
Թե ինչից է վիրավորվել Փարավոն Միրզոյանը
Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Ֆարաոն Միրզոյանի (կամ` Փարավոն Միրզոյան)՝ պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունները հերքելու և պատճառված վնասները հատուցելու պահանջների մասին հայցն ընդդեմ «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի («Կողմնակի անձանց Մ» ՍՊ ընկերության և Սերգեյ Գասպարյանի):
Հիշեցնենք, որ հայցվորն իր հայցադիմումում հայտնել է, որ 2010 թվականի ապրիլի 9-ին «Կողմնակի անձանց Մ» ՍՊԸ կողմից հրատարակվող «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի թիվ 322 համարի 7-րդ էջի վերին մասում, ինչպես նաև «Չորրորդ ինքնիշխանություն» ինտերնետային կայքէջում (www.chi.am) տեղ է գտել Կարինե Աշուղյանի հեղինակությամբ «Ճանաչել Փարավոնին» վերնագրով հրապարակումը, և դրանում առկա տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում, ակնհայտ սուտ են և միտված են արատավորելու հայցվորի բարի համբավը, պատիվը և արժանապատվությունը։ Ըստ հայցվորի՝ հրապարակման մեջ տեղ գտած հետևյալ արտահայտությունները իրեն ուղղված զրպարտություն կամ վիրավորանք են.
1. «Բավական է հիշել «Հայապակի» ՓԲԸ-ից ապակեգործ Սերգեյ Գասպարյանի՝ Ազգային պատկերասրահին ի պահ տրված մոտ 800 աշխատանքների յուրացման և վաճառելու պատմությունը»։
2. «Իսկապես, գուցե կրթության և գիտության նախարարը ծերունազարդ ապակեգործ Սերգեյ Գասպարյանի ստեղծագործությունները յուրացնելու և վաճառելու գործում ունեցած վաստակի և ավանդի համար է որոշել Փարավոնին այսպես շնորհակալագիր տալ»։
3. «Բայց պետք է խոստովանել, որ անգամ ամեն ինչ տեսած հայ հասարակության համար է աննախադեպ արվեստագետի կողմից արվեստագետին օրը ցերեկով անպատիժ կողոպտելը, և Փարավոնը բոլոր հիմքերն ուներ՝ փարավոնավայել պարգև ակնկալելու»։
4. «Գասպարյանը բաց նամակով դիմել էր բոլոր հնարավոր ատյաններին՝ Փարավոնին մեղադրելով իր ստեղծագործությունների ցուցադրությունը միտումնավոր ձգձգելու, դրանց կեսը յուրացնելու և «Գլաս ուորլդ քամփընի» ընկերության սեփականատեր Ա. Քոչարյանին վաճառելու մեջ»։
5. «Բաց նամակներից մեկում Գասպարյանը Փարավոնի մասին գրել է. «Միրզոյանը հոշոտել, թալանել է թանգարանը... Ես նրա պորտրետը նկարելու եմ ու վրան գրելու եմ՝ աշխարհի ամենամեծ սրիկան...»»։
![]() |
![]() |
Աջից՝ փաստաբան Սիմոն Բաբայան | Դատավոր Էդիկ Ավետիսյան |
Փարաոն Միրզոյանը «Չորրորդ ինքնիշխանությունից» պահանջում է հօգուտ իրեն զրպարտության համար բռնագանձել 2 մլն դրամ, վիրավորանքի համար՝ 1 մլն դրամ և 300 000 դրամ` որպես խախտված իրավունքների պաշտպանության համար վճարված փաստաբանի վարձատրություն, ինչպես նաև 60 000 դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի հատուցում։
«Չորրորդ ինքնիշխանությունը»-ը հայցադիմումի պատասխանում նշել է, որ հայցվոր Ֆարավոն Միրզոյանի դիրքորոշումը և պահանջն ընդհանրապես հակասում են մի շարք միջազգային, ներպետական իրավական ակտերի պահանջներին և ՄԻԵԴ-ի վճիռներում Եվրոպական դատարանի արտահայտած դիրքորոշումներին։ Հոդվածում հղում է պարունակվում «Հետք» ինտերնետային լրատվական միջոցին և այդ նույն լրատվամիջոցում հրապարակված Սերգեյ Գասպարյանի հարցազրույցներին, ավելին, դրանցից կատարված են բառացի մեջբերումներ («Հետք», 08.11.2010թ., 20.12.2010թ. հրապարակված հոդվածներ)։ Վերոհիշյալ լրատվամիջոցում այդ հոդվածների հրապարակումից հետո հայցվորը, հավանաբար դրանք զրպարտություն և վիրավորանք չհամարելով, չի դիմել հերքում կամ պատասխան հրապարակելու պահանջով, և այդ փաստը հաշվի առնելով՝ պատասխանողն իրավունք է ունեցել համարելու, որ այդ տեղեկություններն իրավացի են և միանգամայն օրինականորեն օգտագործել է դրանք իր հոդվածում՝ հղում կատարելով տեղեկատվության աղբյուրի վրա և միաժամանակ անելով իր գնահատողական դատողությունները, որոնք ապացուցման կարիք չունեն։
Նշելով, որ հայցն ակնհայտ անհիմն է՝ պատասխանողը խնդրել է դատարանին այն մերժել ամբողջությամբ։
Այսօրվա նիստին ներկա չէր որպես պատասխանող ընդգրկված Սերգեյ Գասպարյանը, չնայած պատշաճ ծանուցված էր նիստի մասին: Այնուամենայնիվ, նիստը շարունակվեց նրա բացակայությամբ: Նիստին ներկա պատասխանող «Չորրորդ ինքնիշխանության» ներկայացուցիչ Հովիկ Արսենյանը դատարանին տեղեկացրեց, որ լրագրողը կարարել է գնահատողական դատողություն և հերքեց հայցվորի այն դիրքորոշումը, որ թերթը վիրավորել և զրպարտել է Ֆ. Միրզոյանին: Հայցվորի ներկայացուցիչ Ս. Բաբայանը շարունակեց պնդել, որ թերթը, չնայած այլ լրատվամիջոցից է վերցրել իր վստահորդի մասին արված ինֆորմացիան, սակայն փոփոխել է այն, ինչի հետևանքով էլ զրպարտել և վիրավորել է իր վստահորդին:
Դատավոր Է.Ավետիսյանի նախագահությամբ կողմերի միջև բաժանվեց ապացուցման բեռը հետևյալ հաջորդականությամբ. հայցվորը պետք է ապացուցի, որ իրեն վիրավորել են, իսկ պատասխանողներ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի և Սերգեյ Գասպարյանի վրա դրվեց զրպարտության մասով ապացուցման բեռը:
Հերթական նիստի մասին կողմերը գրավոր կծանուցվեն:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել