
Տաշիրի խոշորացումից շահել են փոքր գյուղական բնակավայրերը
Վերջին տարիների գորշությունը թոթափած Տաշիր քաղաքի «հմայիչ» կերպարանափոխությունն ընդամենը մեկ տարվա կենսագրություն ունի: Կենտրոնական այգին, նորակառույց շինությունները, քաղաքի անձնագիրը համարվող փողոցում գտնվող մասնավոր տների միանման ցանկապատերը, խնամված գազոնները, աչքի զարնող մաքրությունը մի պահ հետին պլան են մղում բնակավայրում առկա լուծման կարոտ որոշ խնդիրներ: «Շատ չեն այդ պրոբլեմները, բայց կան, հատկապես խոշորացումից հետո»,- խոստովանում է խոշորացված Տաշիր համայնքի ղեկավար Էդգար Արշակյանը:
Լոռու մարզի Տաշիրի՝ նախկին Կալինինոյի տարածաշրջանը խորհրդային տարիներին գործող սկզբունքով (որպես շրջկենտրոն-հեղ.) վերականգնելու կառավարության մտադրությունը չհաջողեց միմիայն գյուղական համայնքների ղեկավարների ընդդիմության պատճառով: «Ես մշտապես դեմ եմ եղել խոշորացման ծրագրին,-ասում է Տաշիր խոշորացված համայնքի կազմում ընդգրկված Կաթնառատի նախկին գյուղապետ, ներկայում վարչական ղեկավար Ռուբիկ Ղազարյանը,-խոշորացվող համայնքների համայնքապետերի հետ մի քանի հանդիպում են ունեցել թե մարզպետարանի, թե տարածքային նախարարության ներկայացուցիչները: Երկու մոդել էին առաջարկում, ու դրանք վերաբերում էին միայն խոշորացմանը՝ բացարձակ խոսք չկար ծրագիրը չեղարկելու մասին: Մեզ ասին` մեկ է՝ խոշորացնելու ենք, եթե չեք ուզում նախկին շրջկենտրոնի մոդելով, ուրեմն գյուղապետերով համաձայնության եկեք, թե ով ում է ուզում միանալ»:
Կաթնառատի վարչական ղեկավարի կարծիքով` գյուղական համայնքները քաղաքին միացնելը ճիշտ որոշում չէր՝ պետք էր փունջը ձեւավորել գյուղական համայնքներից: Զրուցակցիս համոզմամբ, նույնատիպ խնդիրները միավորում են համայնքներին՝ գյուղերն այլ հոգսեր ունեն, զարգացման այլ ծրագրեր են պետք, քաղաքն իր հոգսերն ունի, ներդրումային այլ քաղաքականություն է վարում: Կաթնառատ գյուղն ունի 942 բնակիչ, հիմնականում զբաղվում են անասնապահությամբ: Նախկինում համայնքի բյուջեն կազմել է 22 մլն դրամ, որից 16 մլն-ը պետական դոտացիան էր: Սեփական ուժերով կարողացել են իրականացնել միայն փոքր ծրագրեր: Համայնքի խոշորացումից հետո անցած 11 ամիսների ընթացքում դեռեւս որեւէ էական նշանակության ծրագիր համայնքում չի իրականացվել: Կաթնառատցիները երազում են բարեկարգված տեսնել Տաշիր-Բլագոդարնոյե-Կաթնառատ 16 կմ միջպետական ճանապարհը:
Տաշիր կենտրոնով փնջի խոշորացման մոդելը, որ ի սկզբանե առաջարկվել էր (Տաշիրին պետք է միանար 19 գյուղ եւ 4 բնակավայր-հեղ.), քննարկումների արդյունքում մերժվեց համայնքապետերի կողմից եւ 2017թ. նոյեմբերին ձեւավորվեցին երեք՝ Տաշիր, Մեծավան եւ Սարչապետ փնջերը նույնանուն կենտրոններով: Տաշիր խոշորացված համայնքի կազմում ընդգրկվեց 8 գյուղ եւ 3 բնակավայր՝ Կաթնառատ, Բլագոդարնոյե, Մեղվահովիտ (Նորահովիտ բնակավայրով), Մեդովկա (Կռուգլայա շիշկա բնակավայրով), Նովոսելցովո, Սարատովկա (Գետավան բնակավայրով):
Բլագոդարնոյե գյուղի վարչական ղեկավար Աշոտ Ավետիսյանը գոհ է խոշորացումից: Նրա համոզմամբ, այս ծրագրից հիմնականում շահել են փոքր բյուջե ու հնարավորություններ ունեցող համայնքները: Աշոտ Ավետիսյանը Բլագոդարնոյե գյուղը ղեկավարել է 2014-ից: «Փոքր գյուղ է Բլագոդարնոյեն՝ ընդամենը 63 տնտեսություն (281 բնակիչ) ունի: Բյուջեն եղել է 8 մլն դրամ, որից 3,5 մլն դրամը պետական դոտացիան էր: Բյուջեի հիմնական մասը ծախսվում էր աշխատավարձի եւ սոցիալական օգնությունների վրա, շատ քիչ գումար էր մնում որեւէ ծրագիր սեփական ուժերով իրականացնելու համար»,-ասում է Աշոտ Ավետիսյանը՝ շեշտելով, որ խոշորացումից անմիջապես հետո առաջին մեծ ծրագիրը՝ խմելու ջրի անցկացումը, հենց իրենց գյուղում է իրականացվելու:
«Հետք»-ն անդրադարձել է Բլագոդարնոյե գյուղի խմելու ջրի ցանցի բացակայությանն ու բնակիչների դժգոհությանը: Տարիներ շարունակ բարձրաձայնված հարցի լուծումը տրվել է ընդամենը վերջերս` Տաշիր համայնքի խոշորացումից 10 ամիս անց:
«Համայնքների միավորումից հետո հարկ եղավ դասակարգել գյուղերի պրոբլեմները, որոնք որ առավել կարեւոր էին՝ մղվեցին առաջին պլան,-ասում է Տաշիր համայնքի ղեկավար Էդգար Արշակյանը,-խոշոր ծրագրերի առումով սկսել ենք Բլագոդարնոյե գյուղից, որը երբեք խմելու ջրի նորմալ ցանց չի ունեցել: Կենցաղի համար օգտագործվող ջուրը վերցրել են գետից, խմելու ջուրը տարաներով բերել են Տաշիրից: Սա գլոբալ հարց էր, որ պետք է անմիջապես լուծում ստանար: Մենք դիմեցինք կառավարությանը, մարզային իշխանություններին եւ հրատապ ծրագրերի շրջանակում արդեն 20 մլն դրամ են հատկացրել, հիմա նախագծանախահաշվային փաստաթղթերն են կազմվում, որից հետո կլինի մրցույթ: Եթե գումարը չհերիքի, ապա համայնքը պատրաստ է բյուջեից հատկացումներ կատարել: Մինչեւ տարեվերջ հարցը կլուծվի՝ 6-7 կմ խողովակաշար կքաշվի, կարգավորիչ ջրամբար եւ քլորակայան կկառուցվի»:
Տաշիր խոշորացված համայնքի բյուջեն 330 մլն դրամ է, որի 60 տոկոսը ծախսվում է համայնքապետարանի ու համայնքային ենթակայության կառույցներում աշխատողների (ընդհանուր` 180 աշխատակից, քաղաքապետարանի աշխատակազմը` 30 հոգի-հեղ.) աշխատավարձի վրա: Համայնքի ղեկավարը շեշտում է, որ 11 հազար բնակիչ ունեցող Տաշիր քաղաքում 3 մանկապարտեզ են պահում, ունեն արվեստի ու սպորտդպրոցներ: Խոշորացումից հետո համայնքային ենթակայության մանկապարտեզների թիվն ավելացել է մեկով: 8 գյուղից ամենամեծում՝ Լեռնահովիտում, որն ունի 1700 բնակիչ, մանկապարտեզ է գործում:
Տաշիր համայնքի ավագանու անդամ Էդուարդ Սողոյանը համայնքի անցած մեկ տարվա աշխատանքը գնահատելիս չի մոռանում բարեգործական «Տաշիր» հիմնադրամի կատարած աշխատանքները Տաշիր քաղաքում, որի արդյունքում որոշակիորեն թեթեւացել է իրենց հոգսը: «Բոլորս էլ հասկանում ենք, որ միացված գյուղերն ունեն բազմաթիվ պրոբլեմներ՝ համեմատած Տաշիրի հետ: Բնականաբար, աշխատում ենք բյուջեի գումարներն էլ ուղղել հենց գյուղերին»:
Անցած 11 ամիսների ընթացքում Տաշիրի ավագանու 3 արտագնա նիստ է գումարվել համայնքին միացված գյուղական բնակավայրերում: Էդուարդ Սողոյանի փոխանցմամբ, դա հնարավորություն է ընձեռում ավելի լավ ճանաչել տվյալ բնակավայրը, տեղում հանդիպել բնակիչներին ու լսել խնդիրների մասին: Ի դեպ, Տաշիրի ավագանու նիստերը նաեւ հեռարձակվում են յութուբյան ալիքով: Համայնքապետարանի առաջին հարկում տեղադրված էկրանի միջոցով բնակիչները կարող են հետեւել նիստի ընթացքին, իսկ նիստից հետո իրենց անհանգստացնող խնդիրներով դիմել ավագանու անդամներին:
Ավագանու 15 անդամներից 4-ն ընտրվել են գյուղական բնակավայրերից: Էդգար Արշակյանն ասում է, որ բոլոր նրանք, ովքեր առաջադրել են իրենց թեկնածությունը ոչ Տաշիրից՝ ընտրվել են: Ավագանու երկու կին անդամ կա, նրանցից մեկը՝ Հայկանուշ Ռեւազյանը, Կաթնառատ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենն է: Առաջին անգամ է ընտրվել ավագանու անդամ:
«Ես ինքս դեմ էի խոշորացման ծրագրին, բայց որ գործընթացը սկսվել էր, պետք էր գոնե այնպես անել, որ խնդիրները տեղ հասցնող ունենայինք,-անկեղծանում է տիկին Ռեւազյանը,-ինձ գյուղում առաջարկեցին առաջադրվել ավագանու թեկնածու, եւ հիմա, երբ ընտրվել եմ, հասկանում եմ, որ վարչական աշխատողը չպետք է զուգահեռ նման պատասխանատու գործով զբաղվի, թեկուզ եւ հասարակական: Ավագանու անդամի գործը շատ պատասխանատու է: Պիտի լավ տիրապետես համայնքներում առկա պրոբլեմներին, որ ներկայացվող ծրագրերի հետ կապված էլ ճիշտ դիրքորոշում ունենաս: Ժամանակ պիտի տրամադրես բոլոր բնակավայրերն ուսումնասիրելու համար»:
Հայկանուշ Ռեւազյանը հույս ունի, որ գոնե խոշորացումից հետո կլուծվի Կաթնառատում դպրոցի շենքի կառուցման հարցը եւ կհիմնանորոգվի Տաշիր-Կաթնառատ 16 կմ անբարեկարգ ճանապարհը: Տաշիրի ղեկավար Էդգար Արշակյանը բնական է համարում գյուղերից յուրաքանչյուրի սպասումները ծրագրերի իրականացման առաջնահերթության առնչությամբ, սակայն չեն կարող միաժամանակ բոլոր բնակավայրերում մեծածավալ աշխատանքներ սկսել:
Նա թվարկում է խոշորացումից հետո բնակավայրերում իրականացրած, ընթացիկ եւ առաջիկա ծրագրերը: Տաշիրը Կաթնառատին, Բլագոդարնոյեին եւ Մեղվահովտին կապող 16 կմ անբարեկարգ ճանապարհի հիմնանորոգման վերաբերյալ նշում է, որ 10 կմ-ը միջպետական նշանակության ճանապարհ է եւ համայնքային բյուջեից հարթեցումների համար գումարներ տրամադրելով հարցը չի լուծվի, կառավարության աջակցությունն է անհրաժեշտ: Փնջում ընդգրկված գյուղական բնակավայրերի մի մասը, որ ընդհանրապես զուրկ են եղել գիշերային լուսավորության ցանցից, օրինակ` Նովոսելցովոն եւ Դաշտադեմը, այժմ զինված են լուսատուների բավարար քանակով: Այն բնակավայրերում, որտեղ թերի է արված, լրացրել են՝ նոր հենասյուներ ու լուսավորության կետեր ավելացնելով:
Դաշտադեմում անձրեւառատ տարիներին սարերից եկող սելավը լցվում է գյուղի փողոցները: Մտածում են որեւէ կերպ կարգավորել այս խնդիրը` հավելյալ սելավատարներ կառուցելով: Լեռնահովտում ջրի մատակարարման պրոբլեմ ունեն: Լեռնահովիտցիները ջուրը ստանում են պոմպի միջոցով: Էլեկտրաէներգիայի համար ամեն ամիս բյուջեից մոտ 400 հազար դրամ են հատկացնում: Համայնքի զարգացման հնգամյա ծրագրում ներառել են այս խնդիրը, որպեսզի ապագայում լուծեն ինքնահոս ջրամատակարարման հարցը: Սարատովկա գյուղի արոտներում խմոցներ են տեղադրել անասունի համար, լուծել են գյուղի լուսավորության հարցը, մաքրել լճերը սնուցող ուղիները:
Բնակավայրերից Կռուգլայա շիշկա մտնող գլխավոր ճանապարհը`մոտ 600 գծամետր, ունի հիմնանորոգման կարիք: Մեղվահովիտ գյուղի կազմում ընդգրկված Նորամուտ բնակավայրում 4 ընտանիք է ապրում եւ խմելու ջրի խնդիր ունեն: «Մի քանի հարյուր մետր խողովակի հարց է, պետք է լուծենք, որ մարդիկ ջուր ունենան»,-ասում է Էդգար Արշակյանը:
Տաշիր քաղաքը 2016թ. արժանացել է «Մաքուր համայնք» տիտղոսին: «Կարելի է ասել` մեզ մոտ իդեալականին մոտ մաքրություն է: Նախ` ժամանակին աղբը տարվում է, հետո էլ մարդիկ աղբը փողոց չեն նետում: Իսկ ամեն ինչ սկսվեց նրանից, որ մի վարորդի քաղաքապետը տուգանեց թղթե արկղը փողոց շպրտելու համար»,-ասում է ավագանու անդամ Էդուարդ Սողոյանը: «Հենց հիմա 100 հազար դրամի տուգանք կա, որ գնալու է ԴԱՀԿ, աղտոտելու համար վարչական պատասխանատվության ենք ենթարկել անձին»,-նկատում է համայնքի ղեկավարը:
Խոշորացումից հետո աղբահանություն կազմակերպվում է նաեւ գյուղական համայնքներում, ինչը նախկինում չի եղել: Աղբատար մեքենան շաբաթը երկու անգամ լինում է բնակավայրերում: Առայժմ շրջիկ տարբերակից են օգտվում, մինչեւ կարողանան գյուղերում եւս աղբամաններ տեղադրել: «Տարածքային զարգացման հիմնադրամին ծրագիր ենք ներկայացրել 4 միավոր տեխնիկայի, այդ թվում նաեւ մեկ աղբատար մեքենայի ու 40 աղբաման ձեռք բերելու համար,-ասում է Էդգար Արշակյանը,-աղբամանները տեղադրելու ենք գյուղերում, որ մեքենան էլ չշրջի թաղերով, կոնկրետ մեկ-երկու տեղ կլինի, էդտեղից կտանի աղբը»:
Խնդիրների մասին խոսելիս Տաշիր խոշորացված համայնքի ղեկավարը նշում է մոտ 200 մլն դրամ ապառքի մասին, որ «ժառանգություն» է ստացել գյուղերում տարիներով կուտակված հողի չվճարված հարկ ու տուրքից: Այս խնդրին եւս «Հետքն» անդրադարձել է: Էդգար Արշակյանն ասում է, որ ներկայում կարողացել են մոտ 73 հողակտորի պատկանելության հարցը լուծել: «Եթե գոնե առաջիկայում կարողանանք ապառքի կեսն էլ հավաքել, բավական գումար կլինի, ու ինչ որ հարց կլուծենք գյուղերում»,-նկատում է զրուցակիցս:
Խոսելով համայնքների խոշորացման դրական ու բացասական կողմերից` Տաշիրի ղեկավաը խոստովանում է, որ ինքը դեմ է եղել՝ հաշվի առնելով այն բեռը, որ ավելանալու է գյուղերի միացման դեպքում: «Խոշորացման սկզբունքը ճիշտ է, երբ միավորման նպատակը թույլ համայնքների զարգացումն է: Բայց եթե միավորվում են համայնքներ, որոնց կենտրոնում բացակայում են ենթակառուցվածքներն ու իրենք էլի գալիս են Տաշիր, որովհետեւ իրենց կենտրոնը զուրկ է դրանից, էլ ո՞րն էր խոշորացման իմաստը: Իսկ կոնկրետ մեր պարագայում ես դեմ էի, որովհետեւ գիտեի, թե ինչ ծանրաբեռնվածություն է սպասվում. խնդիրներն ավելանալու էին, գումարները՝ ոչ»:
Խոշորացումից հետո գյուղերում հաստիքների կրճատումներ եղան, սակայն ներկայում մոտ 16 հազար բնակչի սպասարկելու համար քաղաքապետարանում հավելյալ հաստիքների կարիք կա՝ ունեն թափուր աշխատատեղեր, որ չեն կարողանում լրացնել: Համայնքապետարանի ճարտարագիտության, քաղաքաշինության, գյուղատնտեսության եւ հողօգտագործման բաժինն ամենածանրաբեռնվածն է, ունի 5 աշխատակից, եւս երկու աշխատակցի կարիք կա, սակայն արդեն մեկ տարի է չեն կարողանում թափուր տեղերը լրացնել: Համայնքի ղեկավարի փոխանցմամբ, առաջատար մասնագետի 50 հազար դրամ աշխատավարձը հրապուրիչ չէ: Համայնքապետարանը չունի նաեւ իրավաբան:
Հավելյալ խնդիրների ցանկում է անասնաբույժների աշխատավարձի հարցը, որ անցած տարի բյուջեում չէր ներառվել: Տաշիրի համայնքապետարանի ճարտարագիտության, քաղաքաշինության, գյուղատնտեսության եւ հողօգտագործման բաժնի պետ Սլավիկ Անախասյանն ասում է, որ բյուջեն կազմել-հաստատելուց հետո է պրոբլեմն առաջացել: «Մենք պետք է 6 անասնաբույժի ընդունենք աշխատանքի, որ այս պահին չենք կարող: Բյուջեն ու հաստիքացուցակն անցած տարի հաստատելիս մենք դեռ չգիտեինք, որ պիտի անասնաբույժներին էլ վերցնենք աշխատանքի: Հիմա էս եկող տարվա բյուջեն կազմելիս պիտի փորձենք հարցը լուծել»,-ասում է Սլավիկ Անախասյանը:
Այս տարի Տաշիրում համանուն բարեգործական հիմնադրամի միջոցներով ընթացող աշխատանքներին զուգահեռ (նորացվում է քաղաքի գիշերային լուսավորության ցանցը) համայնքապետարանը փորձում է որոշ ծրագրեր իրականացնել սեփական միջոցների հաշվին՝ կառավարության համաֆինանսավորմամբ: Էդգար Արշակյանի փոխանցմամբ, բազմաբնակարանների տանիքների նորոգման համար 21 մլն դրամի սոցիալական ծրագիր են ներկայացրել կառավարությանը, որի 60 տոկոսը ներդրվելու է համայնքային բյուջեից:
«Եվ, իհարկե, մեզ համար ամենակարեւոր՝ հեռագնա արոտների բարելավման ծրագիրն է, որ աշխատելու ենք ամբողջությամբ իրականացնել,-ասում է համայնքապետը,- Տաշիրն անասնապահական շրջան է, այստեղ ունենք բազմաթիվ ֆերմերներ, մարդիկ մտածում են ընդլայնվելու մասին, այնպես որ հեռագնա արոտներ տանող ճանապարհների, խմոցների եւ մնացած բաղադրիչների կազմակերպումը համայնքի համար ամենահրատապն է»:
Գլխավոր լուսանկարում Տաշիր քաղաքի նորակառույց մշակույթի տունն է
Մեկնաբանել