
Նիկոլ Փաշինյան․ «Կոնյակի արտադրության ոլորտում լուրջ խնդիրներ ունենք»
Կառավարության նիստին վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի ընթացքում Հայաստան ժամանած հյուրերը տպավորվել են հայկական գինով և կոնյակով։
«Մասնավորապես ինձ համար շատ հաճելի էր, որ Ֆրանսիայի նախագահը և առաջին տիկինը հարկ համարեցին արտահայտվել հայկական գինու և կոնյակի՝ իհարկե իրենց բառապաշարով բրենդիի որակի կապակցությամբ, ինչը շատ լավ է, և ոչ միայն նրանք: Ընդհանուր առմամբ մեր գինին և կոնյակը շատ լավ տպավորություն են գործել, ինչը նշանակում է, որ մենք կարողացել ենք հասնել գինու և կոնյակի արտադրության միջազգային որոշակի ստանդարտին։ Կարծում եմ, որ իսկապես պետք է քաջալերել մեր արտադրողներին, և կառավարությունը բոլոր միջոցները պետք է ձեռնարկի, որպեսզի մեր արտադրողներին կարողանանք աջակցել նոր շուկաներ մտնելու, ձեռք բերելու գործում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ ներդրումային ծրագրերով պետք է աջակցել կոնյակագործներին, գինեգործերին՝ արտադրանքի ծավալները մեծացնելու հարցում:
Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ միջնաժամկետ հեռանկարում կարող են Հայաստանում մշակվող խաղողի ծավալների խնդիրներ լինել, ուստի գյուղատնտեսության նախարարությունը պետք է շատ ինտենսիվ աշխատի, որպեսզի խաղողի այգիների ծավալները, մշակման կուլտուրան և որակը, ինչպես նաև հակակարկտային պաշտպանության, ոռոգման խնդիրը պատշաճ մակարդակի լինի։
«Կոնյակի արտադրության ոլորտը, ըստ էության, համարում ենք կայացած, բայց այդտեղ էլ ունենք լուրջ խնդիրներ և այդ խնդիրները, այսպես ասած, ոչ իրական արտադրանքի սպառումն է և տարածումը հատկապես ԵԱՏՄ տարածքում: Այսինքն՝ հայկական անվան տակ տարածվող այն խմիչքները, որոնք իրականում հայկական կոնյակ չեն, այստեղ պետք է լուրջ վերահսկողություն կարողանանք ապահովել մթերման ծավալների առումով, որ չստացվի՝ որոշ անբարեխիղճ արտադրողներ այլ երկրներից այլ ծագման սպիրտ ներկրեն, թեկուզ ոչ հայկական կոնյակի սպիրտ ներկրեն, և դա հայկական կոնյակի անվան տակ արտահանեն, ինչը բրենդի հեղինակության վրա լրջագույն նեգատիվ ազդեցություն է ունենում»,- ասաց Փաշինյանը։
Մեկնաբանել