
Հայաստանում արդյունաբերական արտադրանքի ծավալը 12.6 %-ով աճել է
Եվրասիական տնտեսական միության երկրներում արդյունաբերական արտադրանքի ծավալները 2017թ. աճել են 2.7 %-ով: Այս մասին նշված է Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում:
ԵԱՏՄ երկրներից արդյունաբերական աճ գրանցած առաջատար երկիրը Հայաստանն է ՝ 12.6 %:
Հայաստանին հաջորդում է Ղրղզստանը՝ 11.5 %, ապա ՝ Ղազախստանը՝ 7.1 %, և Բելառուսը՝ 6.1 %:
Ամենաքիչ աճը գրանցվել է Ռուսաստանում՝ ընդամենը 2.1 %:
Այս տվյալները ներկայացված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից վերջերս հրապարակված «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների տարեկան մոնիթորինգի և իրացման վերլուծությունների արդյունքների վերաբերյալ» զեկույցում:
Ըստ այդ հրապարակման՝ նախորդ տարվա ձեռքբերումներից են «արդյունաբերական արտադրության աճի դրական տեմպերը», «աշխատանքի արտադրողականության», «կոոպերատիվ մատակարարումների ծավալների և փոխադարձ առևտրի», ինչպես նաև ԵԱՏՄ շուկայում «եվրասիական ապրանքների» բաժինը:
Զեկույցի համաձայն՝ արդյունաբերական աճի դրական տեմպեր գրանցվել են ոչ միայն Եվրասիական տնտեսական միության բոլոր երկրներում, այլև արդյունաբերական գրեթե բոլոր ճյուղերում՝ առանձին-առանձին:
Ամենաշատ աճը գրանցել է դեղագործության, ապա՝ տրանսպորտային միջոցների, սարքավորումների ու ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտադրության ոլորտում:
Ամենաքիչը՝ փայտամշակման, տեքստիլ և քիմիական արդյունաբերության ոլորտներում:
Զեկույցում նշվում է, որ նմանատիպ աճի կարևորագույն և ազդեցիկ գործոններից են ինտեգրացիոն գործընթացները, մասնավորապես՝ անդամ պետությունների միջև արդյունաբերական համագործակցությունը, ինչի շնորհիվ 2017թ. կոոպերացիոն մատակարարման աճը ԵԱՏՄ-ում առաջ է անցել արդյունաբերական արտադրանքի տեմպերից:
Բացի դրանից, արտաքին առևտրում ավելացել է միության երկրներից դեպի երրորդ երկրներ արտահանվող ապրանքների թիվը:
Վերամշակման արդյունաբերությունում, օրինակ, կոոպերացիոն մատակարարումը ԵԱՏՄ անդամ երկրների միջև աճել է 30 %-ով, այն դեպքում, երբ արդյունաբերական արտադրությունը աճել է ընդամենը 2,9 %-ով: Երրորդ երկրներից բաղադրիչ մասերի ներկրումն աճել է 21,6 %-ով:
Կոոպերացիոն մատակարարման աճի ամենաբարձր ցուցանիշներ ունեցող ոլորտները ԵԱՏՄ պետությունների կողմից սահմանվելու են որպես առաջնային, որպեսզի դրանց վրա հետագայում մեծ ուշադրություն դարձվի: Այս ուղղությամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում արդեն աշխատանքներ են սկսվել:
Առաջատար ոլորտներից են, մասնավորապես՝ մեքենաշինությունը, մետաղագործությունը, հագուստի արտադրությունը, մետաղական իրերի պատրաստումը, կահույքի արտադրությունը, մեքենաների և սարքավորումների արտադրանքը:
Արդյունաբերական արտադրանքի ծավալների նման աճը և կոոպերացիաների զարգացումը, ըստ ԵՏՀ-ի, թույլ կտան էլ ավելի մեծացնել արտադրանքների արտահանման տեմպերը, ինչպես ԵԱՏՄ-ում, այնպես էլ՝ միությունից դուրս՝ բարելավելով փոխադարձ առևտուրը նաև երրորդ երկրների հետ:
Մեկնաբանել