
Էդուարդ Շարմազանով. «Նիկոլ Փաշինյանն էլ ժամանակին ՀԱԿ-ի դեմքն էր, գնաց ՔՊ-ն ստեղծեց»
ՀՀԿ առաջին տեղակալ, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն առաջիկայում կհրաժարվի կուսակցության փոխնախագահի պաշտոնից, սակայն դեռ պարզ չէ՝ լքելու է նաև կուսակցությունը, թե ոչ:
Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Պարոն Կարապետյանի որոշումը գնահատում եմ շատ նորմալ, Կարեն Կարապետյանը հասուն քաղաքական գործիչ է, ինքն է որոշում լինել կուսակցության նախագահի առաջին տեղակալ թե չլինել, հարգանքով եմ վերաբերվում իր այդ որոշմանը»,- ասաց Շարմազանովը:
Շարմազանովի խոսքով՝ առաջիկայում կլինի ՀՀԿ խորհրդի նիստ, որի օրակարգում էլ կլինի կուսակցության փոխնախագահների ընտրության հարցը:
Մեր դիտարկմանը, որ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ Կարեն Կարապետյանը դարձել էր ՀՀԿ դեմքը, Շարմազանովն ասաց.
«Նիկոլ Փաշինյանն էլ ժամանակին ՀԱԿ-ի դեմքն էր, գնաց ՔՊ-ն ստեղծեց, մենք ցանկացած քաղաքական գործչի որոշման հարգանքով ենք վերաբերվում»:
Հետաքրքրվեցինք՝ առաջիկայում կուսակցությունը համագումար հրավիրելո՞ւ է, Շարմազանովն ասաց, որ դեռ չեն քննարկել, իսկ կուսակցության փոխնախագահների ընտրության հարցը կլինի խորհրդի առաջիկա նիստում:
Դիտարկմանը, որ հրաժարականից հետո Սերժ Սարգսյանը չէր բացառում, որ կլինի կուսակցության նախագահի փոփոխություն, Շարմազանովն ասաց.
«Ժամանակը կգա, կքննարկենք, էս պահին քննարկում չկա, չեմ բացառում, որ աշնանը քննարկենք կուսակցության ապագայի հետ կապված հարցերը»:
Մեկնաբանել