
«Գնթունիք»-ը տուգանվել է․ ընկերությունը կվճարի շուրջ 4 միլիոն դրամ լրացուցիչ հարկ
Պետական եկամուտների կոմիտեն Ապարանի քաղաքապետին պատկանող «Գնթունիք» ընկերությունում իրականացրել է համալիր ստուգում, ինչից հետո ՍՊԸ-ին առաջադրվել է շուրջ 4 միլիոն դրամ լրացուցիչ հարկային պարտավորություն: Ստուգումը, ըստ ՊԵԿ-ի հաղորդագրության, կատարվել է «Հետք»- ում հրապարակված հոդվածից հետո:
Հիշեցնենք, ավելի վաղ գրել էինք, որ Ապարանում գործող «Գնթունիք» սուպերմարկետը հաճախորդներին տրամադրում է անօրինական ՀԴՄ կտրոններ, ինչի արդյունքում չի արձանագրվում ընկերության վճարելիք հարկերի իրական չափը:
ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ «Գնթունիք» ապրանքային նշանի անվան տակ այժմ գործունեություն են իրականացնում հինգ տարբեր հարկ վճարողներ, որոնցից երեքի մոտ նախկինում հայտնաբերվել են հարկային խախտումներ: Ներկայացնում ենք ՊԵԿ-ի պատասխանն ամբողջությամբ:
Թե ինչ է փոխել այս ստուգումը «Գնթունիք»-ի գործունեության մեջ, կանդրադառնանք առաջիկայում:
«Ի պատասխան Ձեր հարցման` տեղեկացնում ենք, որ «Գնթունիկ» սպառման ապրանքային նշանի անվան տակ գործունեություն են իրականացնում հետևյալ հարկ վճարողները.
Հ/Հ |
ՀՎՀՀ |
Անվանումը |
Իրավական տեսակը |
Գործունեության հասցեն |
1. |
05203536 |
«Գնթունիկ» |
ՍՊԸ |
Ապարան,Բաղրամյան 26 Ապարան,Բաղրամյան 49 |
2. |
55808699 |
Մնացական Եղիազարյան
|
Անհատ ձեռնարկատեր
|
Ապարան,Բաղրամյան 47 Ապարան, Բաղրամյան 35 |
3. |
55812953 |
Անահիտ Մնացականյան |
Անհատ ձեռնարկատեր
|
Ապարան,Բաղրամյան 34 -4 |
4. |
00149198 |
«Գրին Պալմա» |
ՍՊԸ |
ԵՐԵՎԱՆ ԴԱՎԹԱՇԵՆ, Միկոյան 2/1 |
5. |
57323962 |
Նարեկ Միքայելյան |
Անհատ ձեռնարկատեր
|
ԵՐԵՎԱՆ ԴԱՎԹԱՇԵՆ Միկոյան 2/1 |
1. «Հետք» թերթում 16.07.2018թ. հրապարակված հոդվածից հետո «Գնթունիկ» ՍՊ ընկերությունում իրականացվել է համալիր հարկային ստուգում, որի արդյունքում 06.08.2018թ. կազմվել է թիվ 3000471 ստուգման ակտը, որով ընկերությանը առաջադրվել է, ընդհանուր առմամբ, 4 381 351 դրամ լրացուցիչ հարկային պարտավորություն: Մասնավորապես ստուգմամբ պարզվել է հետևյալը.
- Ընկերության կողմից ներկայացված սկզբնական փաստաթղթերի, գույքագրման և չափագրման, ինչպես նաև շահութահարկի հաշվարկների համադրման արդյունքում արձանագրվել է «Հարկերի մասին» օրենքի 22/1 հոդվածի պահանջների, «Շահութահարկի» օրենքի 7 և 9-րդ հոդվածների պահանջների խախտումներ: Ընդամենը շահութահարկի մասով առաջադրվել է լրացուցիչ վճարման 1 280 214 դրամ:
- Ընկերության կողմից ներկայացված սկզբնական փաստաթղթերի և ԱԱՀ-ի հաշվարկների համադրման արդյունքում արձանագրվել է «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքի 27-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջների, 26-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի պահանջների խախտումներ, ինչի արդյունքում առաջադրվել է ԱԱՀ-ի լրացուցիչ վճարման 3 243 506 դրամ ( նույն թվում՝ հարկ 2 253 020 դրամ և տուգանք 990 486 դրամ): «Հարկերի մասին» օրենքի 23-րդ հոդվածով նախատեսված տույժեր չի հաշվարկվել՝ ԱՀՔ-ի գերավճարների առկայությամբ պայմանավորված:
- Ընկերության կողմից խախտվել են նաև կառավարության 05.10.2017թ. թիվ 1318-Ն որոշման հավելված 3-ով սահմանված ՀԴՄ կիրառության կանոնների 4-րդ և 9-րդ կետերի պահանջները, որի համաձայն նույն կարգի 24-րդ կետի գնված ապրանքի կամ ստացված ծառայության արժեքի կամ քանակի չմուտքագրելը հսկիչ դրամարկղային մեքենա դիտվում է ՀԴՄ կիրառության կանոնների խախտում: Արդյունքում տնտեսվարող սուբյեկտին «ՀՀ Հարկային օրենսգրքի» 416 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով սահմանված կարգով առաջադրվել է տուգանք՝ 300 000 դրամի չափով և գործունեության կասեցում՝ այդ վայրում և այդ մասով 5 օրով:
- Համադրելով «Գնթունիք» ՍՊ ընկերությունում փաստացի աշխատանքային գործունեությամբ զբաղված անձանց և ստուգման պահին առկա աշխատանքային պայմանագրերը՝ արձանագրվել է օրենսդրությամբ կարգով չձևակերպված 2 աշխատակից, արդյունքում «Գնթունիկ» ՍՊ ընկերությանն առաջադրվել է լրացուցիչ վճարման 120 000 դրամ եկամտային հարկի գումար, քանի որ ընկերության կողմից խախտվել են «Աշխատանքային օրենսգրքի» 14-րդ հոդվածի պահանջները: Համաձայն «ՀՀ Հարկային օրենսգրքի» հոդված 412-ի՝ աշխատողի աշխատանքի ընդունումը օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու և նոր աշխատողի համար Օրենսգրքի 156-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում գրանցման հայտ չներկայացնելու փաստը հարկային մարմնի կողմից իրականացվող համալիր կամ թեմատիկ հարկային ստուգումների ընթացքում, իսկ ապօրինի գործունեություն իրականացնողների մոտ՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում գործատուից յուրաքանչյուր չձևակերպված աշխատողի համար գանձվում է տուգանք 60 000 դրամի չափով, եթե չձևակերպված և առանց հայտի աշխատող վարձու աշխատողների քանակը մեկից երեքն է:
Միաժամանակ հայտնում ենք, որ ստուգմանը նախորդող մեկ տարվա ընթացքում արձանագրվել է ՀԴՄ կանոնների խախտում՝ 07.12.2017թ. 300 000 դրամ և վերջին բյուջեի ստուգում կատարվել է 25.07.2016թ., որի արդյունքում առաջադրվել է 1 129 711 դրամ լրացուցիչ պարտավորություն:
2. Անհատ ձեռնարկատեր Մնացական Եղիազարյանի /ՀՎՀՀ 55808699/ մոտ իրականացված հսկողական աշխատանքների արդյունքում 09.06.2017թ. կազմվել է թիվ 1110832 ստուգման ակտը/ՀԴՄ կիրառման ճշտություն և չգրանցված աշխատող/, որով անհատ ձեռնարկատիրոջն առաջադրվել է լրացուցիչ վճարման՝ 270 000 դրամ գումար, որից ՀԴՄ տուգանք՝ 150.000 դրամ և եկամտային հարկ՝ 120.000 դրամ: Ներկա պահին տնտեսվարող սուբյեկտի մոտ իրականացվում են հսկողական աշխատանքներ:
3. Անհատ ձեռնարկատեր Անահիտ Մնացականյանի /ՀՎՀՀ 55812953/ մոտ վերջին մեկ տարվա ընթացքում իրականացված հսկողական աշխատանքների արդյունքում կազմվել են՝ 06.04.2018թ.թիվ 4100068 ստուգման ակտը /ՀԴՄ կիրառման ճշտություն/, որի արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել, 08.12.2017թ. թիվ 2138814 ստուգման ակտը/ՀԴՄ կիրառման ճշտություն/, որի արդյունքում առաջադրվել է լրացուցիչ վճարման՝ 150 000 դրամ գումար, 22.08.2017թ. կամերալ ուսումնասիրության հիման վրա ՓՀՎ ՀՏ-Վարչության կողմից 22.08.2017թ. կազմվել է թիվ 7170109 ստուգման ակտը/ «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1.1 կետի պահանջների խախտում/, որի արդյունքում առաջադրվել է 182.66 ՀՀ դրամի լրացուցիչ պարտավորություն: Ներկա պահին տնտեսվարող սուբյեկտի մոտ իրականացվում են հսկողական աշխատանքներ:
4. Անհատ ձեռնարկատեր Նարեկ Միքայելյանի /ՀՎՀՀ 57323962/ մոտ ներկա պահին իրականացվում են հսկողական աշխատանքներ»:
Նշենք, որ ՊԵԿ-ի հաղորդագրության մեջ ընկերությանն առաջադրված լրացուցիչ հարկային պարտավորության ընդհանուր չափը տարբերվում է ներկայացված առանձին կետերի հանրագումարից, որը կազմում է մոտ 4 միլիոն 900 հազար դրամ։ ՊԵԿ-ից, որպես պարզաբանում, մեզ տեղեկացրին, որ իրականում ընկերությանն առաջադրվել է մոտ 4 միլիոն 900 հազար դրամի լրացուցիչ հարկային պարատավորություն (ներառյալ տուգանքները), սակայն ընդհանուր գումարը ներկայացվել է մոտ 4 միլիոն 300 հազար, քանի որ հենց այդքան գումար է մտնելու պետբյուջե, իսկ շուրջ տասը տոկոսը ուղղվում է ՊԵԿ-ի արտաբյուջետային ֆոնդ:
առաջին լուսանկարը՝ Արթուր Ավագյանի, աղբյուրը՝ ֆեյսբուք
Մեկնաբանել