
«Ելք» խմբակցությունը վարչապետի պաշտոնում առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը
ԱԺ «Ելք» խմբակցությունը վարչապետի պաշտոնում առաջադրել է վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Այս մասին խորհրդարանում հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը:
Նազարյանի խոսքով՝ առաջադրումը ֆորմալ բնույթ է կրում, անհրաժեշտ է ապահովել Սահմանադրությամբ նախատեսված իրավական կարգավորումները: Պատգամավորը կոչ արեց գործընկերներին դեմ քվեարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը՝ չխոչընդոտելով խորհրդարանի լուծարմանը:
Ելք խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը կմասնակցի հատուկ նիստին՝ պահպանելով սահմանադրությամբ նախատեսված բոլոր ընթացակարգերը:
Տեղեկացնենք, որ վարչապետի թեկնածուների առաջադրման ժամկետը լրանում է այսօր 18.00-ին: ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից մեզ փոխանցեցին, որ այս պահին առաջադրված է միայն Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը:
Ըստ Սահմանադրության՝ եթե վարչապետ չի ընտրվում, ապա ընտրությունից մեկ շաբաթ անց անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե այդ դեպքում էլ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով: Ըստ ԱԺ կանոնակարգ Սահմանադրական օրենքի՝ թեկնածուներին ներկայացնելու համար հատկացվում է մինչև 15-ական րոպե, թեկնածուների ելույթների համար՝ մինչև մեկ ժամ, թեկնածուների եզրափակիչ ելույթների համար՝ մինչև երեսնական րոպե։ Ելույթից հետո թեկնածուին ներկայացնող անձին և թեկնածուին կարող են հարցեր տալ, ելույթներից հետո կարող է լինել մտքերի փոխանակություն, այսինքն ելույթներով հանդես գան պատգամավորները։
Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնում ընտրվել է մայիսի ութին՝ 59 կողմ, 42 դեմ ձայների հարաբերակցությամբ։
Վարչապետ Փաշինյանը հրաժարական է ներկայացրել հոկտեմբերի 16-ին՝ խորհրդարանի լուծարման և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու նպատակով: Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ կառավարության անդամները շարունակում են կատարել Սահմանադրությամբ ընձեռված ժամանակավոր պաշտոնակատարի լիազորությունները:
Մեկնաբանել