
Ժամկետային զինծառայող Աղասի Մկրտչյանի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել համածառայակցին
Կրտսեր Սերժանտ Աղասի Մկրտչյանի մահվան առթիվ հարուցված քրեական գործի նախնական քննությամբ տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ զինծառայողը մահացու հրազենային վիրավորումն ստացել է համածառայակցի կողմից մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու հետևանքով, պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Այս մասին «Հետք»-ի հարցին ի պատասխան ասաց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
Տռուզյանի խոսքով՝ ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Մկրտչյանի համածառայակցին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 26-ին` ժամը 20:10-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Աղասի Դերենիկի Մկրտչյանը ստացել է հրազենային վիրավորում և տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ, ըստ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության, ժամը 21:20-ին արձանագրվել է նրա կենսաբանական մահը:
Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, կատարվում են քննչական գործողություններ՝ կրտսեր սերժանտ Աղասի Մկրտչյանի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Մեկնաբանել