
Դուբայը շարունակում է գրավել «հեքիաթային» կյանք փնտրողներին
«Դուբայ էի գնում ռեստորանում մատուցողուհի աշխատելու, բարձր աշխատավարձ էին խոստացել, իսկ փող ինձ շատ էր հարկավոր: Չորս երեխա ունեմ, ութ տարի է, ինչ ամուսնուցս բաժանված եմ: Երբ հասա Դուբայ, հասկացա, որ ինձ խաբել են, որ ոչ մի ռեստորան էլ չկա: Ծեծում էին, ստիպում էին, որ փողոց դուրս գամ ու հաճախորդ գտնեմ, ես էլ չէի ուզում: Ասում էի, որ մարմնավաճառ չեմ լինելու, որ ինձ տուն ուղարկեն: Նրանք էլ պատասխանում էին, որ ինձ Դուբայ հասցնելու համար 1500 ԱՄՆ դոլար են ծախսել, որ երբ վերադարձնեմ, կարող եմ Հայաստան գալ»,- պատմում է 36-ամյա Անահիտը:
2005թ. սեպտեմբերի 23-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում սկսվեց ՀՀ ոստիկանության նախկին աշխատակից 40-ամյա Ալիկ Գասպարյանի դեմ ՀՀ Քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածով (Մարդկանց առեւտուր) հարուցված քրեական գործը:
Ա. Գասպարյանը 2003թ. հունվարից վարձով ապրում էր Երեւանի Չարենցի փողոցում բնակվող Ջուլիետա Ավետիսյանի բնակարանում: Թե ինչ մասնագիտություն ունի ու ինչով է զբաղվում, Գասպարյանը չէր պատմել Ջուլիետային, միայն զրույցներից մեկի ժամանակ ի միջի այլոց ասել էր, որ բիզնեսմեն է, Դուբայում շքեղ ռեստորան ունի ու բարետես մատուցողուհիներ է փնտրում: Ջուլիետան էլ հիշել է իր ընկերուհի Անահիտին, որի հետ 2002թ.-ին Մարտունիում աշխատել է մի ռեստորանում: Անահիտը մատուցողուհի էր, ինքը' ափսե լվացող:
Ջուլիետան զանգում է Անահիտին, հայտնում, որ նրա համար բարձր աշխատավարձով աշխատանք է գտել: Ալիկը Անահիտի հետ ծանոթանում է նրա եղբոր տանը: Հետո Անահիտը գրեթե ամեն օր գնում է Ջուլիետայի բնակարան' Ալիկի հետ աշխատանքի պայմանները քննարկելու: Զրույցներից մեկի ժամանակ Ալիկը Ջուլիետային ասում է, որ նա էլ կարող է մեկնել Դուբայ' իր ռեստորանում որպես ափսե լվացող աշխատելու: Ջուլիետան մեծ ուրախությամբ համաձայնվում է: Ալիկը վերցնում է երկու ընկերուհիների անձնագրերը, զանգում Դուբայում գտնվող իր «գործընկերոջը»' Լուսինե Քոչարյանին ու խնդրում մուտքի վիզաներով զբաղվել:
2005թ. փետրվարի 20-ին Ալիկը Անահիտին հայտնում է, որ թույլտվությունն արդեն պատրաստ է, եւ ամսի 23-ին նա կարող է մեկնել: Ջուլիետան հետաքրքրվում է իր վիզայով, Ալիկը պատասխանում է, որ պետք է մի քիչ սպասել, բայց անպայման կլինի: Մինչ Անահիտի Դուբայ մեկնելը, Ալիկը նրանից վերցնում է մոտ 400 դոլար արժողությամբ ոսկեղեն, որը պետք է տոկոսի տակ դներ եւ այդ գումարով մեկնելու հարցերը լուծեր: Խոստանում է մեկնելուց հետո անմիջապես ոսկեղենը վերցնել ու վերադարձնել Անահիտի ընտանիքին, բայց այդպես էլ չի վերադարձնում: Անահիտը մեկնում է Դուբայ: Որոշ ժամանակ անց Ալիկը Ջուլիետային հայտնում է, որ իր վիզան էլ է պատրաստ, եւ նա էլ կարող է մեկնել: Վիզայի համար Ալիկը Ջուլիետայից 700 դոլար է պահանջում: Ջուլիետան նրան է տալիս փողը ու սպասում մեկնելուն:
Մի օր էլ Ալիկը, առանց տան վարձը վճարելու ու բանալին տանտիրուհուն վերադարձնելու, անհետանում է' նրան թողնելով միան Դուբայ զանգելու համար կուտակված 854.000 դրամի հաշիվը: «Ես երբեք Հայաստանի սահմաններից դուրս չեմ գնացել, դրա համար էլ չէի կարող առանց Ալիկի մեկնել: Ոչ տեղ գիտեմ, ոչ' լեզու, գնայի' ի՞նչ անեի»,-ասում է Ջ. Ավետիսյանը: Մի քանի ամիս անց Ջուլիետային է զանգում Անահիտը եւ արտասվելով պատմում, որ Ալիկն ու Լուսինեն իրեն խաբել են ու ստիպում են մարմնավաճառությամբ զբաղվել: Նա ընկերուհուն զգուշացնում է, որ հանկարծ Դուբայ չգա:
Անահիտին Դուբայի օդանավակայանում դիմավորել են Ալիկի ընկերուհի Լուսինեն ու Լուիզա անունով մի կին: Հենց օդանավակայանում Լուսինեն Անահիտից վերցրել է անձնագիրը' ասելով, որ նրա հովանավորին պետք է փոխանցի, մինչ նա կաշխատի: Հաջորդ օրը Լուսինեն Անահիտին ասում է, որ պետք է սրճարան գնա ու հաճախորդ գտնի: Անահիտը հրաժարվում է մարմնավաճառությամբ զբաղվել: Լուսինեն զանգում է Ալիկին ու պատմում կատարվածը: Մեկ ամիս անց Դուբայ է ժամանում Ալիկը ու Անահիտին ծեծելով ստիպում աշխատել: Անահիտը Ալիկի ու Լուսինեի համար աշխատում է մոտ 9 ամիս' իր իսկ վկայությամբ նրանց տալով 26 000 ԱՄՆ դոլար, սակայն այդպես էլ չի կարողանում տուն վերադառնալ: «Ես ամեն կերպ ելք էի փնտրում, բայց ապարդյուն: Ոստիկաններին հանձնվել չէի կարող, քանի որ նրանց օրենքներով, եթե վերադարձի գումար չունես, բանտում այնքան ժամանակ պետք է մնաս, մինչեւ փող ճարես: Այդ ընթացքում մեկ անգամ զանգել եմ Հայաստանի ոստիկանության աշխատակից Տիգրան Պետրոսյանին, որի համարը աղջիկներից մեկն էր տվել, հետո էլ դիմել եմ Հայաստանի դեսպանատուն եւ օգնություն խնդրել, բայց անարդյունք»,-պատմում է Անահիտը:
Դուբայում հայտնվելուց երկու ամիս հետո, երբ Անահիտը արդեն ծանոթ էր Դուբային, որոշ չափով սովորել էր անգլերեն ու արդեն մենակ էր փողոց դուրս գալիս, զանգում է Երեւան' ընկերուհիներից մեկին: Նրան հայտնում են, որ Անուշ անունով մեկը, որին «Մամա Ռոզա» են անվանում, ոմն բանգլադեշցի Նելլիի միջոցով Անահիտի ավագ դստերը' այն ժամանակ անչափահաս, 17-ամյա Մ.-ին, Դուբայ է բերում, եւ նրանք արդեն Մոսկվայում են: Սարսափահար Անահիտը զանգում է Անուշին ու խնդրում աղջկան Դուբայ չբերել: Անուշն էլ պատասխանում է, որ գումար է ծախսել նրա վրա եւ պետք է այդ գումարը ետ ստանա: Մ.-ին հասցնում են Դուբայ ու ստիպում աշխատել: Աղջիկը մոտ 2 ամիս մարմնավաճառությամբ է զբաղվում: Նրան թույլ չեն տալիս տեսնել մորը: «Ես չգիտեի, թե ինչպես է աղջիկս նրանց ձեռքն ընկել, բայց դա արդեն այդքան էլ կարեւոր չէր, միայն մտածում էի, թե ինչ ճանապարհով կարելի է նրան փախցնել ու Հայաստան ուղարկել»,-ասում է մայրը:
Անահիտը մի կերպ կարողանում է գտնել աղջկան: Տեղափոխվում են Դուբայի ընկերուհիներից մեկի տուն, որտեղ էլ ոստիկանները բռնում են նրանց: Երկուսն էլ հայտնվում են բանտում: Անահիտին համապատասխան փաստաթղթեր ներկայացնելուց հետո ազատում են, իսկ աղջիկը 20 օր մնում է բանտում, մինչեւ մայրը գումար է գտնում ու նրան Հայաստան ուղարկում: Անահիտը դստեր' Դուբայում հայտնվելու մեջ Ալիկին կասկածելով' նրանից բացատրություն է պահանջում: Վերջինս ժխտում է իր կապն այս պատմության հետ ու Անահիտին ստիպում մի թուղթ գրել, որտեղ ասվում է, թե ինքն է վաճառել իր անչափահաս աղջկան: Հետո էլ Անահիտին հույս է տալիս, որ հետագայում այդ թուղթը կարող է օգտագործել հենց Անուշի դեմ:
9 ամիս հետո Անահիտը ընկերուհիներից մեկի հետ փախչում է: Ծանոթանում է մի արաբի հետ, որի օգնությամբ էլ ոստիկանների միջոցով վերցնում է անձնագիրը: Անձնագրի մի էջը պատռված է լինում, իսկ նկարը' նորից սոսնձված: Հուլիսին Դուբայի ոստիկանությունը Անահիտին ձերբակալում է ու արտաքսում Հայաստան: Անահիտն իր երեխաներին դեռ չի տեսել, նրանք սկեսրոջ հետ են ապրում' Լաչինում: «Այս ամբողջը երբ ավարտվի, անպայման նրանց մոտ կգնամ: Վստահ եմ, որ Մ.-ն ոչինչ չի ասել նրանց: Ամեն դեպքում, ուրախ եմ, որ ամեն ինչ ավարտված է»:
Հաջորդ նիստին ամբաստանյալը' ոստիկանության նախկին աշխատակից Ալիկ Գասպարյանը, դատարանին կներկայացնի «իր պատմությունը»:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել