
ԿԳՆ-ն կրկնակի կրճատել է ուսումնարաններում և քոլեջներում ոստիկանական անվճար կրթություն ստանալու տեղերը
Կառավարությունը հաստատել է նախնական մասնագիտական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ ընդունելության տեղերը:
ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի ներկայացրած նախագծից պարզվում է, որ 2018/2019 ուսումնական տարում անվճար տեղերը կրճատվել են թե նախնական, թե միջին մասնագիտական կրթություն տրամադրող հաստատություններում: Նախագծի հիմնավորումներում նշվում է, որ տեղերի նվազման պատճառը պետական բյուջեից կրթության ոլորտի ֆինանսավորման կրճատումն է:
Նախնական և միջին մասնագիտական կրթության ծրագրով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ ընդունելության տեղերը՝ նախորդ և այս ուսումնական տարում
«Հաշվի առնելով շահագրգիռ գերատեսչությունների և կազմակերպությունների առաջարկները, որոշման նախագծով հիմնականում նվազեցվել են տնտեսագիտական և առողջապահական ոլորտի մասնագիտությունների գծով անվճար ուսուցման տեղերը` նախորդ տարվա համեմատ, իսկ գյուղատնտեսական ոլորտի մասնագիտությունների գծով` ավելացել են»,- հայտնում է ԿԳՆ-ն նախագծում: Թեև շեշտվում է տնտեսագիտական և առողջապահական մասնագիտությունների անվճար տեղերի նվազումը, սակայն կա ևս մի ուշագրավ կրճատում, որ պարզ է դառնում նախորդ և այս տարվա տվյալները համեմատելիս:
Նախորդ՝ 2017/2018 ուսումնական տարում հանրապետության նախնական մասնագիտական կրթական ծրագրով ոստիկանական անվճար կրթություն ստանալու հնարավորություն է ունեցել 400 ուսանող, իսկ այս տարի տեղերի քանակը կրճատվել է կրկնակի: Ընդ որում նախատեսված, 200 տեղից 80 տեղերի ֆինանսավորումն իրականացվելու է ոստիկանության միջոցների հաշվին: Ոստիկանությունը նախագծի քննարկման ժամանակ որևէ առարկություն չի ներկայացրել:
Նախնական մասնագիտական կրթության ծրագրով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ ընդունելության տեղերը՝ ըստ ոլորտների
Զգալի է անվճար տեղերի կրճատումը նաև երկու այլ ոլորտներում՝ միջին մասնագիտական կրթության ծրագրով: Մեկը «Գործավարություն, վարչարարություն և իրավունք» ոլորտն է, որի մեջ մտնող մասնագիտացումներից ամենապահանջվածը հաշվապահական հաշվառումն է, այնուհետև հաջորդում են գործավարությունը՝ օտար լեզվի իմացությամբ, և մենեջմենթը (կառավարում): Միջին մասնագիտական կրթության ծրագրով անվճար տեղերի հիմնական կրճատումներից մեկն արվել է «Առողջապահության և սոցիալական աշխատանք» ոլորտում:
Միջին մասնագիտական կրթության ծրագրով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ ընդունելության տեղերը՝ ըստ ոլորտների
Նախագծի քննարկման ժամանակ առողջապահության նախարարությունն առաջարկել է ավելի կրճատել այս ոլորտի մի քանի մասնագիտացումների անվճար տեղերը՝ հաշվի առնելով, որ հանրապետությունում առկա է բժշկական միջին մասնագիտական կրթության աշխատուժի զգալի ավելցուկ:
«Փորձագետների կարծիքով, որի հիմքում ընկած են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության տվյալները, ներկայումս Հայաստանի Հանրապետությունում կա մոտ 9000 գործազուրկ բուժքույր, մանկաբարձուհի, դեղագործ և ատամնատեխնիկ»,- նշել է առողջապահության նախարարությունը:
Առաջարկն իսկապես կտրուկ է եղել, օրինակ՝ «Ատամնատեխնիկական գործ» մասնագիտության համար նախատեսված 207 անվճար տեղը դարձնել 20, կամ «Քույրական գործ» մասնագիտության 395 տեղը դարձնել 50: ԿԳՆ-ն ընդունել է առողջապահության նախարարության առաջարկները, բայց մասնակի և ոչ նշված կտրուկ չափերով. «Ատամնատեխնիկական գործ»-ի համար. օրինակ, նախատեսվել է 167, իսկ «Քույրական գործ»-ի համար՝ 325 անվճար տեղ:
ԿԳՆ-ն նշել է, որ Հայաստանի տարածքում գործում են միջին մասնագիտական առողջապահական ոլորտի 11 պետական ուսումնական հաստատություններ և գրեթե բոլորում ուսուցանվում է այն մասնագիտությունները, որոնցով առաջարկվել է նվազեցնել տեղերը:
«Նշյալ մասնագիտություններով տեղերի չհատկացնելու կամ շատ քիչ հատկացնելու դեպքում ուսումնական հաստատություններում ձևավորվելու են թերի խմբեր, որը ֆինանսական տեսանկյունից ոչ նպատակահարմար է, իսկ խմբեր չհավաքագրելու դեպքում ռիսկային է դառնում ուսումնական հաստատությունների հետագա գործունեությունը: Տեղերի կրճատման հետևանքով առաջանում է նաև հաստիքների կրճատում, որը կառաջացնի դժգոհություն դասախոսական կազմի կողմից»,- գրված է ԿԳՆ-ի՝ առողջապահության նախարարությանը տված պատասխանում: Բացի այդ, մարզերում, ըստ ԿԳՆ-ի, կա միջին մասնագիտական կրթություն ունեցողների պահանջարկ:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախագծի քննարկման ժամանակ, ելնելով աշխատաշուկայի պահանջներից, առաջարկել է նախատեսել նաև «Հասարակական սնունդ» և «Հացաթխման արտադրության տեխնոլոգիա» մասնագիտությունները: Առաջարկն ընդունվել է:
Նշենք, որ կառավարության ծրագրի՝ կրթությանն առնչվող կետերից մեկով՝ միջին մասնագիտական կրթությունը Հայաստանում դառնալու է աշխատաշուկայի կադրերի ապահովման հիմնական օղակ:
Մեկնաբանել