
Հայաստանի ամենաերիտասարդ ծրագրավորողը
Լեհաստանում օգոստոսի 18-25-ը տեղի ունեցած Ինֆորմատիկայի հերթական օլիմպիադայում երեւանցի 16-ամյա Վահե Մուսոյանը շահել է ոսկե մեդալ:
2004 թվականի Համահայկական ծրագրավորման մրցույթում Վահե Մուսոյանն ամենաերիտասարդ մասնակիցն էր' 15 տարեկան: Այս մրցույթի անհատական փուլում նա գրավեց 5-րդ տեղը, իսկ թիմային փուլում' 2-րդը: Ընդ որում' մրցույթի խնդիրների ստուգման եւ գնահատման ծրագիրը նա էր մշակել: Ծրագրավորման բաց մրցույթի այս տարվա 200 մասնակիցների մեջ Վահեն անհատական եւ թիմային ձեւերում գրավել է առաջին տեղերը: Արդեն նախկին մրցույթների ժամանակ ընկերացած մասնակիցները մրցույթից կես ժամ առաջ կատակում էին. «Հեսա Վահեն հինգ րոպեում խնդիրները կլուծի»:
Երբ հանդիպեցինք Վահեի հետ, մի փոքր հուզված էր. խոստովանեց, որ առաջին անգամ է հարցազրույց տալիս: Հարցրեցինք, թե արդյոք չի հոգնում միմյանց հաջորդող մրցույթներից ու օլիմպիադաներից: Ասաց, որ հենց հերթը հասնում է հոգնելուն, օլիմպիադաները վերջանում են: Հետո ավելի լուրջ ասաց, որ դրանք իր համար ինքնանպատակ չեն, եւ հույս ունի, որ ձեռք բերած փորձն ապագայում իրեն շատ կօգնի:
14 տարեկանից Վահեն մասնակցում է ինֆորմատիկա եւ մաթեմատիկա առարկաների օլիմպիադաների եւ ծրագրավորման մրցույթների: Այս տարի էլ Մեքսիկայում Մաթեմատիկայի 17-րդ միջազգային օլիմպիադայից վերադառնալու հենց հաջորդ օրը նա մասնակցեց Հայաստանի Ծրագրավորման բաց մրցույթին:
Առաջին անգամ Վահեն օլիմպիադային մասնակցել է 2003 թվականին. ԱՄՆ-ում տեղի ունեցած Ինֆորմատիկայի միջազգային 15-րդ օլիմպիադայում ստացել է վկայական եւ արժանացել բրոնզե մեդալի:
Նույն թվականին Ճապոնիայում անցկացված Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադիայից հետո, ինչպես ինքն է նշում' հասկացա, որ մաթմատիկա պետք է ավելի շատ պարապեմ: 2004-ին Հունաստանում կայացած Ինֆորմատիկայի 16-րդ միջազգային օլիմպիադան ավելացրեց Վահեի բրոնզե մեդալների շարքը:
Օլիմպիադաները հնարավորություն են տալիս նաեւ ճամփորդել: Վահեի խոսքերով' մրցույթների ընթացքում ամենահաճելին ընդմիջումներն են: Այդ ժամանակ նրանք հնարավորություն են ունենում ծանոթանալ տարբեր երկրների պատմությանը, մշակույթին, մարդկանց:
Տպավորությունները բազմազան են. «Ճապոնացիները չափազանց բարեհամբույր են. մի անգամ հյուրանոցի սենյակի բանալիներն էինք կորցրել, անմիջապես նորը տվեցին առանց որեւէ նկատողության: Հույներն ամեն ստից բանից կռիվ էին սարքում: Մեքսիկացիներին, չգիտեմ ինչու, արտաքինով նմանեցնում էի հայերին»,- պատմում է Վահեն:
Վահեն ծնվել է 1989 թվականին, Մեծամորում: Հետո ընտանիքով տեղափոխվել են Երեւան: Ծնողները մասնագիտությամբ ծրագրավորողներ են: Քույրը սովորում է ԱՄՆ-ում' ծրագրավորման բնագավառում, իսկ եղբայրը մասնագիտությամբ ֆիզիկոս է, ապրում եւ աշխատում է Ֆրանսիայում: «Տան խոսակցության թեմաները հաճախ են առնչվում համակարգչին, նոր տեխնոլոգիաներին, այդ պատճառով դեռ փոքր տարիքից հնարավորություն եմ ունեցել օգտվել համակարգչից»,-ասում է Վահեն: «Քվանտ վարժարանում ծրագրավորման դասընթացներին մասնակցելուց հետո էլ հասկացա, որ ծրագրավորման ոլորտն ինձ շատ է հետաքրքրում»: Քվանտում Վահեն սովորել է 7-րդ դասարանից: «Վարժարանում ուսանելն ինձ շատ օգնեց, որովհետեւ մինչ այդ միջնակարգ դպրոցում սովորելու ժամանակ ինֆորմատիկա առարկան ինձ համար այնքան էլ հասկանալի չէր»:
Սեպտեմբերից Վահեն ուսումը շարունակում է Երեւանի պետական համալսարանի Կիրառական մաթեմատիկայի եւ Ինֆորմատիկայի ֆակուլտետում: Որպես միջազգային օլիմպիադաների մասնակից' նա առանց քննությունների կարող էր ընդունվել ցանկացած պետական բուհ:
Ուսման հետ կապված միակ դժվարությունը Վահեի համար մասնագիտական գրքերի անմատչելիությունն է: «Մասնագիտական գրքերից օգտվելը մի փոքր բարդ է, Հայաստանում այդպիսի գրքեր շատ քիչ կան: Ինտերնետով պատվիրելու դեպքում էլ, երբ հերթը հասնում է առաքման վայրը նշելուն, համակարգը չի ընդունում' ասելով, որ իրենց ծառայությունը չի իրականացվում Հայաստանի տարածքում»:
Վահեն երազում է ուսում ստանալուց հետո հետաքրքրիր աշխատանք գտնել: «Որպես աշխատավարձ' գումար դեռ չեմ վաստակել: Տարբեր մրցույթների մասնակցելով ու որոշակի մրցանակային տեղեր գրավելով' ստացել եմ դրամական պարգեւներ: Բացի դրանից, Ինտերնետում կան կայքեր, որտեղ առաջարկում են որոշակի գումարով ծրագրեր գրել կամ իրենց փոխարեն կատարել հանձնարարություն կամ որեւէ աշխատանք:
Այդպես մի անգամ 40 ԱՄՆ դոլար եմ աշխատել, բայց բանկային հաշվից դեռ չեմ հանել: Սակայն չէի ցանկանա ժամանակ ծախսել այդպիսի փոքր գործեր կատարելու վրա, դրա փոխարեն կլրացնեմ գիտելիքներս ավելի լուրջ աշխատանքով զբաղվելու համար»,-ասում է Վահեն:
Վահեն ազատ ժամանակ գրեթե չի ունենում: Մանավանդ օլիմպիադաների շրջանում ստիպված է պարապել օրական 10 ժամ, հիմնականում ինքնուրույն' Ինտերնետում հատուկ կայքերում տեղադրված խնդիրներ լուծելով: Մնացած ժամանակը անցկացնում է ընկերների հետ: Նրանք բոլորը ֆիզիկայի եւ աստղագիտության օլիմպիադաների մասնակիցներ են:
Սիրած հեծանիվն արդեն վաղուց չի քշում' փոքրացել է:
Մեկնաբանել