
Աքորիի դպրոցում կրքերը չեն հանդարտվում. ըստ փոխտնօրենի՝ կոլեկտիվը չի հանդուրժի կեղծիքներով ընտրված տնօրենին
Հունվարի 16-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը հանդիպեց Աքորի գյուղի միջնակարգ դպրոցի 40-ից ավելի մանկավարժների հետ, ովքեր դեկտեմբերի 20-ին անցկացված դպրոցի տնօրենի անարդարացի ընտրության պատճառով արդեն մոտ մեկ ամիս աշխատանքային բոյկոտ են հայտարարել: Հանդիպմանը ներկա էր նաև Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը:
Հանդիպմանը չէր ներկայացել Աքորիի գյուղապետ, դպրոցի կառավարման խորհրդի նախագահ Կամո Սիմոնյանը: Անահիտ Բախշյանն անմիջապես նկատեց և անթույլատրելի համարեց գյուղապետի բացակայությունը:
«Ես ցանկություն չեմ հայտնել դպրոցի կառավարման խորհրդի հետ հանդիպել, միգուցե պատճառը հենց այդ է, որ գյուղապետը չի ներկայացել հանդիպմանը: Ես եկել եմ մանկավարժների հետ հանդիպելու և կհանդիպեմ մանկավարժներին: Հիմա եթե դուք ուզում եք դպրոցի կառավարման խորհրդի նախագահի հետ հանդիպել, բնականաբար, կարող եք գնալ նրան հանդիպել, նա ձեզանից ավելի մոտ է ապրում, քան ես»,- Երևանից ժամանած պատգամավորին պատասխանեց մարզպետ Արթուր Նալբանդյանը:
«Մոտ է ապրում, բայց մարդիկ չեն կարողանում նրա հետ խոսել»,- մարզպետին հակադարձեց Անահիտ Բախշյանը: «Չեմ կարծում»,- պատասխանեց մարզպետը:
Նախորդ տարվա դեկտեմբերի 20-ին Աքորիի դպրոցի կառավարման խորհրդի անցկացրած դպրոցի տնօրենի ընտրությունից հետո խաթարվել է Աքորի գյուղի դպրոցի անդորրը: Մանկավարժները լարված հոգեվիճակում են, դպրոցում առ այսօր ուսումնական պարապմունքներ չեն անցկացվում:
Այս պարագայում դպրոցի կառավարման խորհրդի նախագահ Կամո Սիմոնյանը պարտավոր էր ներկա լինել հանդիպմանը և դպրոցում ու գյուղում ստեղծված վիճակի վերաբերյալ պարզաբանումներ տալ ուսուցիչներին մարզպետի և պատգամավորի ներկայությամբ:
Գրեթե բոլոր քննարկումներին ուսուցչուհի, դպրոցի խորհրդի քարտուղար Սեդա Թոմոյանը և տնօրենի հավակնորդ Արմեն Նիազյանի մայրը՝ Գեղեցիկ Նիազյանը, տնօրենի հավակնորդ Անահիտ Մուսայելյանի և խորհրդի նախագահ Կամո Սիմոնյանի կողմից իրենց կաշառք առաջարկվելու փաստեր են հրապարակել: Այս լուրերը տեղ են գտել նաև մամուլում, սակայն առ այսօր չեն արժանացել մարզի իրավապահների ուշադրությանը:
Հանդիպման ժամանակ մարզպետ Արթուր Նալբանդյանը մի քանի անգամ վրդովված անդրադարձավ այդ հայտարարություններին, որոնց մասին, իր ասելով, տեղեկացել էր ինտերնետից: «Բա որ մարդուն զրպարտում են, որ խորհրդի անդամներից կամ մարզպետարանից որևէ մեկը փող է վերցրել, բա պետք է մարդը պատասխան տա, չէ՞, դրա համար: Էդ ով է ասել, թե պետք է անպատասխան մնան իրենք»,- ասաց մարզպետը:
Այս կապակցությամբ Արթուր Նալբանդյանը հարցրեց դպրոցի խորհրդի քարտուղար Սեդա Թոմոյանին. «Առաջին օրվանից սկսած՝ Դուք ասում եք՝ Ձեզ փող է առաջարկվել: Հիմա միանշանակ պնդելո՞ւ եք, որ այդ փողը առաջարկել են»: «Այո, ապացուցելու համար 8-9 վկա կա»,- հաստատեց ուսուցչուհին:
Տնօրենի հավակնորդ Արմեն Նիազյանի՝ տնօրեն ընտրվելու համար վերևներում 5 հազար դոլար կաշառք տալու մասին գյուղապետ Կամո Սիմոնյանի իրեն արած առաջարկությունը մարզպետի ներկայությամբ հաստատեց նաև հավակնորդի մայրը՝ տիկին Գեղեցիկը:
«Կանչեք գյուղապետին, իրեն երեսին ասենք»,- միաձայն պահանջեցին ուսուցիչները: «Դե, հիմա ես համայնքի ղեկավարի հետ հանդիպման չեմ եկել, որ ես համայնքի ղեկավարին կանչեմ»,- ասաց մարզպետը: «Որպես դպրոցի խորհրդի նախագահ՝ կանչեք»,- համառեցին ուսուցիչները: «Խորհրդի նախագահին ուզում եք տեսնել՝ շատ ազատ կարող եք գնալ տեսնել»,- ներկաներին ասաց մարզպետը:
Հիշեցնենք, որ այս ուսումնական տարվա օգոստոսյան խորհրդակցության ժամանակ իր ելույթում մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզի ուսուցիչներին խոստացել էր պայքարել դպրոցներում կոռուպցիոն երևույթների դեմ:
Հանդիպման հենց սկզբից Արթուր Նալբանդյանը ուսուցիչներին ասաց, որ դպրոց է եկել ընդամենը նրանց լսելու. «Եկել եմ, որ տպավորություն չստեղծվի, թե մարզպետարանը հետևողական չէ իր աշխատանքների նկատմամբ, հատկապես մարզպետարանի ենթակայության տակ գտնվող հիմնական դպրոցի նկատմամբ»:
Դպրոցի փոխտնօրեն Սեդա Խլոպուզյանը Արթուր Նալբանդյանին հայտնեց, որ 3 տասնամյակից ավելի Աքորիի միջնակարգ դպրոցը պատվավոր տեղ է ունեցել մարզի լավագույն դպրոցների շարքում, սակայն այսօր կոլեկտիվը հայտնվել է կոտրած տաշտակի առջև:
«Մեր մանկավարժական կոլեկտիվը վիրավորված է: Վիրավորված ենք մեր նկատմամբ դրսևորված վերաբերմունքից: Վիրավորված ենք նաև նրա համար, որ մեր իսկ սաները, ովքեր այսօր դպրոցի խորհրդի նախագահ և անդամներ են, չկարողացան հարգել համայնքին, դպրոցի մանկավարժական կոլետիվին և գյուղի բնակիչներին»,- ասաց Սեդա Խլոպուզյանը:
Փոխտնօրենը նշեց, որ դրա համար իրենք մեղադրում են իրենց, որ նման մարդիկ են դաստիարակել: «Ինչո՞ւ մեր համայնքապետը դպրոցի մանկավարժական կոլեկտիվի հետ չէ: Ինչո՞ւ մի անգամ գյուղի դպրոցի տնօրենի իր նախընտրած թեկնածուին նա չներկայացրեց մանկավարժական կոլեկտիվին և չասաց. «Հարգելի կոլեկտիվ, այս մարդը ունի այսքան արժանիքներ, ցանկանում է աշխատել Ձեզ հետ»: Չէ՞ որ Անահիտ Մուսայելյանը անծանոթ է մեզ: Մենք չգիտենք՝ ինչպիսի մարդ է նա, մենք միայն գիտենք, որ երկու անգամ այդ տիկինը մտել է մեր դպրոցը, որևէ մեկին չի բարևել»,- ասաց Սեդա Խլոպուզյանը:
«Դուք բարևեիք»,- արձագանքեց մարզպետը: «Ներեցեք, մենք կբարևենք նրան, ով արժանի է: Թող Մուսայելյանը լինի ամենաբարձր կազմակերպական ունակություններով մարդ, բայց նա տնօրեն ընտրվել է կեղծիքներով, իսկ կոլեկտիվը կեղծիքներով ընտրված տնօրենին չի հանդուրժի»,- մարզպետին պատասխանեց Սեդա Խլոպուզյանը:
Արթուր Նալբանդյանն ասաց, որ կոլեկտիվն ունի 2 ճանապարհ: Մեկը այն ճանապարհով գնալն է, «որի համար չգիտեմ ովքեր պատասխանատվություն կկրեն, որովհետև մի ամբողջ 300-ից ավել աշակերտների կրթության պատասխանատվությունը մնում է Ձեր ուսերին»: Մարզպետը սա սխալ ճանապարհ համարեց և կոլեկտիվին խորհուրդ տվեց գնալ երկրորդ ճանապարհով՝ ընտրությունները կեղծվելու հարցով դիմել դատարան:
Արթուր Նալբանդյանը նշեց, որ ժամանակին մարդիկ մատների արանքով են նայել կառավարման խորհուրդների կազմավորմանը: Ուսուցիչները մարզպետին բողոքեցին, որ խորհրդում ՀՀ գիտության և կրթության նախարարության ներկայացուցիչը Աքորիի մանկապարտեզի տնտեսվար Գայանեն է, նրան և համայնքի էլի երկու անդամի՝ իր կնոջը և տեղակալին, խորհրդի անդամ է նշանակել Կամո Սիմոնյանը:
«Կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչների մասին ըստ կարգի մենք ստացել ենք գրություն նախարարի կողմից»,- հայտարարեց մարզպետը: «Այսինքն՝ կրթության նախարարությունը գիտեր այդ աղջկա տեղը, դուք եք ուղարկել այդ մարդու անունը»,- արձագանքեց Անահիտ Բախշյանը:
Իր եզրափակիչ խոսքում Արթուր Նալբանդյանն ասաց. «Կրթության և գիտության նախարարության հանձնարարությամբ կրթության տեսչությունից արդեն եկել են, իրենց եզրակացությունը կտան՝ դրական կամ բացասական: Տրված եզրակացությունից արդեն խորհուրդը որոշում կկայացնի՝ նոր ընտրություննե՞ր ենք կայացնում, թե՞ գնում ենք ընտրված տարբերակին: Ես այսօր չեմ կարող Ձեզ պատասխանել, որովհետև կրթության նախարարությունից մենք պատասխան դեռ չենք ստացել»:
Մարզպետի մեկնելուց հետո դպրոցի մանկավարժական կոլեկտիվի ժողովը որոշեց շարունակել բողոքի ակցիան: Կոլեկտիվի 31 անդամի ստորագրությամբ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին ուղղված դիմում-բողոք հանձնվեց ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանին, որ հանձնի նախարարին: Անահիտ Բախշյանը խոստացավ սատարել մանկավարժներին:
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել