզո՞ւմ են գնալ բանակ, թե՞ ոչ: Մի երիտասարդ պատասխանեց. «Ոտքերս կկտրեմ, բայց չեմ ծառայի իրենց համար»: «Իրենք»` ովքե՞ր են: Սխալ է նման խոսքը եթեր հեռարձակելը: Հիմա էլ մի նոր սերիալ է նկարահանվում` «Գեներալի աղջիկը»: Գլխավոր հերոսը, որ գեներալ է, հիշում է, թե ինչպես է ինքը մարտի դաշտում զենքը թողել և մի կերպ փախել թշնամուց, բայց նման բան ցույց տալ չի կարելի: Զինվորը միայն զոհվելու դեպքում կարող է զենքը ձեռքից բաց թողնել»:
Ազատամարտիկը գիրք է հրատարակել նաև պատերազմին մասնակցած կանանց մասին և հիշում է, որ նրանք «սովորական» կանայք չէին: Խտացած զայրույթը կնոջ մեջ պատերազմի դաշտում առաջացրել է նույնիսկ թշնամու մահացած զինվորի ականջները կտրելու ցանկություն: «Բնավորությամբ կոշտ էին, կոպիտ… Տղամարդկանցից շատերը նրանց անվանում էին տղամարդ կին, նրանք էլ երբեմն նեղանում էին: Հիշում եմ` մի անգամ դիրքերում զինվորները չէին առաջանում, մեկ էլ կանանցից մեկը վեր կացավ, ասաց, թե ով տղամարդ է, թող իր հետևից գա. բոլոր զինվորները ամոթից հետևեցին նրան»,- ասաց Հ. Վարդումյանը: Ազատամարտիկ կանանց մասին գիրքը կոչվում է «Աստվածների կանչը»: Հերոսուհիների թվում են բուժքույրեր, նշանառուներ, նույնիսկ հրամանատարներ:
Եթե նորից պատերազմ սկսվի, «մենք հիանալի երիտասարդներ ունենք»` կարծում է Հովիկ Վարդումյանը: Հակոբ Պողոսյանն էլ ավելացնում է, որ եթե իրենց ժամանակ զինվորները անփորձ էին զինտեխնիկան կիրառելու հարցում, ապա այսօրվա բանակում ծառայող երիտասարդները «ավելի պրոֆեսիոնալ են իրենց գործում»: Ինչ վերաբերում է նրանց մարտական տրամադրվածությանը, Հակոբ Պողոսյանը կարծում է, որ, անկախ ամեն ինչից, երբ հագնում ես զինվորի համազգեստը, «մի տեսակ ձգվածության զգացողություն ես ունենում»: «Օրինակ` երբ սովորական հագուստով ես, երթևեկության կանոնների խախտում գուցե անես, բայց զինվորի համազգեստը պարտավորեցնում է, չի թողնում: Գոտին ձգելիս հպարտության զգացողություն ես ունենում»:
Ռուբեն Հովհաննիսյանը մի առաջարկ ունի. ազատամարտիկները պարբերաբար պետք է այցելեն Հայոց բանակի տարբեր զորամասեր և զինվորներին պատմեն իրենց հիշողություների մասին. դա ոգևորող է, բացի այդ` պատերազմում ձեռք բերված մեր փորձը պատմելու արժանի է:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել