
Կեղծ կատեգորիաների քաղաքականություն
Համամասնական և մեծամասնական ընտրակարգերի շուրջ ծավալված քննարկումներն այնպիսի տպավորություն են ստեղծել, թե դրանից ավելի հրատապ հարց Հայաստանի քաղաքական օրակարգում գոյություն չունի: Մինչդեռ իրականում այն արհեստական է:
Խնդիրը բացարձակապես համամասնականի և մեծամասնականի առավելությունների ու թերությունների մեջ չէ: Այստեղ ամեն ինչ առավել քան հստակ է. երկու ընտրակարգերն էլ մեզանում հավասարապես անարդյունավետ են, որովհետև փաստացի գոյություն չունի քաղաքական համակարգ:
Հայաստանյան կուսակցությունների ճնշող մեծամասնությունն ուղղակիորեն այս կամ այն անհատի շահերի սպասարկման միջոցներն են, մյուսներն էլ դառնում են այդպիսին` բացարձակապես անտեսելով հարցի գաղափարական կողմը:
Խորհրդարանը վաղուց կորցրել է իր քաղաքական նշանակությունը` վերածվելով գործադիր իշխանության և նախագահի սպասարկուի: Այս միջավայրում, որտեղ կուսակցությունները, խորհրդարանը չեն կատարում իրենց քաղաքական գործառույթները, չի կարող որակյալ պատգամավոր ունենալու հասարակական-քաղաքական պահանջարկ ձևավորվել:
Մեծամասնական ընտրակարգով ընտրությունների ելքն իսկապես գրեթե միշտ լինում է կանխորոշված, և ընտրվում են մարդիկ, ովքեր ոչ մի առնչություն չունեն օրենսդրական գործունեության հետ: Բայց նույն կերպ այս որակի պատգամավորներ ընտրվում են նաև կուսակցական ցուցակներով:
2007թ. ընտրություններից առաջ մեծամասնական տեղերի թիվը խորհրդարանում 75-ից նվազեցվեց 41-ի` նույն հիմնավորմամբ, ինչ ներկայացնում է այսօրվա ընդդիմությունը: Այն է` դա նպաստում է քաղաքական համակարգի և քաղաքական մշակույթի կայացմանը: Սակայն արդյունքում դրանք ոչ միայն չկայացան, այլև քաղաքական դաշտն էլ ավելի ապաքաղաքականացվեց ու էլ ավելի որակազրկվեց:
Այն օլիգարխները, որոնք մեծամասնական ընտրակարգի կրճատման արդյունքում պետք է որ բնականորեն դուրս մղվեին ասպարեզից, բարեհաջող հանգրվանեցին դաշտում խաղացող հիմնական կուսակցությունների ցուցակների անցողիկ համարների տակ և նորից անցան խորհրդարան:
Այսինքն` համամասնական տեղերի մեխանիկական աճը հանգեցրեց կուսակցությունների ապագաղափարականացման: Ձևավորեցին պարզ քաղաքական առևտրի նոր անտիմշակույթ: Դրան զուգահեռ, կուսակցությունները ոչ միայն չխոշորացան, ինչպես ակնկալվում էր, այլև էլ ավելի մանրացան ու մարգինալացվեցին:
Այսօր որևէ երաշխիք չկա, որ մեծամասնական տեղերի հերթական կրճատումը բերելու է քաղաքական համակարգի առողջացման: Որովհետև այդ օլիգարխիկ, բիզնես շրջանակները, որոնք քաղաքականության իրական կրողներն են իբրև պտուտակներ, շարունակելու են ինքնադրսևորվել` էլ ավելի վայրագ օգտագործելով կուսակցությունների ռեսուրսները:
Հետևաբար իրական խնդիրը ոչ թե ընտրակարգերից որևէ մեկին նախընտրություն տալու մեջ է, այլ այդ շրջանակներին քաղաքական ասպարեզից դուրս մղելու: Իսկ դա հնարավոր չէ, որովհետև հենց այդ շրջանակներն են իշխանության վերարտադրման հիմնական երաշխավորները:
Մեծամասնական ընտրակարգից չհրաժարվելու իշխանության ներկայիս պահվածքը պայմանավորված է ոչ թե դրա առավելությունները, այլ հենց այդ շրջանակներին չկորցնելու մտավախությամբ:
Համամասնական ընտրակարգի կողմնակիցները հասկանում են, իհարկե, այս ամենը: Նրանք շատ լավ գիտեն, որ սկսած պայքարը որևէ արդյունք չի տալու: Եթե քաղաքական մեծամասնությունն այդ առաջարկը մերժեց ընտրություններից մեկ տարի առաջ, մերժելու է նաև մեկ ամիս առաջ:
Եվ զուտ պահանջի ձևակերպման իմաստով այն առավել քան ժամանակավրեպ է:
Սակայն այս ամբողջ իրարանցման մեխը ոչ թե մեծամասնական ընտրակարգից հրաժարվելու առաջարկությունն էր, այլ դրա շուրջ ձևավորված քաղաքական կոնսենսուսը:
Ընդդիմադիր դաշտում դրա շուրջ առաջացած այս փոխըմբռնումն է միս ու արյուն տալիս նախաձեռնությանը, իմաստավորում այն և ստիպում իշխանությանը քննարկել այս հարցը:
Ընտրությունների նախօրեին, անկասկած այս կոնսենսուսն ավելի մեծ արժեք է, քան նյութը, որի շուրջ այն տեղի է ունեցել: Այս ոչ ֆորմալ միավորումը պարզորոշ ցույց տվեց, որ ընդդիմադիր դաշտում առկա է այլընտրանք ձևավորելու հսկայական չիրացված ներուժ:
Եվ որ խնդիրը ոչ թե նման պոտենցիալ ունեցող ուժերի, այլ պլատֆորմի, միավորման օրակարգի ճիշտ չձևակերպման մեջ է: Համամասնական ընտրակարգի շուրջ դիրքրոշումների ընդհանրությունը ընդամենը դա հասկանալու բանալին տվեց: Մնացածը կախված է բացառապես քաղաքական ուժերից:
Պատահական չէ, որ համամասնական ընտրակարգի կողմնակիցները, որպես իրենց դիրքրոշման հիմնավորում, բերում են մեկ սկզբունքային փաստարկ. որ սա ընտրակեղծիքների մեծ մասը կանխելու հնարավորություն է:
Իրականում սա ոչ մի ուղղակի ընդհանուր բան չունի ընտրակեղծիքների հետ: Որովհետև որևէ տարբերություն չկա' դրանք մեծամասնականո՞վ ընտրվող թեկնածուներն են իրականացնում, թե՞ դա անելու պատվերը նրանց իջեցրած կուսակցություններն ու կուսակցապետերը:
Ընտրակեղծիքների պատասխանատուն միշտ իշխանությունն է: Բայց ընտրակարգի ընտրությունը ընտրակեղծիքներով պայմանավորելը հստակ ուրվագծում է ձևավորվող քաղաքական այն իրական խնդիրը, որը ընդդիմադիր ուժերին բերել է գործակցության միևնույն դաշտ:
Խոսքը վերաբերում է արդար ընտրություններ ապահովելու, արդար մրցակցություն ծավալելու պահանջին: Իրականում հենց սա են ընդդիմադիր ուժերը տրանսֆորմացրել համանասնական ընտրակարգին անցնելու առաջարկության, որն ավելի պարզ հնչում է իշխանություններին ուղղված հետևյալ կոչի տեսքով. հենց սա է այսօրվա իրական քաղաքական օրակարգը: Եվ հենց այս մեսիջը հասկանալով է, որ իշխանությունը մերժում է այն:
Որքան էլ հասկանալի լինի ընդդիմադիրների պահանջի ենթատեքստը, սակայն խնդիրը բացառապես ընտրակարգի պրիզմայով ներկայացնելը խիստ սահմանափակում է գործակցության հնարավորությունները և ընդդիմադիր դաշտին զրկում մանևրելու, ճկունություն հանդես բերելու հնարավորությունից:
Այսօր այս պահանջը մնում է օրակարգում բացառապես այն պատճառով, որ իշխանությունը տոն է տալիս դրան և համաձայնել է հարցը մեկ անգամ ևս մտցնել խորհրդարանի օրակարգ:
Բայց ընդդիմությանն ուղղակիորեն ասվել է, որ այն չի ընդունվելու: Հարց է առաջանում. ի՞նչ է անելու ընդդիմությունը դրանից հետո: Եթե հարցը չվերաձևակերպվի և չդրվի ընտրությունների ընթացքի վերահսկման մեխանիզմների շուրջ պայմանավորվածությունների հարթության վրա, այս ինքնաբուխ շարժումը ինքնըստինքյան մարելու է` հենց ընդդիմության համար ունենալով բացասական հետևանքներ:
Բանն այն է, որ սեփական քարոզչական մարտվարությունն ընտրելու, ընտրություններին մասնակցելու սեփական պոտենցիալները ճշգրտելու, միասնական ճակատով հանդես գալու հնարավորությունները դիտարկելու փոխարեն այդ ուժերն իրենց ողջ ժամանակն ու էներգիան ծախսում են համամասնական-մեծամասնական ընտրակարգի շուրջ սկսված և արդեն իրեն սպառող խնդրի վրա այն դեպքում, երբ իշխանությունը կրող հիմնական ուժը` ՀՀԿ-ն, սկսել է իր նախընտրական արշավը: Նրանք պարզապես ժամանակ են վատնում և արդեն իսկ բավականաչափ ետ են ընկել նախընտրական մեկնարկած մրցավազքում:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել