
Խուլերի միավորման անդամները Գրիգորյանի հրաժարականն են պահանջում (տեսանյութ)
«Հայաստանի խուլերի միավորում» հասարակական կազմակերպության մի քանի հարյուր անդամներ պահանջում են ՀԿ նախագահ Գրիգոր Գրիգորյանի հրաժարականը:
Պատճառը, նրանց խոսքով, Գրիգորյանի կողմից իրենց խնդիրների նկատմամբ անտարբեր լինելն է, իրենց հաշվի չառնելը, ինչպես նաեւ միավորման ունեցվածքը վաճառելն ու յուրացնելը: Գրիգոր Գրիգորյանը, բացի այդ, ինչպես պնդում են բողոքի ակցիայի մասնակիցները, կեղծել է փաստաթղթեր, թե իբր արտահերթ համագումար է անցկացրել, այնինչ համագումարն իրականում տեղի չի ունեցել: Գրիգորյանը խուսափում է համագումար եւ միավորման նախագահի ընտրություններ կազմակերպել, քանի որ գիտի՝ իրեն չեն ընտրելու:
Կազմակերպության անդամները մի քանի օր է՝ բողոքի ակցիա են իրականացնում միավորման մշակույթի տան մոտ: Գրիգորյանի հրահանգով, նրանց չեն թույլատրում մուտք գործել մշակույթի տուն:
Այսօր՝ հունիսի 28-ին, նրանք նամակ փոխանցեցին կառավարության աշխատակազմի ներկայացուցչին: «Հայաստանի խուլերի միավորում» հասարակական կազմակերպության անդամները վարչապետ Նիկոլ Փաշինյանին խնդրել են իրավապահ մարմիններին հանձնարարել՝ ստուգումներ կատարել ՀԽՄ-ում, կասկած չունենալով, որ կբացահայտվեն յուրացումներ Գրիգոր Գրիգորյանի կողմից:
Մեկնաբանել