
Էթիկայի հանձնաժողովը կզբաղվի՞ բնապահպանության նախարարով
Մի քանի օր է` մամուլի քննարկման առարկան է դարձել բարձրաստիճան պաշտոնյաների նորաստեղծ էթիկայի հանձնաժողովը, որը պետք է ուսումնասիրի մոտ 500 բարձրաստիճան պաշտոնյաների գույքի եւ եկամուտների հայտարարագրերը, շահերի բախումը, ինչպես նաեւ պաշտոնյաների էթիկային վերաբերող այլ հարցեր: Աղմուկը բարձրացավ երբ հանձնաժողովի անդամներ նշանակվեցին հանրության կողմից չճանաչված մարդիկ, մինչդեռ օրենքը պահանջում է, որ հանձնաժողովի անդամը պետք է «հասարակության կողմից ճանաչված լինի»: Նշենք, որ էթիկայի հանձնաժողովի անդամները պետբյուջեից ստանալու են 600 հազար, նախագահի տեղեկալը` 640 հազար, իսկ նախագահը 680 հազար դրամ աշխատավարձ:
«Հետքը» պարբերաբար անդրադարձել է այս կամ այն պաշտոնյայի գույքի եւ եկամուտների հայտարարագրին, սակայն արձագանք չի եղել որեւէ պետական մարմնի կողմից:
Այժմ հանձնաժողովի դատին ենք ներկայացնում շահերի բախման տիպիկ օրինակ, որն անտեսված է եղել: Ըստ գույքի եւ եկամուտների հայտարարագրի` նախարարներից ամենահարուստը բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն է: Նա 2009թ. հայտարարագրել է 131 մլն 61 հազ. 616 դրամ, ինչպես նաեւ ձեռք է բերել 3 շենք եւ շինություն: Իսկ 2010-ին նախարարը հայտարարագրել է 103 մլն 250 հազ. 403 դրամ եկամուտ:
Եղվարդի ճանապարհների շինարարությունը հիմնականում իրականացնում է Արամ Հարությունյանին պատկանող ընկերությունը: Սա տիպիկ շահերի բախում է, որի վրա տարիներ շարունակ աչք է փակել կառավարությունը: «Հանրային ծառայության մասին» օրենքի հոդված 30-ը սահմանում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց շահերի բախումը, ըստ որի`«Բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից իր կամ իրեն փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվելը նշանակում է բարձրաստիճան պաշտոնատար անձի լիազորությունների շրջանակում այնպիսի գործողություն կատարելը կամ որոշում ընդունելը (այդ թվում` կոլեգիալ մարմնի կազմում որոշում ընդունելուն մասնակցելը), որը թեեւ ինքնին օրինական է, սակայն հանգեցնում կամ նպաստում է կամ ողջամտորեն կարող է հանգեցնել կամ նպաստել նաեւ` իր կամ իր հետ փոխկապակցված անձի կամ իր անդամակցած ոչ առեւտրային կազմակերպության կամ իր մասնակցությամբ առեւտրային կազմակերպության ֆինանսական միջոցների կամ եկամուտների ավելացմանը կամ գույքային կամ իրավական դրության այլ բարելավմանը»: Նախարարի գործողությունն ամբողջությամբ տեղավորվում է օրենքի շրջանակում:
Բազմիցս անդրադարձել ենք Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի խնդրին, ինչից հետո կառավարությունն անմիջապես արձագանքեց: Կառավարությունը 2010 թ. երկրորդ եռամսյակում հատկացրել է 32 մլն դրամ: Թունաքիմիկատների գերեզմանոցի չեզոքացման աշխատանքների կատարման պատասխանատվությունը դրված էր բնապահպանության նախարարության վրա: Նախարարը, օգտագործելով պաշտոնական դիրքը, նախագծային աշխատանքներն իրականացման թույլտվություն է տրամադրել «Հանարդնախագիծ» ԲԲԸ-ին, իսկ շինարարական աշխատանքներն իրականացրել է «Նաիրիշին» ԲԲԸ-ն:
«Նաիրիշին» եւ «Հանարդնախագիծ» ԲԲԸ-ների բաժնեմասերի հիմնական փաթեթը նույնպես նախարարինն է, որոնք շահույթով են աշխատում: «Հանարդնախագիծ» ԲԲԸ –ի գործառույթների մեջ է մտնում անհատական կաթսայատների, արտադրական համալիրների, ավտոճանապարհների եւ ճանապարհային ենթակառուցվածքի օբյեկտների, բնակավայրերի եւ տարածքների կառուցապատման, գյուղատնտեսական օբյեկտների, բնակելի շենքերի, զվարճությունների համալիրների, էլեկտրամատակարարման օբյեկտների, կոմունալ եւ պահեստային կառույցների, հիդրոտեխնիկական կառույցների, հյուրանոցների եւ տուրիստական կենտրոնների, հրաշիջման համակարգերի, ճարտարագիտական ցանցերի, մեծ թռիչքի կոնստրուկցիաների, մշակութային եւ մարզական օբյեկտների, շենքերի եւ կառույցների, ջեռուցման գազային համակարգերի, ջրագծերի, ջերմամատակարարման օբյեկտների, ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի, ջրամաքրման կառույցների, ջրառու կառույցների, ջրատնտեսական օբյեկտների, սեյսմակայուն շենքերի եւ կառույցների, տարածքների բարեկարգման եւ կանաչապատման, տանիքածածկերի, վարչական շենքերի, օդափոխման համակարգերի նախագծումը;
Բնապահպանության նախարարին է պատկանում նաեւ Եղվարդի «Հայինկոմսպասարկում» ԲԲԸ-ի 70 տոկոս բաժնեմասը: Արամ Հարությունյանի համար շահույթ են ապահովել նաեւ Դավիթ Անհաղթ փողոցում գտնվող «Նոր Ռեժանս» ռեստորանային համալիրը, որտեղ Ա. Հարությունյանն ունի 42 տոկոս բաժնեմաս, եւ դրա հարեւանությամբ գտնվող գազալցակայանը, որն ամբողջությամբ նախարարինն է:
Մեկնաբանություններ (7)
Մեկնաբանել