
Ժուլի Նիկոլա. «Հայաստանը օսթեոպատիկ կենտրոնի կարիք ունի»
Մաքսիմ Լուկասի դեմքից առավել կենտրոնացած են նրա ուժեղ ձեռքերի զգայուն մատները, որոնք մանրակրկիտ տնտղում են հիվանդի մատնանշած խնդրահարույց հատվածները ողնաշարի շրջանում: 22-ամյա ֆրանիսացի օսթեոպատը հայերեն մի քանի բառ գիտի: Հստակ արտաբերում ու հասկանում է «ցավ կա՞» եւ «մի քիչ» արտահայտությունները: Այսքանը բավարար է ֆրանսերեն եւ անգլերեն լեզվին չտիրապետող հիվանդների հետ շփվելիս: Հայ բժիշկուհին ընթացքում թարգմանում է առավել բարդ երկխոսությունները:
Աշխատանքը յուրաքանչյուր հիվանդի հետ՝ նայած բարդության, տեւում է 20-30 րոպե, որի ընթացքում հիմնականում բացակայում է ցավային զգացողությունը՝ վերջնարդյունքում ժպիտ եւ հայերի մեջ այնքան տարածված ֆրանսիական «մերսի»-ն:
Օսթեոպատների նկատմամբ վերաբերմունքը միանշանակ չէ, հատկապես, եթե մոտավոր պատկերացում չունես, թե ինչով են նրանք զբաղվում: Նրանք կախարդներ չեն, որ խոստանում են բուժել ձեռքի մի շարժումով, եւ ոչ էլ նեղ մասնագիտացված բուժաշխատողներ: Օսթեոպատները միավորում են թերապեւտին, նյարդաբանին, օրթոպեդին, վնասվածքաբանին, մանկաբույժին եւ գաստրոէնտերոլոգին՝ գրեթե բոլոր մասնագիտությունները, քանի որ օսթեոպատիայի էությունը բուժման ամբողջական մոտեցումն է` առանց դեղորայքային միջամտության:
«Գյումրեցիների համար բուժման նման մեթոդներով սեփական առողջությանը հետեւելը նորություն է՝ չունի երկար տարիների պատմություն,- ասում է բժիշկ-վերականգնողաբան Հասմիկ Պետրոսյանը,- ֆրանսիացի օսթեոպատների առաջին այցը Գյումրի 2014թ-ին է եղել: Ծրագիրն այն ժամանակ իրականացվում էր «Սամարիթեր» վերականգնողական կենտրոնի հետ: Երեք տարի այնտեղ ենք ընդունել ֆրանսիացի մասնագետներին, այս տարի արդեն Գյումրի բժշկական կենտրոնում իրականացրեցինք»:
Ֆրանսիացի օսթեոպատների խմբի ղեկավար Ժուլի Նիկոլան 28 տարեկան է: 4 տարի առաջ երիտասարդ ֆրանսուհին և հայազգի օսթեոպատ Սամուել Հաճիկյանը ստեղծել են ասոցիացիա՝ նպատակ ունենալով միավորել Ֆրանսիայում գործող բոլոր օսթեոպատներին: Հենց Սամուել Հաճիկյանի առաջարկով էլ, բարեգործական ծրագրի շրջանակում, ֆրանսիացի օսթեոպատներն առաջին անգամ այցելել են Հայաստան 2014թ-ին: Սկզբում աշխատել են Երեւանում գտնվող «Կարմի խաչի» եւ Գյումրիում գործող «Սամարիթեր» վերականգնողական կենտրոնների հետ: Այս տարի ֆրանսիացիներին հյուրընկալել էին Երեւանի Էրեբունի, Արաբկիր բժշկական կենտրոններն ու Գյումրու բժշկական կենտրոնը:
Հասմիկ Պետրոսյան եւ Ժուլի Նիկոլա
«Ես շատ եմ սիրում Հայաստանը, մարդկանց եւ ամեն տարի սպասում եմ, թե երբ ենք գալու,-խոստովանում է Ժուլի Նիկոլան,- ինձ համար տխրեցնող բաներ էլ կան ձեր երկրում՝ հատկապես Գյումրիում: Այստեղ մարդիկ գալիս են բարդացած խնդիրներով եւ հասկանում ես, որ ցավոք շատերը չունեն այնքան գումար, որ ժամանակին դիմեն մասնագետների: Ֆրանսիայում կա սոցիալական ապահովագրություն, եւ ցանկացած մարդ կարող է գնալ բուժում ստանալ: Ֆրանսիայում պացիենտները հիմնականում գալիս են փոքրիկ մեխանիկական խնդիրների համար, իսկ Հայաստանում շատ տարբեր է՝ գալիս են խորացված հիվանդություններով, անգամ Երեւանի եւ Գյումրիի հիվանդներն են տարբեր՝ մայրաքաղաքում ավելի թեթեւ է վիճակը: Օսթեոպատի ծառայությունից մեր երկրում շատ են օգտվում՝ մարդիկ հոգնել են դեղորայքային բուժումներից»:
Բժիշկ-վերականգնողաբան Հասմիկ Պետրոսյանի փոխանցմամբ, առաջին տարվա ընթացքում Գյումրիում ֆրանսիացի օսթեոպատներն աշխատել են 500 հիվանդի հետ՝ 800 սեանսով: Հետագայում դիմողների թիվը պակասել է, սակայն դա պայմանավորված չէ առողջացումներով, այլ ըստ բժշկուհու, արտագաղթի հետեւանք է: Այս տարի Գյումրի բժշկական կենտրոնում ընդունել են 200 հիվանդ՝ 550 սեանսով:
«Հայերի դիմելիությունը վերականգնողական բժշկությանը ցածր է: Սա երիտասարդ գիտություն է, նույնիսկ բժիշկները նոր-նոր են սկսում ծանոթանալ մեր հնարավորություններին: Մեր արածի արդյունքները գուցե ավելի դանդաղ են ի հայտ գալիս, սակայն դրանք հիմնավոր են ու դրական էֆեկտը զգացած հիվանդն ինքն է հետագայում խորհուրդ տալիս իր ծանոթներին դիմել մեզ»:
Մաքսիմ Լուկաս
Փարիզում ծնված Մաքսիմ Լուկասն առաջին անգամ է Հայաստանում: Օսթեոպատի մասնագիտությունն ընտրել է, երբ առաջին անգամ ծնողների հետ այցելել են մասնագետին: Ասում է, որ զարմացել է տեսածից ու որոշել անպայման դառնալ օսթեոպատ: «Ես շատ ուրախ կլինեմ, եթե որպես կամավոր կարողանամ «Էքոսթեոյի» շրջանակներում հաջորդ տարի վերադառնալ Հայաստան եւ աշխատել հայ հիվանդների հետ: Ինձ շատ դուր եկավ Գյումրին, որպես փոքրիկ, ավանդական քաղաք, այստեղ ես զգացի հայկական շունչը եւ ուրախ էի, որ բացի մեծ Երեւանից տեսա նաեւ այլ քաղաք՝ լրիվ տարբերվող: Առաջին հայերեն բառերը, որ շատ կարեւոր էին իմ գործում ու առաջինն եմ սովորել «ցավ կա՞» հարցն է: Հայաստանն ինձ շատ դուր եկավ, մարդիկ շատ ջերմ են»,- խոստովանում է Մաքսիմ Լուկասը:
«Ճիշտն ասած գուցե կողքից հեշտ է թվում, որ հա, մասնագետներ են, եկել, բարեգործություն են անում, սակայն դրա համար Ժուլին մի ողջ տարի միջոցառումներ է անում, դրամահավաք է կազմակերպում, որ 25-30 հոգանոց խումբը կարողանա գալ Հայաստան,- ասում է Հասմիկ Պետրոսյանը,- իրենք փոքր խմբերով են գալիս՝ երկշաբաթյա ժամկետով եւ աշխատում են բավական խիտ գրաֆիկով»:
«Մենք կշարունակենք գալ, քանի դեռ այդ հնարավորությունը կլինի,- խոստանում է Ժուլի Նիկոլան,-սակայն մեր նպատակը Հայաստանում օսթեոպատներ պատրաստելն է: Կուզենայինք այստեղ կենտրոն ստեղծել՝ Հայաստանը կարիք ունի օսթեոպատիկ կենտրոնի: Մեր այցերի արդյունքում ենք եկել նման եզրակացության եւ ուրախ կլինեինք, եթե ձեր կառավարությունն աջակցեր մեզ այս հարցում»: Ֆրանսիացի օսթեոպատների այցերը շատ կարեւորում են Գյումրու բժշկական կենտրոնում: Հասմիկ Պետրոսյանի փոխանցմամբ, իրենք ունեն հիվանդներ, որոնք առաջին տարին դիմել են, ունեցել դրական արդյունք եւ ամեն տարի սպասում են, թե երբ են նորից ֆրանսիացի մասնագետներն այցելելու:
«Սա նաեւ լավ հնարավորություն է տեղի մասնագետների համար: Մեր թիմի մանուալ թերապիստը վերապատրաստվել է ՌԴ-ում, ինքը ռուսական դպրոցի ներկայացուցիչ է եւ այս այցերի շնորհիվ հնարավորություն ունի ծանոթանալու ֆրանսիական դպրոցին, քանի որ տեխնիկան տարբերվում է: Բարեգործական նմանատիպ ծրագրերը մեծ հնարավորություն են փորձի փոխանակման, նոր բան սովորելու առումով, որովհետեւ ինչ-որ բաներ էլ իրենք են մեզանից վերցնում»,- նկատում է Հասմիկ Պետրոսյանը:
Մեկնաբանել