
Ցուցահանդեսների դերը Հայաստանի ՏՀՏ ոլորտում
Վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանում տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի նկատմամբ պետական եւ մասնավոր հատվածի ցուցաբերած հետաքրքրությունն առիթ է դարձել, որպեսզի ՏՀՏ ընկերությունները մասնակցեն ցուցահանդեսների:
Հայաստանում ՏՀՏ ոլորտի ցուցահանդեսներին մասնակցելու ավանդույթը ձեւավորվել է 1997 թվականից: Սկզբում հայաստանյան կազմակերպությունները մասնակցել են արտասահմանյան միջազգային նշանակություն ունեցող ցուցահանդեսներին, հետո, սկսած 2000 թվականից, ՏՀՏ ցուցահանդեսներ կազմակերպվել են նաեւ Հայաստանում: Այս տարվա հոկտեմբերին անցկացված « DigiTec 2005» ցուցահանդեսին մասնակցեցին ոլորտի 40 ընկերություններ: Սա վկայում է այն մասին, որ ոլորտի ընկերությունները հետաքրքրված են այսօրինակ միջոցառումներին մասնակցությամբ: Երկու-երեք տարի առաջ արդյունաբերական էքսպոներին մասնակցում էին համակարգչային տեխնիկայի վաճառքով զբաղվող ընդամենը մի քանի կազմակերպություն: Այսօր կազմակեպիչները հույս ունեն, որ 2006 թվականին ցուցահանդեսին կմասնակցի հայաստանյան շուկայի 80 տոկոսը: Սակայն այս ցուցահանդեսին չէին մասնակցել այնպիսի հայտնի կազմակերպություններ, ինչպիսիք են «Միգմա», «Վիասֆեր», «Խարտիա» եւ հեռահաղորդակցության ոլորտի ամենաազդեցիկ «ԱրմենՏել» եւ «ՎիվաՍել» ընկերությունները:
Վերջին 3-4 տարիների ընթացքում ցուցահանդեսները տեղական ընկերությունների համար ընդամենը միջոց էին տեղական եւ դրսի շուկայում ճանաչվելու, ներդրողներ ներգրավելու եւ նոր կապեր հաստատելու համար: Իհարկե, այս ցանկությունը մինչեւ հիմա էլ մնում է ցուցահանդեսներին մասնակցելու եւ առավելագույնս գրավիչ ներկայանալու առաջնահերթ պայմաններից մեկը: Սակայն, գոնե վերջին մեկ տարվա ընթացքում ՏՀՏ ցուցահանդեսներին մասնակից ընկերությունները ոչ միայն փորձում են վաճառել համակարգիչներ, գործընկերներ գտնել կամ կապեր հաստատել, այլեւ ներկայացնում են իրենց արտադրանքը` հայ մասնագետների մշակած համակարգչային ծրագրերը, տեխնիկական հայտնաբերությունները կամ նոր ծառայություններ են առաջարկում: Այսինքն` տեղական ընկերությունները փորձում են աշխատել նաեւ ներքին շուկայի համար:
Թեպետ կան նաեւ կազմակերպություններ, որոնք հայաստանյան էքսպոներին մասնակցում են միայն իրենց գործունեության մասին տեղեկացնելու համար: «Ճիշտն ասած` ցուցահանդեսին մեր ընկերության մասնակցությունը ոչ մի գովազդային կամ շուկայի հետ կապված ծրագրեր չի հետապնդում, քանի որ շուկան գլոբալ է, եւ մեր արտադրանքը 100%-ով արտահանվում է: Բայց մենք մեր պարտքն ենք համարել մասնակցել ցուցահանդեսին եւ ի լուր բոլորի ասել, որ «Սինոփսիսը» մուտք է գործել Հայաստան»-,ասում է «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը:
Տեղական կազմակերպությունները շահագրգռված են մասնակցել հատկապես միջազգային ցուցահանդեսներին: Աշխարհի ամենահեղինակավոր ցուցահանդեսին մասնակցելը հայկական ընկերությունների համար դարձել է ավանդույթ:
Հայաստանն աշխարհում հայտնի ցուցահանդեսում՝ CeBIT-ում, առաջին անգամ մասնակցել է 1997 թվականին: 2005 թվականին տեղական 12 ընկերություններ CeBIT-ում ներկայացնում էին Հայաստանի ՏՀՏ ոլորտը: «Առաջին խնդիրը եղել եւ մնում է CeBIT-ում մասնակցություների միջոցով ձեւավորել Հայաստանի վարկանիշը որպես ՏՀՏ երկիր: Հայաստանի հեղինակության բարձրացումը հնարավորություն կստեղծի տեղական ընկերությունների համար ավելի հեշտ բանակցել հավանական գործընկերների հետ: Առաջնահերթ խնդիրներից է` ցույց տալ, որ մենք էլ ՏՀՏ ոլորտում որոշակի նվաճումներ ունենք: Երկրորդը` փորձել նոր կապեր եւ ծանոթություններ հաստատել:
Տեղական ընկերությունների համար ցուցահանդես այցելելը կարեւոր է նաեւ նրանով, որ նրանք հնարավորություն են ունենում տարբեր տեխնոլոգիական նորարարությունների եւ մշակումների կողքին համեմատել եւ գնահատել իրենց աշխատանքը, կարողանում են հստակ գիտակցել, թե զարգացվածության որ մակարդակում են գտնվում»,-ասում է Տեղեկատվական տեխնոլոգիաների Ձեռնարկություների ինկուբատոր հիմնադրամի գլխավոր մասնագետ Նորայր Վարդանյանը: Ընկերությունների տնօրենների խոսքերով` ցուցահանդեսին իրենց պարբերական մասնակցությունը պայմանավորված է համագործակցության մեծ հնարավորություններով: «Այս տարիների ընթացքում շատ գործնական կապեր ենք հաստատել եւ գործընկերներ ձեռք բերել աշխարհի տարբեր երկրներից: Եվ հասկանում ենք, որ մեր մասնակցությունը պետք է շարունակական լինի»,-ասում է «Ալգորիթմ Սերվիս» ընկերության տնօրեն Վլադիմիր Հակոբյանը:
ԱՄՆ-ի տեղեկատվական տեխնոլոգիաների ամենամեծ ցուցահանդեսը՝ Comdex-ը, անցկացվում է ամեն տարի նոյեմբեր ամսին Լաս Վեգաս քաղաքում: Հայկական մի քանի ընկերություններ Comdex-ին ներկա են գտնվում արդեն 5 տարի: Մասնակիցների հավաստմամբ` այս ցուցահանդեսը բավականին հետաքրքիր է նրանով, որ մասնակից երկրների կողմից դիտվում է որպես ԱՄՆ-ի տեղեկատվական տեխնոլոգիաների մեծ շուկա, եւ նրանց միջեւ ներքին պայքար է գնում ոլորտի ուշադրությունը գրավելու եւ վերջինիս որպես ներդրող իր երկիր տանելու համար: Այս առումով այսօր Հայաստանը եւս գրավիչ ներկայանալու խնդիր ունի: Այդ գործընթացում շատ կարեւոր է սեփական հնարավորությունները ճիշտ ներկայացնելը: Ընտրության ժամանակ, որպես կանոն, ուշադրության կենտրոնում են լինում մեծ ակտիվություն ցուցաբերած երկրները: Ցուցահանդեսին ԱՊՀ երկրներից ներկա էին միայն Հայաստանը եւ Ռուսաստանը: Comdex-ում Հայաստանի ներկայացուցիչները կոնկրետ պայմանագրեր չեն ունեցել, բայց ձեռք են բերվել հետագա շփման պայմանավորվածություններ: Պայմանագրեր չկնքելը բացատրվում է նրանով, որ ցուցահանդեսի մասնակիցների հիմնական խնդիրը ոչ թե որոշակի ծառայություն գնելն է, այլ տեսնել, թե իրենց ծառայությունն ինչպես կարող են տեղափոխել Հայաստան:
Արտասահմանյան ցուցահանդեսներին մասնակցած ընկերություններում արդեն գիտեն, որ գործընկեր գտնելն այնքան էլ հեշտ գործ չէ: Նրանք գիտեն, որ համագործակցության առաջարկներ ստանալու համար բավական չէ միայն արտադրանքի կամ ծառայության մասին գովազդային նյութեր տեղադրել տաղավարում: Մանավանդ, որ շուկան բազմազան է, եւ հնարավոր է, որ մարդիկ ուղղակի չկարողանան կողմնորոշվել: Դրա համար ցուցահանդեսի կազմակերպիչները պետք է կարողանան գրավել, գուցե նաեւ զարմացնել: Արտասահմանյան ցուցահանդեսներում տարածված է նաեւ ավելի բարձր պաշտոններ զբաղեցնող մարդկանց նամակով տաղավար հրավիրելը: Եւ ընդհանրապես, արտասահմանում ցուցահանդեսներն ավելի շատ վերածվում են տոների, որոնց ընթացքում կազմակերպվում են շոուներ, ներկայացումներ, տալիս են նվերներ, հյուրասիրում են եւ այլն:
«Արդեն պատկերացնում ենք, թե ինչպես պետք է ավելի արդյունավետ ներկայացնենք մեզ: Պետք է ունենալ մշտական տաղավար, հստակ տեղեկատվություն Հայաստանի ՏՀՏ ոլորտի եւ ընկերությունների մասին: Աշխատել հնարավորինս շատ մասնակցել այնտեղի կոնֆերանսներին եւ ֆորումներին: Ավելի լայն ու ընդգրկուն քննարկումներ էլ են լինում, որոնց պետք է շատ լուրջ պատրաստվել: Այս տարիների ընթացքում ամեն մի մասնակցող ընկերություն ներկայանալու որոշակի ձեւեր է մշակել իր համար: Ցուցահանդեսում վաճառողն է գնորդին փնտրում: Տեղեկատուների միջոցով գտնում է հարմար համագործակցին, զանգահարում, շատ դեպքերում հրավիրատոմս ուղարկում կամ նամակով խնդրում այցելել իրենց տաղավար: Երբեմն հրավիրում են ընթրիքի, այստեղ արդեն առաջ են գալիս աձնական շփումներն ու կապերը: Շատ կարեւոր է օգտագործել այդ պահը, քանի որ ուրիշ տեղ դժվար կլինի հանդիպել այդ մարդկանց հետ: Այստեղ արդեն պետք է գործի դնել սեփական նախաձեռնությունը եւ հնարամտությունը»,-ասում է Migma ընկերության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը:
Հայաստանի կրթական կամ գիտահետազոտական հաստատությունները երբեւէ չեն մասնակցել միջազգային ցուցահանդեսներին: «Այո, պետք է ասեմ, որ ուրիշ երկրներից, օրինակ` Ռուսաստանից, լինում են տաղավարներ, որտեղ ներկայացված են երկրի գիտական ինստիտուտների աշխատանքները: Հայաստանի կրթական եւ գիտահետազոտական կառույցների մասնակցությունը ցուցահանդեսներում արդարացված կլինի միայն այն դեպքում, եթե նրանք կարողանան ինչ-որ լուրջ մշակումներ կամ աշխատանքներ ներկայացնել: Համենայնդեպս, մեզ դեռ չեն դիմել կոնկրետ մշակած արտադրանքով եւ ցանկություն չեն հայտնել ներգրավվել ցուցահանդեսում մասնակցելու համար»,- ասում է Նորայր Վարդանյանը:յաստանյան ընկերություների տնօրենների հավաստմամբ` միջազգային ցուցահանդեսների ժամանակ համագործակցության եզրեր փնտրող գործարարներին սովորաբար հետեւյալ մի քանի հարցերն են հետաքրքրում` աշխատուժի որակը եւ գինը, երկրում Ինտերնետի եւ հեռահաղորդակցության ծառայությունների որակն ու արժեքը: Կարեւոր է նաեւ, թե ինչ հայտնի ընկերություններ են գործում պետության սահմաններում, ինչպիսին է ՏՀՏ օրենսդրությունը, եւ ինչ առավելություններ են տրված ՏՀՏ ոլորտին:
Մեկնաբանել