
Ժիրայր Սեֆիլյան. «Հետո էլ ասում են՝ հրաշքներ չեն լինում»
Ժիրայր Սեֆիլյանն ազատություն վերադարձավ ինչպես և նախապես ցանկացել էր՝ գործով մյուս բոլոր անձանց ազատվելուց հետո: Նա Վերաքննիչ դատարանի դահլիճից դուրս եկավ ընտանիքի ու համակիրների մեծ բանակի ուղեկցությամբ՝ եռագույնը ուսերին, դհոլի հնչյունների տակ: Դուրս գալով ազատություն՝ Սեֆիլյանն ասաց՝ բա՛, ասում են՝ հրաշքներ չեն լինում:
Ժիրայր Սեֆիլյանը դիմեց ներկաներին՝ նշելով, որ երկար չի խոսելու, լրագրողներին ասաց, որ ազատության մեջ զբաղվելու է ժամ ու օր առաջ քաղբանտարկյալներին ազատելու գործով: Ասաց, որ պետք է աջակցեն նոր կառավարությանը՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, պետականաշինության գործում.
«Ամեն օր, օրը մեջ քաղբանտարկյալները ազատության մեջ են հայտնվում: Ոչինչ՝ ուշ լինի, նուշ լինի: Օրեր անց անխտիր բոլորը կլինեն ազատության մեջ»:
Խոսելով «Սասնա ծռերի» մասին՝ նախ վշտակցություն հայտնեց ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհված ոստիկանների հարազատներին՝ ցավը բոլորիս ցավն է: Ժիրայր Սեֆիլյանը շեշտեց, որ ամենաշահագրգիռ կողմն են, որ օր առաջ պարզվի, թե այդ սպանությունները ինչպես տեղի ունեցան, «բայց կասկած չկա, որ «Սասնա Ծռերի» նպատակը մարդասպանությունը չէր: Հույս ունեմ, որ կունենանք արդար դատարան և մանրակրկիտ կքննվի, թե ինչ էր տեղի ունեցել»:
Քաղաքացիական ակտիվիստ Գևորգ Սաֆարյանը նկատեց՝ շինծու էին մեղադրանքները, քրեական գործերը, մեկ նպատակ կար՝ մեկուսացնել իրեն ուրիշներին վախեցնելու համար.
«Ռեժիմը շատ մտահոգված էր, որ կարող են երիտասարդները որևիցե օրինակ տեսնել և լինի էն, ինչ որ եղավ: Սովետական մտածելակերպով անհրաժեշտ էր մարդուն մեկուսացնել, մեկուսացրեցին: Իսկ էն, ինչ այսօր կայացրեց դատարանը, միջանկյալ ինչ-որ բան էր ու արդարադատության հետ որևէ կապ չուներ»,- ասաց Սաֆարյանը:
Մեկնաբանել