
Շանթ Հարությունյանն ազատ արձակվեց «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից
«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը քիչ առաջ համաներմամբ ազատ արձակվեց «Վարդաշեն» ՔԿՀ-ից: Այս մասին «Հետք»-ին հայտնեցին Քրեակատարողական ծառայությունից:
Նշենք, որ Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800 և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության 100-ամյակի առթիվ հայտարարված համաներումը տարածվում է Հարությունյանի վրա:
Համաներում հայտարարելու մասին օրենքն ուժի մեջ է մտել այսօրվանից, և քրեակատարողական ծառայության փոխանցմամբ` քրեակատարողական հիմնարկներում համաներմամբ դատապարտյալներին ազատելու գործընթացը սկսվել է:
Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանը դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման 2013 թվականի Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած բախումներից հետո: Նա մեղավոր է ճանաչվել խուլիգանություն կատարելու մեջ, արդեն կրել է պատժի 5 տարին: Հարությունյանը հրաժարվել է պայմանական վաղաժամկետ ազատ արձակվել ու պնդում է, որ ինքն ու ընկերները պետք է արդարացվեն:
6 տարվա ազատազրկման դատապարտված Շանթը կտրականապես հրաժարվում էր դուրս գալ կալանավայրից, բաց ռեժիմով կրել պատիժը՝ պահանջելով արդարացում:
Շանթն ու մոտ մեկ տասնյակ ընկերները 2014 թվականին դատապարտվեցին 1-ից յոթ տարվա ազատազրկման՝ քաղաքական հնչեղության գործերով հայտնի Մնացական Մարտիրոսյանի կողմից:
Մեկնաբանել