
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը ցանկություն ունի դառնալ ՀՖՖ նախագահ
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը չի հերքում՝ ցանկություն ունի դառնալ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ:
«Կքննարկենք այդ հարցը, չեմ ասի, որ կհրաժարվեմ, կքննարկենք ու առաջիկա օրերին կասենք»,- կառավարությունում լրագրողների հարցին ի պատասխան ասաց Արթուր Վանեցյանը: Հիշեցնենք, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը օրերս մի քանի լրատվամիջոցների հետ զրույցում ասել էր, որ Արթուր Վանեցյանին տեսնում է ՀՖՖ նախագահի պաշտոնում, և եթե վերջինս առաջադրվի, ապա ինքը չի առաջադրվի: Արթուր Վանեցյանի խոսքով՝ հանդիպել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ:
ԱԱԾ տնօրենի վստահեցմամբ՝ ֆուտբոլասեր է, իսկ ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ երկրպագել է Ֆրանսիայի հավաքականին:
Հարցին՝ չի՞ կարծում, որ պետք է տարանջատել ֆուտբոլն ու քաղաքականությունը, Վանեցյանն արձագանքեց՝ քաղաքականությամբ չի զբաղվում:
Դիտարկմանը, որ ՀՖՖ գործկոմի կազմում են Տարոն Մարգարյանը, Հրայր Թովմասյանն ու մի շարք ՀՀԿ-ականներ, Վանեցյանը պատասխանեց.
«Գործկոմի կազմն ամբողջությամբ փոխվելու է»:
Վանեցյանի խոսքով՝ կառաջադրվի միայն այն դեպքում, երբ հայկական ֆուտբոլի ներկայացուցիչները հավաստիացնեն՝ դեմ չեն, որ ինքը լինի ՀՖՖ նախագահ:
Մեկնաբանել