
Հայոց պատմության պառակտիչ «սրբագրիչը»
Ռազմիկ Մարկոսյան
Ազգային միացյալ կուսակցության (ԱՄԿ) անդամ, Ազգային ինքնորոշում միավորման (ԱԻՄ) հիմնադիր անդամ
Գաղտնիք չէ, որ քաղաքական, պատմական անցյալի փորձությունները կարող են փորձառություն դառնալ: Միայն թե դրա համար մի պարտադիր նախապայման կա. ստի, կեղծիքի բացառումը: Ստի վրա չի ստեղծվի ո’չ պետություն (դե, եթե ստեղծվի էլ մի 70 տարի հազիվ գոյատևի), ոչ էլ պատմություն (չբացահայտված պատմական կեղծիքներ չկան, կան դեռև’ս չբացահայտված պատմական կեղծիքներ):
Այս ամենը, հաստատ, գաղտնիք չէ նաև իմ ծանոթ «գործիչներից» մեկի` Ռաֆիկ Համբարձումյանի համար: Որպես վաստակավոր ազգասեր, նա հատկապես դեմ է ի’ր ազգի պատմության կեղծարարությանը: Այդ է վկայում վերջերս նրա մի հրապարակումը, ավելի ճիշտ` հրապարակման վերնագիրը` «Հայոց պատմության խեղաթյուրումը այլևս անհանդուրժելի է»: Առաջ անցնենք ու տեսնենք, թե ովքեր են խեղաթյուրում հայոց պատմությունը: Միայն թե չշտապեք գուշակել:
Ըստ Ռաֆիկ Համբարձումյանի, մեր պատմությունը խեղաթյուրողները ոչ ավել, ոչ պակաս` Մովսես Գորգիսյանի ծննդյան 50-ամյակի առթիվ լրատվամիջոցներում նրան դրվատանքի խոսքեր ասողներն են: Դե, մեր ճշմարիտ հայրենասերն էլ չի դիմացել ու փորձել է քողազերծել պատմական իրականությունը:
Տեքստից երևում է, որ Ռաֆիկ Համբարձումյանի սրտին առել է հատկապես Մովսես Գորգիսյանի մասին արված նահատակ որակումը: Անտեղյակների համար նա պարզել է նշյալ բառի բացատրությունը` «Նահատակը նա է, ով գիտակցված գնում է զոհաբերվելու` հավատացած, որ միայն իր կյանքի գնով է հնարավոր ապահովել յուրայինների կյանքն ու հաղթանակը»:
Այսինքն, Ռաֆիկ Համբարձումյանը բառի իմաստը տանում է դեպի բազումների համար միայնակ զոհվելու առաքելությունը: Հատուկ պարոն Համբարձումյանի համար բերեմ նահատակ բառի բառարանային բացատրությունը. «որևէ գաղափարի` համոզմունքի համար տուժած կամ զոհված մարդ» (ԳԱ «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան»): Նահատակ բառի հոմանիշն է զոհ-ը (Ա. Սուքիասյան, «Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան»):
Հետաքրքիր է, երբ ապրիլի 24-ին հայկական բոլոր լրատվամիջոցները ոգեկոչում են 1,5 մլն հայ նահատակներին, Ռաֆիկ Համբարձումյանն ինչո՞ւ չի ընդվզում` բերելով նահատակ բառի իր բացատրությունը: Չէ՞ որ այդ զոհերը չեն տեղավորվում խնդրո առարկա որակման` իր բերած բացատրության մեջ:
Մինչդեռ Մովսեսը հենց «գաղափարի` համոզմունքի համար զոհված մարդ է»: Մովսեսը քաղաքական գործիչ էր, որը չհապաղեց իր ընկերների հետ միասին զենք վերցնել, այն ժամանակվա ամենականոնավոր` Անկախության բանակի մարտիկների հետ մեկնեց ճակատ ու ընկավ հենց առաջին օրերին: Արցախյան պատերազմում մենք հազարավոր զոհեր ենք տվել: Այդ ո՞ր ստահակի մտքով կարող է անցնել մեղադրողի դիրքից քննարկել որևէ ազատամարտիկի զոհվելու հանգամանքները. իսկ այդ ինչո՞ւ է զոհվել:
Ռաֆիկ Համբարձումյանը Մովսեսի դեպքում անգամ այդ ինչու-ի պատասխանն է տալիս` Մովսեսի համար նահատակ-ի փոխարեն առաջարկելով մի այլ որակում. «...փորձառու մարտիկների հորդորները անտեսելու պատճառով 1990թ. հունվարին ազերի դիպուկահարի գնդակից սպանված անձ» (ընդգծումն իմն է): Վստահաբար հայտարարում եմ, որ հոդվածագրի այս պատասխանատու հայտարարությունը ստոր ու քողարկիչ միտումով է արված:
Լավ, ինչո՞ւ է Ռաֆիկ Համբարձումյանը Մովսեսի մասին ասված գնահատանքի խոսքերից այսքան սրտնեղում: Այս հարցի պատասխանը հենց ինքն է տալիս, երբ շարունակում ենք կարդալ նրա հրապարակումը: Ոչ ծավալուն տեքստի մեջ Համբարձումյանը ուղիղ ութ անգամ իրեն է վերագրում շարժման ու դրան նախորդած տարիներին արված որոշակի գործեր. «իմ կազմակերպած», «իմ ղեկավարած», «իմ խմբագրած», «իմ հանձնարարած» և այլն: Բայց այս եսագարության շարանի մեջ ամենից զազրելին այն հայտարարությունն է, որ անկախության գաղափարը «հանրավորողն ու տարածողը» ինքն է եղել` խմբագրելով «Անկախություն» թերթը և լինելով վերջինիս «գաղափարատուն»:
Ռաֆիկ, անկախության գաղափարի համար իրար գումարած` հայ անկախականների մոտ 250 տարվա կյանք է զոհաբերվել: Այդ տարիները նրանք իրենց ապրելու ժամանակից են տվել, մինչ դու զբաղված էիր քո կարմիր ապագան կերտելով: Որտե՞ղ էիր այն ժամանակ, երբ ազնվության ու ազնվականության տիպար Ստեփան Զատիկյանը մահապատժի էր գնում հանուն անկախության գաղափարի, երբ մենք` անկախականներս, մեր կյանքն աներկբա դնում էինք զոհասեղանին` դուրս գալով դարի գերտերության դեմ, երբ բանտն ու աքսորը, անվերջանալի, հետապնդումներն ու հալածանքը մեր մշտական ուղեկիցն էին: Ինչո՞ւ այն ժամանակ խիզախություն չունեցար մասնակցելու որևէ դատավարության կամ թեկուզ թաքուն այցելելու դատապարտյալներից որևէ մեկի ընտանիքին, ինչպես այդ անում էին մարդիկ, ովքեր մեզ հետ չէին, բայց հոգու խորքում մեր համակիրն էին:
Պարույր Հայրիկյանից իմացա, որ կա մեկը, որը պատրաստ է քաղաքական հոդվածներ գրելու, միայն թե գաղտնի, միայն թե թաքստոցից, ռիսկի իսպառ բացակայության պայմաններում: Այդ մեկը դու էիր, Ռաֆիկ Համբարձումյան, որ անգամ շարժման տարիներին քո անուն-ազգանունով հանդես չէիր գալիս, այլ ընտրել էիր Համազասպ ծածկանունը ու թաքնվել էիր դրա տակ: Այդ ամենից հետո ինչպե՞ս կարող ես քեզ ներկայացնել որպես Հայաստանում անկախության գաղափարի ջահակիր: Այդ որտե՞ղ և ո՞ր դարբնոցում այդպես կոփվեցիր որպես ապագա գուրու:
Այն տարիներին Պարույր Հայրիկյանը մարդկանց ոգեշնչելու մի մեթոդ էր կիրառում. քաղաքականության մեջ չոչ անողին ներշնչում էր, որ նա միակն է ու անփոխարինելի, որ այս կամ այն գաղտնիքը միայն նրան է վստահում: Այդ ինձ համար անընդունելի մեթոդը շատերին էր խանդավառում` ուռճացնելով նրանց եսը, մինչև որ ուշքի էին գալիս, հեռանում կամ թշնամանում: Այդ եսապաշտության բավիղներում ամենից շատ դու թափառեցիր:
Իսկ արդեն շարժման եռուն շրջանում, երբ քո թաքստոց-բարիկադն իր իմաստը կորցնում էր, դու նրա վրայով մի ճկուն ցատկ կատարեցիր ուղիղ դեպի հարթակ: Դա իսկական գաղափարատուի ցատկ էր: Բայց մի րոպե: Ո՞վ էր այն, ի հակադրություն քեզ` խանդավառ երիտասարդը, որ հայտնվել էր «քո նախապատրաստած», «քո կազմակերպած» միտինգում, հարթակի` քեզ համար նախատեսված տեղում:
Ո՞վ էր այդ Մովսես Գորգիսյանը: Նրան «լիկվիդացնել» էր պետք: Հենց այս առաջարկով էլ ներկայացար, երբ առաջին անգամ տեսա քեզ: Հիշո՞ւմ ես, Նորքի անտառում էինք: Այդ դո’ւ էիր Մեխակ Գաբրիելյանի միջոցով գաղտնի հանդիպում խնդրել աչքից հեռու մի տեղում: Ծանոթացանք, ու դու միանգամից երկու առաջարկ արեցիր` լիկվիդացնել Մովսես Գորգիսյանին (այն դեպքում, երբ Մովսեսը ԱԻՄ-ի հիմնադիր անդամ էր) և ԱԻՄ-ում աշխատավարձ սահմանել: Ես երկու առաջարկդ էլ մերժեցի:
Իսկ երբ ժամանակ անցավ, և արդեն նպատակահարմար էր, որ ԱԻՄ-ում աշխատողներին դրամական փոխհատուցում տրվի, ես հրաժարվեցի այդ գումարից` այն փոխանցելով ծնողազուրկ երեխաներին կամ զոհված ազատամարտիկների ընտանիքներին: Պատկերացնում եմ, թե ոնց կզարմանայիր, եթե այդ մասին իմանայիր:
Իսկ հիշո՞ւմ ես, թե ինչպես էիր իրար հետևից քո բոլոր ելույթներով ու արարքներով ստվեր գցում անկախության գաղափարին, ձախողում մեր ամեն մի նախաձեռնություն այն վտանգավոր շրջանում, երբ այնքան փխրուն էր ճշմարտության բաժակը, որ մատուցվում էր պատմական անարդարության դեմ ոտքի ելած, բռունցքված, բայց և քաղաքականապես անփորձ մեր ժողովրդին: Մովսեսն իր ճկունությամբ, սուր մտքով ու հմայքով քանի՞ անգամ է փրկել իրավիճակը ու նաև` քո վիճակը:
Իրար հաջորդած նման դեպքերից հետո էր, որ Մովսեսը, որ խորին հարգանք ուներ իրենից ավագների նկատմամբ, քեզ «չեկիստ» անվանեց, իսկ դու քո իսկ ստեղծած տպավորությունը ցրելու համար, հանուն անկախության գաղափարի, դարձյալ մի ճկուն ցատկ կատարեցիր, բայց այս անգամ` ուղիղ դեպի Մովսեսի կոշիկը` այն համբուրելու համար:
Բոլոր ներկաները զարմացած ու ցնցված էին, նույնիսկ «քո օգնականներ» Վարագ Առաքելյանն ու Մեխակ Գաբրիելյանը: Երևի ամենից շատ քո ա’յդ արարքը չես կարողանում ներել Մովսեսին: Բայց սպասիր, բանից պարզվում է` դու լավ ես ցատկում: Միայն թե իզուր ես ցատկդ որպես թռիչք ներկայացնում: Դու ունակ չես թռչելու:
Դու, Ռաֆիկ Համբարձումյան, ձախողակ ես անգամ որպես սնապարծ: Քո «Հայոց պատմության խեղաթյուրումը այլևս անհանդուրժելի է», կամ որ նույնն է` «Հերիք է գովաբանեք Մովսես Գորգիսյանին» հրապարակման մեջ Մովսեսին հակադրում ես արցախյան կռվում զոհված և իրենց արժանի գնահատանքը չստացած ազատամարտիկներին, խոսում նրանց շահերից:
Նախ` ազգային հերոսի կոչումը լիմիտավորված չէ, և Մովսեսի պատճառով չէ, որ, օրինակ, Լեոնիդ Ազգալդյանը, որ ԱԻՄ-ի Անկախության բանակի ռազմական խորհրդի անդամ էր, հերոսի կոչում չի ստացել: Պատճառն այն է, որ մեր երկրում դեռևս չի ձևավորվել գնահատանքի մշակույթը:
Իրենց գլուխը արցախյան պատերազմում դրած շատ արժանավոր մարդիկ կան, որ ստվերում են մնացել: Դա ցավոտ խնդիր է, որը դու փորձում ես շահարկել` մեղքի սուր ծայրն ուղղելով Մովսեսի հիշատակի դեմ:
Բայց Մովսեսը մի ուրիշ մեղք էլ ունի: Նա, ում համար դու ափսոսում ես անգամ «զոհվել» բառը, ըստ քեզ, «իր անփորձության պատճառով խփնվել է ազերի դիպուկահարի գնդակից» (ընդգծումն իմն է), ու նաև երկու ազատամարտիկի մահվան պատճառ դարձել: Ուրեմն ինչո՞ւ չես առաջարկում հետմահու մահապատժի ենթարկել Մովսեսին: Կամ ինչո՞ւ ես այդքան բարի, որ Մովսեսի հետ միասին մեր մյուս զոհված տղերքին էլ չես մեղադրում անփորձության մեջ:
Բայց որքա~ն փորձված ես դու:
Եվ այս ամենը դու ասում ես անցյալի փորձությունները փորձառություն դարձնելու, պատմական սուտն ու կեղծիքը վեր հանելու, ճշմարտությունը վերականգնելու դիրքերից, որովհետև լավ գիտես դրանց կարևորությունը ու նաև պատմական անարդարություններ ճաշակած ժողովրդի` ճշմարտություն որոնելու մղումը: Փնտրել ու գտե՞լ ես հայոց պատմությունը խեղաթյուրողներին:
Բարձրաձայն կարդա քո գրած հոդվածը ու կտեսնես, որ իրականում փորձել ես սնապարծությունդ բավարարել: Բայց ինչո՞ւ Մովսեսի հաշվին: Որովհետև ողջ չէ ու քեզ պատասխան չի՞ տա, որովհետև էլ ստիպված չե՞ս լինի քո իսկ նախաձեռնությամբ նրա կոշիկը համբուրել: Դու նրանից ավելի մեռած ես ու պարզապես ուզում ես քաղաքական կյանքում հոգեդարձ լինել:
Դե ուրեմն լսիր, թե քեզ ինչ եմ ասում. ծամիր քո քաղաքական ուխտը ուղտի դանդաղկոտությամբ, միայն թե այդպես գարշահոտ մի թքիր քեզնից վերև: Սա քեզ` մի խորհուրդ: Երկրորդ խորհուրդս` էլ մի զբաղվիր քաղաքական դիակապտությամբ, դա ազնիվ չէ, ու մի ստիպիր, չեմ ուզում իմ իրավունքով քեզ ասել. «Տվոյո մեստը վոզլե պարաշա, սուկա»:
Մեկնաբանություններ (32)
Մեկնաբանել