
Կանայք դիմում են ծայրահեղ քայլի` հացադուլի
«Ուզու՞մ ես, ես էլ քո հետ հացադուլ անեմ, տատի, ես էլ կարամ մենակ ջուր խմեմ,- հոգատարությամբ ասում է 4-տարեկան Անահիտը տատուն' Անահիտ Մելքոնյանին: Անահիտ Մելքոնյանը մեկն է Բուզանդի 15 հասցեում ապրող վերջին չորս ընտանիքների կանանցից, որոնք դեկտեմբերի 15-ից հացադուլ են հայտարարել: (Տես նաեւ' «Կարմիր գոտու» բնակիչները):
«Ես ու՞ր գնամ իմ 12 հոգանոց ընտանիքով, երեխեքս ու թոռներս որտե՞ղ են ապրելու, եթե մեզ հանում են մեր երեսուն տարվա սեփականությունից, փոխարենը տալով չնչին գումար, որով չես կարող տուն գնել»,- բողոքն արդեն հացադուլով է արտահայտում Սուսաննա Պողոսյանը:
Երեւանի կենտրոնը վերջին երկու տարիներին վերակառուցվում է: Կառավարության որոշումների համաձայն' պետության կարիքների համար օտարվում են տարածքներն ու շինությունները: Այս գործընթացը պետք է ընթանար այսպես. պետության կարքների համար վերցվող անշարժ գույքի (հողամասեր, շենքեր, շինություններ) տերերին համապատասխան փոխհատուցում պետք է տրվեր հենց պետության կողմից: Հետո նոր միայն օտարված տարածքը պետությունը կարող էր օգտագործել:
![]() |
![]() |
Սակայն հենց Բուզանդի փողոցի օտարման դեպքում էլ պետությունն իր կարիքները հոգալու համար օտարել ու միաժամանակ օտարվող տարածքը տվել է մի քանի ընկերությունների: Այս ընկերություններն իրենք կամ ԾԻԳ-երի միջոցով իրականացնում են փոխհատուցում: Բուզանդի փողոցից 5.800 քմ տարածք, որի մեջ է մտնում Բուզանդի 15 հասցեն, տրված է «Վիզկոն» ՍՊԸ-ին, որը պատրաստվում է այստեղ կառուցել բնակելի էլիտար շենք:
Անահիտ Մելքոնյանը, Սուսաննա Պողոսյանը, Գոհար Մխիթարյանը եւ Նունե Վարդունին անժամկետ հացադուլ են հայտարարել: Նրանք, մնալով իրենց կիսաքանդ տներում, հրաժարվում են «Վիզկոն»-ի առաջարկած չնչին գումարից եւ պահանջում են փոխհատուցել միայն տնով:
«Մենք գումարի մասին չենք խոսում, մենք ուզում ենք տուն: Մենք ապրել ու երեխա ենք մեծացրել Երեւանի կենտրոնում: Հիմա մեզ փոխհատուցում են չնչին գումարով' մեր ունեցած 43քմ տարածքին տալիս են մոտավորապես 10.500 ԱՄՆ դոլար, որով Երեւանում ոչինչ չես կարող գնել»,- ասում է Գոհար Մխիթարյանը:
![]() |
![]() |
![]() |
«Փոխհատուցվող գումարով հիմա անգամ մի ավտոտնակ չեմ կարող գնել, որ իմ 9 հոգանոց ընտանիքը, նորածին երկու թոռներս ձմռան ցրտին չմնան դրսում»,- ավելացնում է Անահիտ Մելքոնյանը:
Անահիտ Մելքոնյանին 41,5 քմ տարածքի համար առաջարկում են 13.900 ԱՄՆ դոլարի փոխհատուցում, որի 10 տոկոսն էլ հարկվելու է, եթե նա բանկի հաշվեհամարից ստանա այդ գումարը: «Վիզկոն» ՍՊԸ-ի առաջարկած փոխհատուցմամբ Երեւանի կենտրոնում 1 քմ տարածքն արժենում է ոչ ավել, քան 400 ԱՄՆ դոլարը:
«Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը հայտարարեց, թե 1 քմ-ի համար տրվել է 850-1000 ԱՄՆ դոլար փոխհատուցում: Այսպիսի թվեր չկան, առաջարկում են չնչին փոխհատուցում եւ ԴԱՀԿ-ի միջոցով վտարում մեզ այստեղից: ԴԱՀԿ-ն էլ գալիս է ու անցնում վայրագության, էլ չի հարցնում, թե մեր դատական գործընթացն ավարտվել է, թե' չէ»,-ասում է Նունե Վարդունին:
Նունեի տունն արդեն քանդված է, մնացել է միայն խոհանոցը, որտեղից նա չի հեռանում: Բնակիչներն հատկապես տպավորված են ԴԱՀԿ-ի ապօրինի գործունեությունից: Դատարանի վճռով Նունե Վարդունու հետ «Վիզկոն» ՍՊԸ-ն պետք է օտարման մասին պայմանագիր կնքի, սակայն ԴԱՀԿ-ն արդեն քանդել է նրա տունը: Գոհար Մխիթարյանն իր ընտանիքի հետ վտարվել է 3 ամիս առաջ, սակայն վտարման մասին դատարանը վճիռ է կայացրել մի քանի օր առաջ:
«Սա կեղտոտ բիզնես է, որ սկսվում է ամենավերեւից' նախագահ, վարչապետ, քաղաքապետ, դատարաններ,ԴԱՀԿ եւ այսպես շարունակ: Երեւանի կենտրոնում ծնված ու ապրած մարդիկ այսօր անտուն են, բոմժ»,- բողոքը շարունակում է Սուսաննա Պողոսյանը:
Լուսանկարները' Օնիկ Գրիգորյանի
Մեկնաբանել