
Թե ինչու ահնիձորցիները չեն ուզում քաղաքակիրթ ապրել
Շաբաթ օրը Լոռու մարզի Ահնիձոր գյուղում երկու երիտասարդ ցուցադրաբար խոչընդոտում էին աշխատանքս. «Էնքան գրեցիք, անտառը փակեցին»,- ասաց նրանցից ցածրահասակը:
Վախից մի քանի ահնիձորցիներ խուսափեցին հետս խոսել: Ահնիձորի հիմնական դպրոցի 30 տարվա դասվար Կատյա Քառյանը զրուցելու համար ինձ իր տուն հրավիրեց:
Դեռ նոր էինք տեղավորվել բազմոցին, Կատյան հեռախոսազանգ ստացավ. «Հյուր ունեմ, հետո կզանգես»,- ասաց ուսուցչուհին և անջատեց հեռախոսը: «Ասացին քեզահանքի միամիտ-միամիտ չխոսես հյուրիդ մոտ»,- անջատելուց հետո պատմեց Կատյան:
Կատյա Քառյանի ասելով՝ թավշյա հեղափոխությունը դեռ Ահնիձոր չի մտել, միայն հեռուստացույցով են տեսնում: Իրեն զանգահարողին նկատի ունենալով՝ Կատյան նշեց, որ կան մարդիկ, ովքեր չեն ուզում` Ահնիձորի հոգսերը հանրայնացվի: Իրենց համար մոռացված լինելը լավ է. ինչ ուզում են, անում են:
Ուսուցչուհու խոսքով, Ահնիձորի զարգացմանն ուղղված գումարները անարդյունավետ են ծախսվում: Պատմեց, որ մեկ տարի առաջ գյուղում կանգառ է կառուցվել, մինչդեռ Ահնիձորում տարիներ շարունակ միջհամայնքային ավտոբուս չի աշխատում:
Կատյան չի հասկանում կանգառը կառուցելու իմաստը:
«Էդքան փողին մի հասարակական տրանսպորտ կառնեին Ահնիձորի համար, մենք մեծ ուրախությամբ որտեղ ասես՝ կկանգնեինք, էդ տրանսպորտից կօգտվեինք»,- ասաց նա:
Ահնիձորցիները, ոտքով 3-4 կմ հատելով, հասնում են Լորուտի «ճալեն» (գետամերձ տարածք)՝ Շամուտից եկող ավտոբուսով Վանաձոր գնալու համար: Կատյան կարծում է, որ ահնիձորցիների կանգառն իրականում Լորուտի խաչմերուկի վրա պետք է սարքեին: Այդտեղ էլ ավտոբուսին կամ հասնում են, կամ` ուշանում: Կանգնում են ժամերով:
«Անցուդարձ անող ավտոմեքենաների վարորդները գիտեն, որ Լորուտի «ճալեն» Ահնիձորի խեղճ ժողովրդի կանգնելու տեղն է, մեզ հետները տանում են Վանաձոր»,- պատմեց Կատյան:
Թումանյանի համայնքի ղեկավար Լևոն Զավարյանն էլ հայտնեց, որ Շամուտից Վանաձոր գնացող ավտոբուսից օգտվողների համար 10 օր առաջ է Ահնիձորի վարչական ներկայացուցիչ Արտակ Մաթևոսյանին հանձնարարել Ահնիձոր-Լորուտի «ճալա» երթուղով մի ավտոբուս պահել՝ տոմսը 100 դրամ վճարով: Համայնքապետի հանձնարարությունն օդում է մնացել:
Լևոն Զավարյանի ասելով՝ մեկ տարի առաջ ինչպես Ահնիձորում, այնպես էլ Թումանյան խոշորացված համայնքի մյուս բնակավայրերում միջհամայնքային տրանսպորտային երթևեկության համար` ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) «Աջակցություն տեղական ինքնակառավարման բարեփոխումների» ծրագրի շրջանակներում Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից 18, 6 մլն դրամ ներդրումով կառուցվել են կանգառներ:
Ծրագրի` հասարակական տրանսպորտի ենթակառուցվածքների ստեղծման հայտատու «Պրիզմա-Վան» ՍՊԸ-ի նախահաշվով այդ գումարից 7,2 մլն դրամով կանգառներ կառուցվել են 5 բնակավայրերում, այդ թվում նաև` Ահնիձորում: Առանձին Քարինջ բնակավայրի կանգառի վրա ծախսվել է 5,4 մլն դրամ:
Ծրագրի պատասխանատուներն ասում են, որ Քարինջի կանգառի տարածքը մյուսների համեմատ մեծ է, դրա համար է շատ գումար ծախսվել: Ահնիձորի կանգառի նախահաշվային արժեքը կազմել է 4,5 մլն, որից 2,8 մլն դրամը նախահաշվով ծախսվել է կանգառի հարակից տարածքի վրա:
Կատյա Քառյանը պնդում է, որ նախ պետք է Ահնիձոր–Վանաձոր երթուղով ավտոբուս աշխատեր, հետո կանգառ կառուցվեր:
Լ. Զավարյանի խոսքով, ներհամայնքային երթևեկության ծրագրով համայնքին երկու «ԳԱԶել»-ներ են հատկացնելու` Քարինջ- Մարց- Լորուտ-Շամուտ- Աթան –Ահնիձոր երթուղով բնակչության տեղաշարժն ապահովելու համար: Թե երբ կլինի «ԳԱԶել»-ների հատկացումը, Լ. Զավարյանը տեղյակ չէր:
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի USAID-ի ծրագրերի համակարգող Դավիթ Ասլանյանը «Հետք»-ին հայտնեց, որ 2016թ.-ին մեկնարկած ԱՄՆ ՄԶԳ ծրագրի շրջանակներում Թումանյանի խոշորացված համայնքի զարգացման համար 330 հազար ԱՄՆ դոլար գումար է հատկացվել: Ծրագիրը պետք է ավարտվի 2020թ.-ին: Այդ գումարի շրջանակներում մինչև օրս Թումանյանի խոշորացված համայնքին 3 միավոր տեխնիկա, այդ թվում՝ մեկ աղբատար մեքենա, մեկ բազմաֆունկցիոնալ էքսկավատոր, մեկ բեռնատար մեքենա և 80 աղբամաններ են տրվել:
Դավիթ Ասլանյանի խոսքով, Թումանյանի 6 համայնքներում կառուցված կանգառներից յուրաքանչյուրի համար ծրագրով նախատեսվել է ծախսել 3 մլն դրամ` բացառությամբ Քարինջի կանգառի:
Դավիթ Ասլանյանին հիշեցրի, որ հայտատուի նախահաշվով Ահնիձորի կանգառի վրա ծախսվել է ոչ թե 3, այլ 4,5 մլն դրամ, սակայն կանգառի փոքր չափսերը չեն համապատասխանում ծախսված գումարին:
Թե ինչու է ծրագրով հանձնարարված կանգառների կառուցման գումարների խախտումներ կատարվել, Դ. Ասլանյանը հարցից նեղսրտեց: Հատկացված գումարների մեծ մասը ծախսվել է ոչ թե կանգառների, այլ դրանց հարակից տարածքի վրա, որն օգտագործելի տարածք չէ: Վերադառնալով ծրագրի իրականացման համար նախատեսված «ԳԱԶել»-ների հատկացմանը՝ ծրագրի համակարգողը բացատրեց, որ չեն շտապում համայնքին տրամադրել Թումանյան –Աթան անբարեկարգ ճանապարհի պատճառով. «Նախատեսված «ԳԱԶել»-ները շատ արագ ներհամայնքային անանցանելի ճանապարհներին շարքից դուրս կգան»,- բացատրեց Դ. Ասլանյանը:
Վերջինիս խոսքով, այսուհանդերձ, «ԳԱԶել»-ները համայնքին տրամադրելու համար իրենք մրցույթ են հայտարարել, որին որևէ մասնակցության հայտ չի ներկայացվել:
Ահնիձորի փողոցներում մենք չօգտագործված աղբարկղերի հանդիպեցինք: Կատյան ասաց՝ աղբարկղերը մեկ տարի առաջ են բերել: «Աղբարկղերը մեզ պետք չեն, մենք սովոր չենք, մենք էն ժողովուրդը չենք, որ աղբը աղբարկղերը լցնենք, մենք մեր աղբը լցնելու տեղերն ունենք: Նախ՝ գյուղում աղբ չկա: Գյուղում ամեն ինչ վառում ենք: Ուտելիքի մնացորդը խոզն ու շունն են ուտում: Ահնիձորում ընդհանրապես էդ աղբարկղերի կարիքը չեն զգում: Բայց աղբահանության համար անձը 100 դրամ վարձը մեկը ես՝ բարեխղճորեն վճարում եմ»,- հայտնեց Կատյան:
Դավիթ Ասլանյանը տեղյակ էր Ահնիձորում և Թումանյան համայնքի մյուս բնակավայրերում ծրագրով տեղադրված աղբարկղերը չօգտագործվելուն. «Գյուղացիներին կարելի է հարցնել՝ ինչու ցիվիլ ապրելու փոխարեն, խոզի նման են ապրում: Ահնիձորը կորած է թրիքի մեջ, ինչու էդ թրիքը չորացնելու և ձմռանը վառելու փոխարեն, անտառն են ոչնչացնում»,- ասաց նա:
Կատյան դժգոհեց Թումանյան-Ահնիձոր ճանապարհից. «Ամբողջ ճանապարհները քանդված են, ոչինչ չեն անում, գյուղի ճանապարհները տեսնում եք՝ ինչ վիճակում են»:
Նրա խոսքով՝ օրումեջ Ահնիձորն էլեկտրականություն չի ունենում, ոչինչ չի արվում: Ահնիձորցիների հոսանքի լարերը Լորուտով, Շամուտով, Աթանով է գալիս: «Անցյալ դարի 50 թվականների էլեկտրական գիծ է, անտառում վթարային վիճակ շատ է լինում, ծառն ընկնում է էլեկտրալարի վրա, լույսն անջատվում է: Էլեկտրասյուներն ու հոսանքի լարերը փոխող չկա: Ես սրտի ցավով եմ Ձեզ պատմում այս բոլորը, մտածում եմ, որ կարող է Ձեր գրելուց հետո գյուղում մի բան շտկվի»,- նեղսրտում է Կատյան:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել