
Վարչապետ. «Մյուս շաբաթվանից կարող ենք հանրության հետ երկխոսել՝ հարկային օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ»
Կառավարության ադապտացիոն շրջանը ավարտված է, մեկնարկում է բարեփոխումների լայնածավալ գործողությունների շրջանը, որոնք «տնտեսական ու քաղաքական զարգացման նոր շունչ են բերելու»: Այս մասին կառավարության նիստի սկզբում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք պետք է արձանագրենք բարեփոխումների մեր մեթոդաբանությունը՝ հաշվի առնելով Հայաստանում առկա քաղաքական իրողությունները: Ընդհանրապես ընդունված է ասել, որ բարեփոխումները ցավոտ գործընթաց են: Ես կարծում եմ, որ մենք պետք է այս տրամաբանությունից հրաժարվենք, բարեփոխումների մեր ալգորիթմը պետք է լինի ընդարձակ երկխոսությունը հանրության հետ և հանրության շրջանում համաձայնության հաստատումը այս կամ այն բարեփոխման ուղղությամբ»,- ասաց վարչապետը:
Փաշինյանի խոսքով՝ եթե որևէ բարեփոխում իրականացնելու համար կան բավարար փաստարկներ, ապա նույն փաստարկներով կառավարությունը պետք է ներկայանա հանրությանը:
«Եվ ես համոզված եմ, որ այս ճանապարհով մեր բարեփոխումները կլինեն առավել արդյունավետ, ի վերջո չպետք է մոռանանք, որ ունենք կառավարման նոր համակարգ, որը պայմանականորեն կոչում ենք ուղիղ ժողովրդաիշխանություն, մենք պետք է կառավարման այս համակարգից բխող գործողություններ անենք: Կարծում եմ՝ մյուս շաբաթվանից կարող ենք հանրության հետ երկխոսություն սկսել հարկային օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ: Մենք այդ երկխոսությունը կիրականացնենք տարբեր ծավալներով, տարբեր ձևաչափերով, մեր խնդիրը կլինի առաջարկվող մոդելների վերաբերյալ հանրային աջակցություն և հանրային ընկալում ձևավորելը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ որևէ բարեփոխում չի լինելու հապշտապ կամ թելադրված, բարեփոխումները պետք է ուղիղ կապ ունենան ազգային շահերի հետ:
«Պետք է ազդարարենք մեր աշխատանքի նոր փուլի մեկնարկը, մեզ բոլորիս մաղթում եմ պրոֆեսիոնալիզմ, իմաստնություն և իհարկե հաջողություն»,- ասաց նա:
Մեկնաբանել