
Մանվել Գրիգորյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը
Նախկին իշխող ուժը՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը քաղաքական դրդապատճառ է տեսնում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին «ապօրինի ձերբակալելու մեջ»: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Հիշեցնենք, որ երեկ ԱԱԾ-ն ձերբակալել է Մանվել Գրիգորյանին, և հայտնել, որ այդ մասին ԱԺ նախագահը տեղեկացվել է:
Էդուարդ Շարմազանովը և ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը երեկ երեկոյան այցելել են Մանվել Գրիգորյանին:
Շարմազանովի խոսքով՝ Մանվել Գրիգորյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը՝ ապօրինի զենք-զինամթերք պահելը:
«Մանվել Գրիգորյանն էնքան օրինական զենք ունի, ինչի՞ն էր պետք անօրինական զենք պահելը»,-ասաց Շարմազանովը: ՀՀԿ խոսնակի վստահեցմամբ՝ չի եղել որևէ հիմք, որպեսզի ԱԱԾ-ն ձերբակալեր ԱԺ պատգամավորին, քանի որ պատգամավորը կարող է ձերբակալվել կամ հանցանք կատարելու պահին կամ դրանից հետո, իսկ դրանցից որևէ մեկը չի եղել:
«Սա՞ է ձեր նոր Հայաստանը, սա նոր Հայաստան չէ, վերադարձ է ճորտատիրական կարգերին»,-ասաց ԱԺ փոխխոսնակը՝ ընդգծելով, որ ոտնահարվել է Սահմանադրությունն ու օրենսդրությունը:
Ըստ Շարմազանովի՝ այս քայլի միջոցով փորձ է արվում ճնշել թե’ ՀՀԿ-ին, թե’ ԵԿՄ-ին:
Հետաքրքրվեցինք, թե ինչպես է Գրիգորյանը, արդյոք չի՞ դժգոհել ՁՊՎ-ի պայմաններից, Շարմազանովն ասաց՝ բժիշկը տարել է Մանվել Գրիգորյանի համար անհրաժեշտ դեղորայքը, նա որևէ դժգոհություն չունի և ընկճված չէ:
«Թուրքը նույնիսկ չի կարողացել գեներալին ընկճել, հիմա ի՞նչ են անում, թուրքի՞ն են ուրախացնում»,-ասաց Շարմազանովը:
Տեղեկացնենք, որ ըստ ընթացակարգի՝ խորհրդարանը կարող է քննարկել ԱԺ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու հարցը, եթե գլխավոր դատախազությունը միջնորդություն ներկայացնի, սակայն այս պահի դրությամբ նման դիմումով դատախազը հանդես չի եկել: Եթե չլինի նման միջնորդություն, Մանվել Գրիգորյանը ՁՊՎ-ում կարող է պահվել առավելագույնը 72 ժամ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել