
Սևծովյան անդամ երկրները հիացմունքով են հետաքրքրվել Հայաստանի ներքաղաքական վերջին զարգացումներով
Հայաստանը չի մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղարի ընտրություններին, քանի որ այն տեղի է ունենալու Բաքվում:
Այս մասին խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը։
«Մենք ասացինք, որ Բաքվում անցկացվելու դեպքում բյուրոն կզրկի ՀՀ-ին նախագահի ընտրությանը մասնակցելուց, իրենք այստեղ ոչ հավասարակշռված որոշման գնացին։ Մենք համաձայն էինք, որ Երևանում էլ չլիներ, այլ Սոֆիայում լիներ, որը թույլ կտար բոլորին մասնակցել, բայց որոշումը կայացվեց, և ընտրությունը եկող տարվա կեսին Բաքվում պիտի տեղի ունենա»,- ասաց Մինասյանը:
Այս տարի նախագահությունը ստանձնել է ՀՀ-ն:
Հարցրինք՝ արդյոք վեհաժողովի մասնակից երկրների պատգամավորները հետաքրքրվել են հայաստանյան ներքաղաքական վերջին զարգացումներով, պատվիրակության անդամ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն արձագանքեց. «Մենք՝ որպես ընդդիմություն, այն կարծիքին չենք, որ պետք է գնանք ու մեր երկրի քաղաքական խնդիրները բարձրաձայնենք այլ երկրների պատգամավորների առջև: Չերչիլն ասում էր՝ ես անխնա քննադատում եմ իմ երկրի կառավարությանը իմ երկրի ներսում, բայց ինձ երբեք շռայլություն թույլ չեմ տա, որպեսզի իմ երկրի կառավարությանը քննադատեմ իմ երկրի սահմաններից դուրս: Իմ երկրի կառավարությունն իմ երկրի կառավարությունն է։ Փաշինյանի կառավարությունը ես կարող է այստեղ քննադատեմ, բայց Փաշինյանն իմ երկրի վարչապետն է, և ես պետք է պաշտպանեմ թե՛ Փաշինյանի կառավարությանը, թե՛ Փաշինյանին և թե՛ ՀՀ շահերը»:
Պատվիրակության անդամ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Գևորգ Գորգիսյանն էլ ասաց, որ ոչ պաշտոնական հանդիպումներում այս հարցը շատ է քննարկվել:
«Ոչ պաշտոնական շփումներում շատ մեծ էր հետաքրքրությունը Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների նկատմամբ, բոլորը հիացմունքով հարցնում էին ինչպես ստացվեց, որ առանց զոհի տեղի ունեցավ այդ ամենը»:
Մեկնաբանել