
Ալավերդու պղնձաձուլական գործարանի արտանետումները վերջին օրերին ավելացել են. բնակչությունը դժգոհում է
Լարիսա Փարեմուզյան
Վերջին օրերին «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ի Ալավերդու պղնձաձուլական գործարանի պարբերաբար կրկնվող արտանետումները ալավերդցիների համար դարձել են անտանելի: Այսօր ժամը 11:30-ից մինչև 12:30-ը գործարանի Կոշաբերդ սարի վրա գտնվող ծխնելույզի մեծաքանակ արտանետումների պատճառով Ալավերդիում ստեղծվել է արտակարգ իրավիճակ:
Արտանետումների մեջ կորած էին Աքորի գյուղը և Լալվար սարը, Մադանը, պղնձաձուլական գործարանի սանիտարական գոտու շենքերը չէին երևում ծխի մեջ: Ծուխը պատել էր քաղաքի Ջրավազան, Հայպետշին, Խուդյակով, Զորավար Անդրանիկի թաղամասերը: Ծուխը դանդաղ շարժվում էր դեպի Շահումյան և Սանահին կայարանային թաղամասեր, Հագվի և Օձուն գյուղեր: Խուճապի մեջ են հայտնվել Ս. Սարահարթ թաղամասի բնակիչները: Ծնողները բակերում խաղացող երեխաներին շտապ տուն էին կանչում։
«Ինչ անենք, որ փրկվենք այս վիճակից», - միմյանց հարցնում էի փողոցներից տուն շտապող ալավերդցիները:
«Մենք հեչ, բա թոռնիկներս, բա մյուս երեխաները»,- ասում է Սամվել Դալլաքյանը։ Վերջինս երկար տարիներ աշխատել է պղնձաձուլական գործարանում և տեղյակ էր գործարանի արտանետումների վտանգներին:
«Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության ղեկավարները տարիներ շարունակ գործարանի էկոլոգիական վիճակը մեղմելու համար բնակչությանը, հատկապես նախաընտարական շրջանում, խոստումներ են տալիս գերմանացիների, ռուսների, վերջերս էլ չինացիների ներդրումների մասին: Խոստումները այդպես էլ մնում են խոսակցություններ:
Վերջին օրերի մեծաքանակ արտանետումների պատճառների մասին մեր հարցին պատասխանելով «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության տնօրեն Լուսինե Մեջլումյանն ասաց․«Մենք տեղյակ ենք, որ պղնձաձուլական գործարանի անհամեմատ մեծ արտանետումները առաջացնում են բնակչության դժգոհությունները: Մի բան կարող եմ ասել, ելնելով իրավիճակից մենք կարճաժամկետ կնվազեցնենք գործարանի արտադրողականությունը, այսինքն կնվազեցնենք ձուլող վառարանի բեռնումը: Ինչ խոսք, դա իր բացասական հետևանքները կունենա մեր ֆինանսատնտեսական ցուցանիշների վրա: Բայց մենք այս խնդրի երկարաժամկետ լուծում չունենք: Չի բացառվում, արտանետումները պայմանավորված են մշակվող հումքի բաղադրությամբ: Մենք այդ ամենը կուսումնասիրենք: Հավատացեք , մենք շատ ենք շահագրգռված արտանետումների վիճակը կայունացնելու գործում»։
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել