
Նրանք անօթևան չեն ծնվել
Անօթևանների միակ կացարանը գտնվում է Հաղթանակ թաղամասում: Սովորական, բնակելի տների կողքին առանձնանում է երկաթե դարպասներով մի շինություն: Այստեղ են գտնվում անօթևանների միակ կացարանը, ծերանոցը, և այս երկու կառույցների բնակիչների համար նախատեսված հիվանդանոցը:
Նրանցից ոչ ոք անօթևան չի ծնվել. տարբեր հանգամանքների արդյունքում նրանք կորցրել են իրենց տունը, ընտանիքը, շատերից էլ պարզապես հրաժարվել են: Անօթևանների կացարանում ապրում են մեզ շատ նման մարդիկ: Այստեղ ապրողներից շատերը մի գուցե ավելի կարեկից են նրանց հանդեպ, ովքեր օգնության կարիք ունեն. երևի թե ավելի լավ են հասկանում:
Երբ այցելեցինք անօթևանների կացարան, այնտեղի բնակիչների համար «Հետք» թերթի տարբեր համարներ էինք տարել: Այստեղի բնակիչներից մեկը, որի անունը Զավեն է, թերթում կարդալով փոքրիկ Լիլիթին օգնելու մասին, առաջարկեց իր մեկ ամսվա թոշակը փոխանցել նրա հաշվեհամարին: Զավենը արդեն ութ ամիս է, որ ապրում է անօթևանների կացարանում: Կինը մահացել է, իսկ միակ որդին ապրում է Ռուսաստանում: Վերջինս տեղյակ չէ, որ հայրն ապրում է անօթևանների կացարանում: «Մոտ քսան օր առաջ եմ նրան նամակ գրել, որ մի քիչ գումարով օգնի: Տղաս իր զոքանչի և աներոջ հետ է ապրում: Ինձ ասում է` դու ջահել ես, մի կերպ քեզ պահի»,- պատմում է Զավենը: Երևանում և գյուղերում Զավենը հարազատներ շատ ունի, բայց գտնում է, որ անիմաստ է նրանցից օգնություն խնդրելը. «Երբ նրանց հյուր եմ գնում, հարցնում են, թե ինչ եմ բերել ինձ հետ, իսկ ես նրանց ասում եմ՝ հո ես Ամերիկայից չեմ գալիս, որ ձեռքիս եք նայում»: Անօթևանների կացարանում ապրողներից շատերի ճակատագրերը միմյանց նման են և միևնույն ժամանակն շատ տարբեր են:
Մի հատկանիշ միավորում է կացարանի գրեթե բոլոր բնակիչներին. երբ զրուցում ես այստեղ ապրող մարդկանց մեկի հետ, մյուս բնակիչները կատակների, հումորների մի ամբողջ շարք են սկսում, իսկ երբ հերթը հասնում է նրանց, միանգամից ինքնամփոփ են դառնում: Նրանցից մեկը Ռոբերտն է: Նա մանկամարժ է: Մինչև 1983 թվականն աշխատել է Ապարանի թիվ 36 դպրոցում` որպես ֆիզիկայի ուսուցիչ: Կնոջ մահից հետո այլևս մանկավարժությամբ չի զբաղվել: Նրա միակ աղջիկն ապրում է Ռուսաստանում: «Ես եմ նրան մեծացրել և ամուսնացրել: Նրան չեմ ասել, թե որտեղ եմ ապրում. չեմ ուզում վիրավորել»,- ասում է Ռոբերտը: Մինչև անօթևանների կացարան տեղափոխվելն ապրել է վարձով: Նա կացարանում ապրող այն քիչ մարդկանցից է, ով երբեք չի ապրել փողոցում: Ռոբերտը մտադիր չէ անօթևանների կացարանում երկար մնալ: Նա մտադիր է մեկնել Ռուսաստան:
Բնակիչները սովորաբար չեն գանգատվում ապրելու պայմաններից, քանի որ այլընտրանք պարզապես չունեն: Անօթևանների կացարանն այնքան էլ մոտ չի տուն կոչվելուն: «Ո՞նց կարող ենք ասել, որ այստեղի պայմանները լավ են: Պարզապես փողոցում ապրելուց է լավ»,- ասում է կացարանի բնակիչներից մեկը: Հակառակ որ կացարանի աշխատողները բացի շաբաթ և կիրակի օրերից ամեն օր մաքրում են սենյակները, բնակիչները նույնպես պետք է հետևողական լինեն մաքրության հարցում: «Լոգարանները սարսափելի խոզանոց են հիշեցնում: Ցանկացած, գոնե մի փոքր մաքրասեր մարդ, մեկ անգամ այնտեղ մտնելով, այլևս երբեք չի ցանկանա երկրորդ անգամ մտնել: Ամբողջ խնդիրն այն է, որ այստեղ ապրող մարդկանց մակարդակը շատ ցածր է»,- ասում է Ռոբերտը:
79-ամյա Սերգեյ Նավասարդովը իր ստացած թոշակով շաբաթը մեկ անգամ գնում է անօթևանների կացարանին համեմատաբար մոտ գտնվող որևէ հասարակական բաղնիք՝ լոգանք ընդունելու. զզվում է կացարանի լոգարաններից. «Այնտեղ կատարյալ խոզանոց է: Ես անգամ չեմ թողնում, որ բնակիչներից որևէ մեկն իմ սենյակ ոտք դնի, ուր մնաց այստեղ լոգանք ընդունեմ»: Սերգեյ պապիկի սենյակում կատարյալ կարգուկանոն է տիրում: Նրա հետ միասին սենյակում ևս երեք հոգի են ապրում: Նա վաղուց արդեն կարող էր ապրել ծերանոցում, սակայն նրան չեն ցանկանում կացարանից տեղափոխել: «Փոխտնօրենը` Հայկ Պողոսյանն, ինձ ասում է, պապիկ, դու որ գնացիր, այստեղ կարգուկանոնը լրիվ վերանալու է»,- ծիծաղելով պատմում է Սերգեյ Նավասարդովը: 1988 թվականին նա գաղթել է Բաքվից: Կինն ու երեխան մահացել են Բաքվում: «Այնտեղ երկհարկանի տուն ունեի, ընտանիք, աշխատանք: Բաքվում վարորդ էի աշխատում: Ամեն ինչ թողեցի այնտեղ: Միակ բանը, որ բերեցի ինձ հետ, հագիս վերարկուն էր»:
Սերգեյ Նավասարդովն, արդեն 23 տարի է, ինչ ապրում է Հայաստանում: Իր հայրենիքում նա այդպես էլ չի կարողացել վերականգնել այն ամենն, ինչ թողել էր Բաքվում` նույնիսկ դրա մի մասը: 23 տարիների ընթացքում նա ապրել է փողոցներում, իր ընկերների տանը: Մի քանի ամիս է, ինչ ապրում է անօթևանների կացարանում: Իր սենյակին տոնական տրամադրություն հաղորդելու համար այն ամբողջովին զարդարել է փուչիկներով և ամանորյա խաղալիքներով: Տոնածառ չի ցանկացել տեղադրել սենյակում. ասում է՝ հո ես երեխա չեմ:
Նարինե Սարգսյան
Մեկնաբանել