
Երթևեկության փոփոխություններ՝ Մաշտոցի պողոտա-Լուսավորչի փողոց տրանսպորտային հանգույցում
Երևանի քաղաքապետարանի 2018թ. ծրագրով Մաշտոցի պողոտա-Գր. Լուսավորիչ տրանսպորտային հանգույցի թունելային հատվածի բարեկարգման աշխատանքներն իրականացնելու նպատակով հուլիսի 4-ից ժամանակավորապես՝ մեկ ամսով կդադարեցվի երթևեկությունը Հաղթանակի կամրջից դեպի Մաշտոցի պողոտա շարժման ուղղությամբ: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը:
Նշված ժամանակահատվածում տրանսպորտային հանգույցի երթևեկության կազմակերպման սխեմայում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն է առաջացել.
- հանգույցի ստորգետնյա մասում՝ Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ շարժման ուղղությամբ կազմակերպվելու է երկկողմ երթևեկություն, իսկ Հաղթանակի կամրջից դեպի Մաշտոցի պողոտա ուղղությամբ բաժանարար գոտուց աջ ընկած հատվածի ստորգետնյա երթևեկությունը դադարեցվելու է,
- հանգույցի վերգետնյա հատվածում շարունակվելու է գործել երթևեկության կազմակերպման ներկայիս ժամանակավոր սխեման:
«Շինարարական աշխատանքների ընթացքում խցանումներից հնարավորինս խուսափելու համար, թեթև մարդատար ավտոմեքենաների վարորդներին առաջարկում ենք երթևեկել Հաղթանակի կամուրջ-Արգիշտի-Իտալիայի-Մ.Խորենացու-Մաշտոցի պողոտա շրջանցիկ ճանապարհներով»,- հայտնում է քաղաքապետարանը՝ հավելելով, որ նշված ճանապարհահատվածում շինարարությունը ավարտելու նպատակով աշխատանքներն իրականացվելու են երկհերթ:
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար քաղաքապետարանը հայցում է մեր համաքաղաքացիների ներողամտությունը:
Մեկնաբանել