
Մի «դասալքության» պատմություն․ հետախուզում՝ 20 տարվա պանդխտության դիմաց
Հայկ Խաչատրյանը ծնողների հետ Հայաստանից հեռացել է, երբ ընդամենը 11 տարեկան էր` 1998 թվականին։ Հայաստանի մասին աղոտ հուշեր ունի։ Պապական տունն աղոտ է հիշում։ Ռուսաստանի Դաշնություն մեկնելու հենց հաջորդ տարում այդ տունը, որ նրանց միակ ունեցվածքն էր հայրենիքում, վաճառել են։
Հայկը 31 տարեկան է, 20 տարի է` բնակվում է ՌԴ-ում, բայց Հայաստանում համարվում է զինապարտ, նրա նկատմամբ քրեական գործ է հարուցված, նա Հայաստանի իրավապահ մարմինների կողմից հետախուզման մեջ է գտնվում։
Ռուսաստանի Դաշնությունում բժշկական կրթություն ստացած եւ Պսկովի մարզի կլինիկաներից մեկի փոխտնօրեն, մասնագիտությամբ վիրաբույժ Հայկ Խաչատրյանը «Հետքին» պատմել է իր ընտանիքի եւ զինապարտության ողջ պատմությունը։
«Հայաստանից ոչինչ չենք վերցրել, միայն հուշեր»
Հայկի ծնողները 90-ական թվականներին փոքր առեւտրով են զբաղվել Իջեւան քաղաքում։ Բնակվել են Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում։ Չկարողանալով առեւտուրը զարգացնել` կորցրել են բոլոր դրամական միջոցներն ու սոցիալական կարիքից դրդված՝ 1998 թվականի ամռանը մեկնել Ռուսաստանի Կալինինգրադի մարզ, բարեկամների մոտ։
Կարճ ժամանակ անց Կալինինգրադից տեղափոխվել են Վելիկիյ Նովգորոդի մարզ, Վշելի գյուղ, որտեղ էլ Հայկն ավարտել է միջնակարգ դպրոցը։ Այդ ամբողջ ընթացքում նրա ընտանիքը սպասել է ՌԴ քաղաքացիություն ստանալու՝ տեղի իշխանություններին ուղղված դիմումի պատասխանին։ Հայկ Խաչատրյանը դպրոցն ավարտելուն պես ընդունվել է Վելիկիյ Նովգորոդի Յարոսլավ Մուդրիի անվան բժշկական համալսարան։
2002 թվականին Խաչատրյանը 16 տարեկանը լրանալու կապակցությամբ ստացել է ՀՀ քաղաքացու անձնագիր եւ էլի վերադարձել Ռուսաստան, ծնողների մոտ։ 20 տարվա պանդխտության ողջ խճանկարում սա միակ դրվագն է, որ առնչվում է Հայաստանին։ 2003 թվականին նրան տրվել է ՌԴ-ում ժամանակավոր կացության փաստաղթուղթ, իսկ արդեն 17 տարեկանում` 2004 թվականին, Հայկը ստացել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն եւ անձնագիր։
2005 թվականին, բարեկամներից տեղեկանալով, որ Հայաստանում հետախուզման մեջ է գտնվում, Հայկ Խաչատրյանը Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանին դիմում է գրել իրեն ՀՀ քաղաքացիությունից զրկելու համար։
«2004 թվականի օգոստոսին ՌԴ քաղաքացիություն եմ ստացել։ Իմ ծնողները՝ Բաղդասար Խաչատրյանը եւ Սուսաննա Աղբալյանը, քույրս՝ Սիրարփի Խաչատրյանը, նույնպես ՌԴ քաղաքացիություն են ստացել»,-2005 թվականի սեպտեմբերի 27-ին նոտարի հաստատած դիմումում գրել է Հայկը։ Նրա այս դիմումին Հայաստանի իշխանությունները չեն պատասխանել, քաղաքացիությունից չեն զրկել։ Քրեական հետապնդումը շարունակվում է առ այսօր։
ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու՝ Ռ․ Քոչարյանին ուղղված դիմումի պատճենը (դիմումը հաստատված է նոտարի կողմից)
Ուշագրավ է, որ Հայկ Խաչատրյանն այս պահին այլեւս Հայաստանի քաղաքացի չէ։ Նրա անձնագիրն ուժը կորցրած է, նրա անունն ընտրողների ռեգիստրում չկա։ Նա որեւէ տեղ գրանցված չէ, բացի Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից որպես պետական աշխատողի ժամանակավորապես հատկացրած բնակարանում։ Խաչատրյանը Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի կողմից 2013 թվականին ստացել է զինվորական գրքույկ՝ իր կրթության եւ բժշկի մասնագիտությամբ աշխատելու հիմքով։ Հայկն ամուսնացած է, ունի մեկ դուստր։
Ռոբերտ Քոչարյանին ուղղված դիմումից հետո այլեւս չի փորձել հարաբերություններ պարզել Հայաստանի իշխանությունների հետ։
16 տարեկանում ստացած կացության ժամանակավոր փաստաթղթի պատճենը
«Պատկերացրեք, ես Հայաստանից մշտական բնակության մեկնել եմ ընդամենը 11 տարեկանում։ Դպրոցական եւ բուհական կրթություն ստացել եմ Ռուսաստանում, երկար տարիներ աշխատում եմ իմ մասնագիտությամբ։ Այդ ողջ ընթացքում չեմ թաքնվել, ապրել եմ սովորական մարդու առօրյայով, իմ բոլոր փաստաթղթերն օրինական են։ Հայաստանի իրավապահները կարող են հարցում ուղարկել իրենց ռուս գործընկերներին։
Չի եղել որեւէ զորակոչ, որից խուսափեմ։ Ես ընդհանրապես որեւէ ծանուցագիր չեմ ստացել։ Հենց թեկուզ հյուպատոսության կամ դեսպանատան կողմից։ Չկա այն տունը, որտեղ բնակվել եմ։
Իմ եւ իմ ընտանիքի պատմությունը չի եղել փախուստ ծառայությունից։ Ծնողներս մեզ կերակրելու համար օտար երկրում են հայտնվել։ Վերջին 20 տարում ես նույնիսկ մեկ շաբաթ չեմ բնակվել Հայաստանում։ Միակ խնդիրը Հայաստանի քաղաքացու անձնագիրն է։ Ե՞վ։ Հետո՞։
Այս տարիներին, եթե ես քրեական հետապնդման մեջ չգտնվեի եւ կարողանայի այցելել Հայաստան, իմ դուստրն իր աչքերով կտեսներ հոր հայրենիքը։ Ամեն տարի արձակուրդն անցկացնում ենք որեւէ եվրոպական երկրում։ Ես կարող էի այդ գումարները Հայաստանում ծախսել։ Լինել իմ հայրենիքում, ազգությամբ ռուս կնոջս ծանոթացնել իմ արմատներին։
Թող կառավարությունը վերանայի իմ գործը։ Խոստանում եմ իմ փորձով օգտակար լինել ծննդավայր Իջեւանիս կլինիկային»,-պատմեց Հայկ Խաչատրյանը։
Օրենքների փոխարեն՝ քաղաքական հայտարարություններ
«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպությունն ուսումնասիրել է տարբեր պատճառներով օտար երկրներում հայտնված զինապարտների տասնյակ պատմություններ։ Դրանց մի մասի դեպքում՝ մարդիկ Հայաստանից մեկնել են զինվորական ծառայությունից խուսափելու նպատակով, մյուս դեպքերում էլ՝ ուղղակի մեկնել են ընտանիքներով, ելնելով սոցիալական պայմաններից։
Կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ տարիների հեռավորությունից նրանց հայրենիք վերադառնալու հնարավորություն չտալը նման է սեփական քաղաքացիներին պատանդի կարգավիճակում պահելուն։ Այն, որ զինապարտները կարող են յուրաքանչյուր բաց թողած զորակոչի համար, «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքով սահմանված կարգով որոշակի գումար վճարել պետբյուջե եւ ազատվել քրեական հետապնդումից, իրավապաշտպանը արդյունավետ միջոց չի համարում։
«Ես կողմ չեմ այդ օրենքին։ Շատ ընտանիքներ գիտեմ, որոնց զավակները դրսում են, բայց միջոցներ չունեն, Հայաստան չեն այցելում։ Ես գիտեմ ընտանիքի, որը չուներ ֆինանսական միջոցներ, բայց այդ բեռից ազատվելու համար միջոցներ հայթայթեց եւ վճարեց։ Հիմա կառավարական մակարդակով հրավիրում են Հայաստան։ Բայց օրենքները խոչընդոտ են։
Այո, ոմանք խուսափել են բանակից, որովհետեւ բանակում գործել է դեդովշչինա, եղել են վատ բարքեր, անտանելի պայմաններ։ Կրթված տղաները չէին կարող էդ պայմաններում ծառայել եւ նախընտրում էին Հայաստանից մեկնել։
Իսկ Հայկի դեպքն այլ է։ 90-ականների վերջին արտագաղթը սրվեց, եւ մարդիկ սկսեցին ընտանիքներով մեկնել։ Ես խորհուրդ կտայի, որ իրենք նամակ գրեին վարչապետին։ Հո գերի չեն մնալու դրսում։ Գոնե այցելեն իրենց երկիր»,-ասաց Ժաննա Ալեքսանյանը։
ՌԴ զինգրքույկը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս տարվա հունիսի կառավարության նիստում կոչով դիմել էր արտերկրում գտնվող զորակոչիկներին, որպեսզի նրանք վերադառան Հայաստան եւ մեկնեն ժամկետային ծառայության` խոստանալով դադարեցնել քրեական հետապնդումը։ Այս քաղաքական հայտարարությունից հետո, սակայն, օրենսդրական փոփոխություններ չեն իրականացվել։ Ինչպես նաեւ` պարզ չէ երկրի առաջին դեմքի վերաբերմունքը այն զինապարտների նկատմամբ, ում տարիքը 27-ից բարձր է։
«Հայկ Խաչատրյանի դեպքում, քանի որ նա Հայաստանում չի ապրել, ես նրա կողմնակիցն եմ։ Պետք է պահանջել, որ օրենքները փոխվեն։ Հենց նման պատմությունները լավ նախադեպ են, որպեսզի թեման գա քննարկման եւ փոխվեն խաղի կանոնները»,-ասում է Ժաննա Ալեքսանյանը։
Հայկ Խաչատրյանը մեզ հետ զրույցում հայտնեց կառավարությանը նամակով դիմելու իր մտադրության մասին։ Հայկական թավշյա հեղափոխությունից հետո նա հույս ունի, որ նոր կառավարությունը կվերանայի իր եւ նման ճակատագիր ունեցած զինապարտների գործերը, ովքեր պարզապես կյանքի բերումով են հայտնվել այլ երկրներում։
Խաչատրյանը պատրաստվում է նամակներով դիմել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Հայաստանի պաշտպանության եւ արդարադատության նախարարություններ, ինչպես նաեւ Գլխավոր դատախազություն։
Մեկնաբանություններ (9)
Մեկնաբանել