
Մարգարայում ՀՀԿ-ական համայնքապետը չի վերընտրվել
Երեկ տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են անցկացվել Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու և Կոտայքի մարզերի 18 համայնքում: Արմավիրի մարզի Մարգարա գյուղում ևս համայնքապետ էին ընտրում: Թեկնածուները երկուսն էին՝ 2006 թվականից համայնքապետի պաշտոնը զբաղեցնող ՀՀԿ-ական Խաչատուր Ասատրյանը և անկուսակցական, սակայն ԲՀԿ-ի աջակցությունը վայելող Էդգար Ենոքյանը:
Մագարայում ընտրելու իրավունք ուներ 1028 մարդ, որից քվեարկությանը մասնակցել է 644-ը, կամ՝ 62,65%: Նախնական տվյալներով, գործող համայնքապետը չի ընտրվել: Խաչատուր Ասատրյանի օգտին քվեարկել է 201 ընտրող, իսկ 30-ամյա Էդգար Ենոքյանի օգտին՝ 433: Վերջինս էլ ընտրվել է Մարգարայի համայնքապետ: 10 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:
Մարգարայի` իրականություն չդարձող ծրագրերը
Մարգարան սահմանակից է Թուրքիային: Արաքս գետի վրայով է անցնում երկու երկրներն իրար կապող կամուրջը: 2009թ. թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանի և Թուրքիայի Հանրապետությունների արտաքին գործերի նախարարների կողմից արձանագրությունների ստորագրումից հետո Մարգարայում աշխուժություն տիրեց: Վերանորոգվեցին միջպետական նշանակություն ունեցող ճանապարհները, որը ուղիղ կապ պետք է ապահովեր Թուրքիայի հետ: Մեծահարուստները ճանապարհի երկայնքով սկսեցին հողակտորներ գնել՝ հետագա բիզնես ծրագրերի համար: Սակայն, կարճ ժամանակ անց աշխուժությունը մարեց, և Մարգարայի մասին ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա չհիշեց:
Համայնքի ենթակայության տակ գտնվող մշակույթի տունը չի գործում, անմխիթար վիճակի պատճառով: Կապիտալ վերանորոգման և բարեկարգման կարիք ունեն, թե մշակույթի տունը, թե համայնքային ճանապարհները:
Համայնքապետարանում դժգոհում էին, որ գյուղատնտեսական արտադրանքի իրացման պատճառով դժվարություններ են առաջացել համայնքի բյուջե մուտքագրվող հողի հարկի և գույքահարկի գանձման գործընթացում:
Նշված հիմնահարցերի լուծման համար առկա դժվարությունները կապված են հիմնականում համայնքի եկամուտների հետ: Համայնքը չունի անհրաժեշտ եկամուտներ իր առջև դրված հիմնահարցերը միանգամից լուծելու համար:
Համայնքի բյուջեի մուտքերը, կարելի է ասել, ձևավորվում են բացառապես վարչական բյուջեի միջոցների հաշվին: Իսկ վարչական բյուջեի եկամուտները ձևավորվում են սահմանափակ թվով եկամտատեսակների՝ հարկերի, տեղական տուրքերի և գույքի վարձակալությունից եկամուտների հաշվին: Համայնքի բյուջեի կանխատեսվող եկամուտների մեծ մասը ձևավորվում է պետական բյուջեից համայնքներին տրամադրվող ֆինանական համահարթեցման դոտացիաների հաշվին: 2017թ. եկամուտները եղել են 75.0%, 2018թ-ին կանխատեսվում է 75.3%, իսկ 2019թ.՝ 75.6 %:
Ինչպես մյուս համայնքները, այնպես էլ Մարգարան ունի է իր զարգացման 5-ամյա ծրագիրը: Այդ ծրագիրը վերջին տարիներին գրեթե կրկնվում է, քանի որ այդպես էլ կապիտալ ծրագրեր համայնքում չեն իրականացվում: Առաջիկա 5 տարիներին համայնքի հիմնական ծրագրերն են`
- Նորագույն տեխնոլոգիաների ուսուցման կենտրոնի հիմնումը,
- Մշակույթի տան վերանորոգումը,
- Խմելաջրի ցանցի շարունակության կառուցումը
- Համայնքի փողոցների և ճանապարհների հիմնանորոգումը
- Համայնքի արտաքին լուսավորության ցանցի շարունակության կառուցումը
- Համայնքի զբոսայգու կառուցումը
- Կանգառների պատրաստումը, տեղադրումը
- Ֆուտբոլի դաշտի վերանորոգումը:
Օրինակ` նորագույն տեխնոլոգիաների ուսուցման կենտրոնի համար նախատեսվում է հատկացնել 1 մլն դրամ: Հնգամյա ծրագրով որոշվել է, որ գումարը հատկացվելու է այս տարի: Ֆուտբոլի դաշտի վերանորոգման համար ևս նույնքան գումար է անհրաժեշտ, սակայն, ֆինանսավորումը կլինի 2019թ.:
Առաջին լուսանկարում` Խաչատուր Ասատրյանը
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել