
Մանվել Գրիգորյանի ընտանիքի անդամների հայտարարագրերում ավտոպարկի մի մասն է նշված
Նորայր Շողիկյան
ԱԱԾ աշխատակիցների կողմից Մանվել Գրիգորյանի հանգստյան գոտում գտնվող ռետրո և ժամանակակից տասնյակ ավտոմեքենաներից, ըստ պետական ռեգիստրում նրա հայտարարագրի, միայն մի մասն է պատկանում գեներալին: 2017թ.-ի հուլիսի 27-ի դրությամբ Մանվել Գրիգորյանը շարժական գույքից հայտարարագրել է GAZ 21R, GAZ 61, GAZ 12, PEUGEOT 405, GAZ 2217, GAZ 22, GAZ 2217-5104, GAZ 12 մակնիշի ավտոմեքենաներ:
2016թ.-ի տարեկան հայտարարագրի համաձայն, այդ տարում գեներալ-լեյտենանտն անշարժ և շարժական գույք ձեռք չի բերել:
Համատեղ բնակվող անձանց հայտարարագրերը
Գեներալ Մանվել Գրիգորյանի ավտոպարկում առկա մեքենաների մի մասն ու Ապրիլյան պատերազմի օրերին բանակին տրամադրված ամենագնացներն և շտապ օգնության մեքենան, ըստ հայտարարագրերի պետական ռեգիստրի, չեն պատկանում նաև Գրիգորյանի հետ համատեղ բնակվող անձանց:
Մանվել Գրիգորյանի երկու որդիների՝ Արա և Սամվել Գրիգորյանների 2017թ.-ի տարեկան հայտարարագրերում շարժական գույքի ձեռքբերման կամ օտարման մասին տվյալներ չկան:
Գեներալի դստեր՝ Այծեմնիկ Գրիգորյանի 2017թ.-ի տարեկան հայտարարագրում նույնպես շարժական գույքի ձեռքբերման կամ օտարման մասին տվյալներ չկան, իսկ մյուս դստեր՝ Արփենիկ Գրիգորյանի 2017թ.-ի տարեկան հայտարարագրում շարժական գույքի մասին տվյալները պաշտպանված են:
Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Էլյա Գրիգորյանի 2016 և 2017թթ. հայտարարագրերը բացակայում են պետական ռեգիստրից, իսկ 2015թ.-ի հայտարարագրում բացի դրամական միջոցներից, այլ տվյալներ չկան:
Մանվել Գրիգորյանի պաշտոնյա զավակների շարժական գույքը
Էջմիածնի արդեն նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հայտարարագրած շարժական գույքում նույնպես հանգստյան գոտում հայտնաբերված մեքենաներից չկա:
2016թ.-ին՝ պաշտոնը ստանձնելու պահին Կարեն Գրիգորյանը հայտարարագրել է AUDI Q5 3.2 մակնիշի 1 ավտոմեքենա, իսկ 2016 և 2017թթ.-ի տարեկան հայտարարագրում շարժական գույքի ձեռքբերման կամ օտարման մասին տվյալներ չկան:
Մանվել Գրիգորյանի աղջկա՝ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Մանվելի Գրիգորյանի և նրա ամուսնու 2016 և 2017թթ.-ի տարեկան հայտարարագրերում շարժական գույքի օտարման կամ ձեռքբերման մասին տվյալներ չկան:
Ուշագրավ է, որ Մանվել Գրիգորյանի հետ համատեղ բնակվող բոլոր անձանց 2016թ.-ի տարեկան հայտարարագրերը բացակայում են հայտարարագրերի պետական ռեգիստրից, մինչդեռ Գրիգորյաններին պատկանող հանգստյան գոտում հայտնաբերված, բանակին նվիրաբերված ամենագնացներն ու շտապ օգնության մեքենան այնտեղ հայտնվել են Ապրիլյան պատերազմի օրերին կամ դրանից հետո:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել