
Մանկատան սաների օթևանի վերաբերյալ նախարարության պատասխանը
Շուրջ 2 ամիս առաջ «Զատիկ» մանկատան ավելի քան 15 շրջանավարտ ստիպված է եղել հեռանալ մանկատնից և ապաստան գտնել որտեղ պատահի: Մանկատան տնօրենը շրջանավարտներին ասել է, որ ինքն այլևս իրավունք չունի նրանց մանկատանը պահելու, քանի որ երեխաների 18 տարին լրացել է: Անօթևան մնացած շրջանավարտները դիմել էին նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` ակնկալելով նրա աջակցությունը: Այս հարցի շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով դիմել էինք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն: Ստորև ներկայացնում ենք մեր հարցերն ու նախարարության պատասխանները:
Ինչո՞ւ են մանկատան շրջանավարտներին առանց բնակարանով ապահովելու պահանջել դուրս գալ մանկատնից:
ՀՀ օրենսդրության համաձայն` մանկատունը բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն է, որն իրականացնում է մինչև 18 տարեկան երեխաների խնամքն ու դաստիարակությունը: «Զատիկ» մանկատան այն շրջանավարտները, ովքեր պետության կողմից բնակմակերեսով դեռևս չեն ապահովել` մանկատան ղեկավարությունը բարեգործական ծրագրերի շրջանակներում հնարավորինս ապահովում է կացարաններով:
Ինչպե՞ս է նախարարությունը պատրաստվում լուծել այս խնդիրը:
Հարկ է նշել, որ 2010-2011 թվականների պետական բյուջեներով առանց ծնողական խնամքի մնացած, բնակարանի կարիք ունեցող երեխաների բնակարանային խնդիրների լուծման համար առանձին տողով միջոցներ չեն նախատեսվել:
ՀՀ կառավարության կողմից 2011 թվականի մարտի 31-ին հաստատվեց «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն իրավասություն վերապահելու մասին» N 341_ն որոշումը, համաձայն որի «Բնակարանային շինարարություն» ծախսային ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Մուշ-2» թաղամասում կառուցված բազմաբնակարան շենքերից մեկսենյականոց 6 բնակարանները առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող հաշվառված անձանց բնակարանային խնդիրների լուծման նպատակով ՀՀ կառավարության N 983_Ն որոշմամբ սահմանված կարգով բաշխում և հատկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:
ՀՀ Կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող ծրագրերով նախատեսվող անհրաժեշտ բնակարանների քանակը հաստատելու մասին» N 1051_Ն որոշման համաձայն հաստատվել է նախարարության կողմից իրականացվող ծրագրերով անհրաժեշտ բնակարանների քանակը:
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող ծրագրերով նախատեսվում է հանրապետության տարբեր բնակավայրերում սոցիալական բնակֆոնդի համար կառուցված բնակարաններից մանկատան շրջանավարտներին տրամադրել բնակարաններ: Այս եղանակով 2011 թվականի ընթացքում ՀՀ Շիրակի մարզի Գյումրի / 6 բնակարան/ և Մարալիկ /12 բնակարան/ քաղաքներում բնակարան է տրամադրվել մանկատան շրջանավարտների համար:
ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից առաջարկություն է ներկայացվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը ՀՀ Լոռու մարզի Սպիտակ և Ստեփանավան քաղաքներում բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում բնակմակերես տրամադրել ՀՀ Լոռու մարզի մանկատան շրջանավարտներին:
Ի կատարումն ՀՀ վարչապետի 30.09.2011թ. թիվ 02/14.2/16001-11 հանձնարարականի ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան և Սպիտակ քաղաքների բազմաբնակարան շենքերից (բնակելի տներից) առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց բնակարանների տրամադրման նպատակով ՀՀ Լոռու մարզպետարանի և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ իրականացվել է ուսումնասիրություն ՀՀ Կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի թիվ 1051_Ա որոշմամբ հաստատված 60 առանց ծնողական խնամքի մնացած անձանց շրջանում:
Համաձայն ուսումնասիրության արդյունքի, բնակարանի կարիք ունեցող թվով 60 առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանցից միայն մեկ անձ է համաձայնել ստանալ նախատեսված բնակմակերեսը, իսկ 13-ը նախընտրել են ստանալ առանձին բնակարաններ:
Հայտնում ենք, որ «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի (29.05.1996թ.) և «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի (24.09.2002թ. ՀՕ-421-Ն) 9-րդ հոդվածի համաձայն 18 տարին լրացած` առանց ծնողական խնամքի մնացած երեխաները, ովքեր չունեն սեփականության կամ օգտագործման իրավունքով իրենց պատկանող բնակելի տարածություն և վերջին 5 տարիների ընթացքում չեն օտարել սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակելի տարածությունը, իրավունք ունեն ստանալու նվազագույն սոցիալական չափորոշիչներին համապատասխան բնակելի տարածություն: Համաձայն ՀՀ Կառավարության «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին բնակարան տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 983_Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետով սահմանված է, որ առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին բնակարան տրամադրվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին՝ նվազագույն սոցիալական չափորոշիչներին համապատասխան՝ մեկսենյականոց բնակարանի կամ բնակելի տան (բնակարանում) մեկ սենյակի չափով առանձնացված բնակելի տարածությունը:
Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց տեղեկացվում է, որ ՀՀ օրենսդրության համաձայն Հայաստանի Հանրապետությունը առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց բնակարանով ապահովելու պարտավորություններ չունի` այլ կարող է տրամադրել նաև մեկ սենյակի չափով առանձնացված բնակելի տարածություն:
Այս պահի դրությամբ մանկատան առանց բնակարանի քանի՞ շրջանավարտ կա Հայաստանում:
Առանց ծնողական խնամքի մնացած բնակմակերեսի կարիք ունեցող պետության կողմից հաշվառված շրջանավարտների թիվը շուրջ 200 է:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել