
Լուսինե Մեջլումյան. «Ալավերդու պղնձաձուլական գործարանը գրավադրված է ՎՏԲ բանկում, սակայն բանկի սեփականությունը չի համարվում»
Երեկ՝ կեսօրից հետո, Ալավերդու պղնձաձուլական գործարանի Կոշաբերդի ծխնելույզից արտանետումներ գրեթե չեն եղել: Ալավերդիում շրջանառվում էին լուրեր, թե պղնձաձուլական գործարանը նույնպես «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանի կողմից գրավադրված է «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ում և այլևս դարձել է բանկի սեփականությունը:
Այսօր «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության տնօրեն Լուսինե Մեջլումյանը «Հետք»-ին հայտնեց, որ իր ղեկավարած ընկերությունում ոչ մեկին հաճելի չէ հնացած տեխնոլոգիաներով և անթույլատրելի արտանետումներով աշխատելը: «Գործարանում մի 2-3 օրով աշխատանքային կանգ է նախատեսված, հերթական վերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով», - բացատրեց Լ. Մեջլումյանը: Ալավերդու պղնձաձուլական գործարանը «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ում գրավադրված լինելու մասին մեր հարցին Լուսինե Մեջլումյանը պատասխանեց. «Պղնձաձուլական գործարանը ՎՏԲ բանկում գրավադրված է, դա ճիշտ է: Բայց այն բանկի սեփականությունը չի հանդիսանում: Ներկայումս բանակցություններ են ընթանում պղնձաձուլական գործարանը գրավից հանելու համար»,- հայտնեց նա:
Երեկ պարզեցինք, որ ՎՏԲ բանկի կողմից «Թեղուտ» ՓԲԸ-ում կառավարիչ է նշանակվել Միխայիլ Սիմյոնովը: Վերջինիս հետ մեզ չհաջողվեց հանդիպել։ «Թեղուտ» ՓԲԸ-ի երկու անցակետերում էլ ընկերության անվտանգության աշխատակիցները մեզ բացատրեցին, որ Միխայիլ Սիմյոնովը առայժմ ծանոթանում է «Թեղուտ» ՓԲԸ-ում տիրող իրավիճակին և ընկերության աշխատողների հետ դեռևս կոնտակտի մեջ չի մտնում: Անվտանգության աշխատողները մեզ խորհուրդ տվեցին Միխայիլ Սիմյոնովին հարցեր ուղղելու համար համբերել մի քանի օր: «Թեղուտ» ՓԲԸ-ում տիրող իրավիճակի և ընկերության հետագա ճակատագրի մասին մեր գրավոր հարցմանը «Վալլեքս» խմբի ընկերությունների տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Թագուհի Կարապետյանը հեռախոսով հայտնեց, որ առայժմ որևէ տեղեկատվություն չունեն «Թեղուտ» ՓԲԸ-ի իրավիճակի մասին:
«Տեղեկատվություն ստանալու դեպքում կտարածենք հաղորդագրություն»,- ասաց Թագուհի Կարապետյանը:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել