
«Ընկուզենու տակ». եղեգնաձորցի 23-ամյա Լիլիթի բիզնեսի մոդելը
Ամալյա Մարգարյան
Լիլիթ Խալաթյանն ապրում է Եղեգնաձորում: Մանկավարժական համալսարանն ավարտելուց հետո վերադարձել է հայրենի քաղաք, հիմնել սեփական բիզնես՝ ռեստորան-հյուրատունը։
Ընտանեկան հանգստի համար նախատեսված սենյակը դարձրել է արվեստի կենտրոն, որտեղ տեղացի արվեստագետների աշխատանքներն են ցուցադրվում։ Ցանկանում է հայկական մշակույթն ու ավանդույթների մի մասը ներկայացնել ինչպես Հայաստանի, այնպես էլ օտարերկրյա տուրիստներին։
Լիլիթը մասնակցել է գիդ-ուղեկցողների համար նախատեսված սեմինարներին, որոշակի գիտելիքներ ձեռք բերել ու նպատակն իրականացնելու համար աջակիցներ փնտրել։
Տան մուտքի դարպասների դիմաց պապու տնկած ընկուզենու մեծ ծառ է, որի ստվերում էլ հյուրանոց-ռեստորանն է։
Ցուցասրահում հնություններ են՝ լամպեր, ինքնաեռ, թախտ։ Ցուցասրահի առջեւում բացօթյա տաղավարներ են. այստեղ հյուրասիրում են Եղեգնաձորի ավանդական խոհանոցի ուտեստները։
Ռեստորան-հյուրատունն ընտանեկան բիզնես է, յուրաքանչյուրն իր աշխատանքն ունի։ Հայրը ՝ Աբրահամ Խալաթյանը, մեղվապահ է եւ փայտագործ։ Ռեստորանի տաղավարը, սեղանները նրա ձեռքի աշխատանքներն են։ Բակում օղի է թորում։ Լիլիթը չի պատմում օղու թորման մասին, ասում է, որ ամենից լավ հայրն է ցուցադրում. «Էստեղ եկած տուրիստներին ամենից շատ օղու թորման գործընթացն է հետաքրքրում»։ Աշնանն էլ որոշել են տուրիստներին ցույց տալ, թե ինչպես է մեղրը քամվում, ինչպես է մեղրամոմից առանձնացվում։
Լիլիթը զբաղվում է ոչ միայն կազմակերպչական աշխատանքներով, այլեւ օգնում է մորը՝ տիկին Աննային, եւ միասին են պատրաստում ուտելիքներ։ Խոհանոցը հայկական է. հիմնականում Եղեգնաձորի ավանդական ուտեստներ են։
Հյուրատան ճաշացանկի յուրահատկությունները ավանդական ընտանեկան շորվան ու սոխով տոլման են. այն միայն Եղեգնաձորում է պատրաստում։
Երեք ամսվա ընթացքում հյուրատունն արդեն մոտ 500 այցելու է ունեցել։
Հյուրերը ոչ միայն ճաշակում են ուտեստներ, այլեւ հնարավորություն ունեն այն իրենց ձեռքով պատրաստել. անգամ խորոված անել, լավաշ ու գաթա թխել։
Լիլիթն ասում է՝ Եղեգնաձորը հարմար վայր է տուրիզմի զարգացման համար, ուստի որոշել է իրենց թաղամասը տուրիստական կենտրոն դարձնել։
Լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել