
Քոչարյանի գրասենյակի ղեկավարը պնդում է՝ բանակի ներգրավումը պետական մարմինների անվտագությունն ապահովելու նպատակով է եղել
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի կարծիքով պաշտոնաթող նախագահին առաջադրված մեղադրանքը քաղաքական մանիպուլացիա է։ Իսկ «0038 հրամանը», որի վերաբերյալ երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում տվյալներ է հրապարակել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը եղել է Հայաստանի ներքին անվտանգությունն ապահովելու նպատակով։
Երեկ «Օրակարգ»-ին տված հարցազրույցում ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը մեջբերել է «0038 գաղտնի հրաման»-ից պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի հրամանը, որում ասվում է.«Սույն թվականի փետրվարի 23-ից զինված ուժերի ողջ անձնակազմը 18:00-ից տեղափոխել զորանոցային վիճակի մինչև հատուկ կարգադրության ստացումը: ՀՀ ՊՆ կենտրոնական ապարատի վարչություններում, առանձին բաժիններում ստեղծել սպայական խմբեր, որոնց զինել տաբելային զենքով»:
Հենց այս հրամանն է Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի հիմքում։
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Քոչարյանի փաստաբաններն անդրադարձան վերոնշյալ հրամանին եւ ՀՔԾ պետի հայտարարություններին։
«Կա՞ որեւէ փաստ, որ բանակը բախվել է ցուցարարներին։ Փորձ է արվել բանկին ներգրավել Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ իր շարժման կողմից, «0038 հրաման»-ի հիմնական ֆունկցիան է եղել բանակը զերծ պահել ներքաղաքական գործընթացների մեջ ներգրավելուց։ Մարտի մեկին բանակի ներգրավումը եղել է այնքանով, որքանով բանակը ապահովել է պետական մարմինների անվտագությունը եւ չկա որեւէ փաստ, որ բանակը բախվել է ցուցարարներին»,- ասուլիսի ժամանակ հայտնեց Ռ. Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։
Ըստ նրա՝ 2008-ի փետրվարի 23- ին որեւէ մեկը չէր կարող կանխատեսել՝ ինչպես կզարգանան իրադարձությունները։
Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանի պնդմամբ՝ տվյալներ են եղել, որ բանակին փորձում են ներքաշել կատարվող իրադարձությունների մեջ։
«Պաշտպանության երկու փոխնախարարները իրենց քողարկված կամ չքողարկված աջակցությունն են հայտնել ցուցարարներին, սակայն արգելված է, որ այդ պաշտոնյաները քաղաքականությամբ զբաղվեն։
Բանակի ներքաշումը քաղաքական գործընթացներին եղել է ոչ թե այս հրամանով, այլ մինչեւ այս հրամանը։ «0038 հրամանը» եղել է կանխելու բանակի ներգրավումը քաղաքական գործընթացին»,- ասաց Ալումյանը։
Ասուլիսի ընթացքում Վիկտոր Սողոմոնյանն անդրադարձավ նաեւ ԱԺ պատգամավորների՝ Ռ. Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար հավաքված անձնական երաշխավորագրերին։ Ասաց, որ 45 պատգամավորներ են ստորագրություններ տվել, այդ թվում ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի եւ երկու փոխնախագահները։ Մեծամասամբ եղել են Հանրապետական կուսակցության անդամներ, սակայն անունները դեռ չեն հրապարակվում, պատգամավորներ կան նաեւ ՀՅԴ խմբավորումից։
Վիկտոր Սողոմոնյան նշեց, որ ստորագրությունները հանձնել են նաեւ Վերաքննիչ դատարան։
Ինչ վերաբերում է Քոչարյանին տեսակցելուն եւ հեռախոսազրույց ունենալուն, Հայկ Ալումյանը նշեց, որ գրություն են ուղարկել ՀՔԾ քննիչին՝ խնդրելով որոշման օրինակ տրամադրել, թե ինչու են արգելում տեսակցումն ու հեռախոսազրույցները։
Փաստաբան Հայկ Ալումյանը անդրադարձավ նաեւ կալանավորման որոշանը , նշելով, որ Ռոբերտ Քոչարյանը քննությունից խուսափելու, թաքնվելու որեւէ գործողություն չի կատարել, նաեւ իր գործողություններով որեւէ մեկի վրա չի ազդել, նույնիսկ Հայաստան է վերադարձել՝ իմանալով, որ «Մարտի 1»-ի ՊՆ նախկին նախարար Միքայել Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել։
Եզրափակելով հանդիպումը, Վիկտոր Սողոմոնյանը նշեց, որ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է, փաստերը հստակ չեն, իսկ պաշտոնաթող նախագահն անմեղ է։
Հիշեցնենք, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով՝ սահմանադրական կարգը տապալելու համար։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել