
«Նորաշեն 2007»-ը Հայաստանի մակետն է
«Նորաշենի» պատմությունը մեր իրականության հայելին է, մեր բիզնես միջավայրի, դատական համակարգի, Ազգային ժողովի, հարկային ծառայության եւ ընդհանրապես պետական համակարգում առկա բոլոր կեղտերը նույնությամբ արտացոլված են այստեղ՝ «Նորաշենի» հայտնի պատմության մեջ:
«Նորաշենի» օրինակով կարելի է պատկերացմում կազմել երկրի բոլոր պետական մարմինների մասին` ցույց տալով, թե որքան անպատժելի են պաշտոնյաները, ու որքան անպաշտպան՝ Հայաստանի Հանրապետության սովորական քաղաքացիները:
Քաղաքացիներ, որոնք տասնամյակներով փող են կուտակել տուն ունենալու համար, եւ ահա հայտնվում են մի քանի պաշտոնյաներ ու յուրացնում այդ գումարները:
Որեւէ մեկը այնտեղ` վերեւներում, կարո՞ղ է բացատրել, թե ինչու է առայսօր շարունակում պաշտոնավարել Դավիթ Բեգլարյանը` Արարատի հարկային տեսչության պետը, ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանի ամուսինը: Ներքեւներում գիտեն, թե ինչու է նա շարունակում պաշտոնավարել: Որեւէ մեկը այնտեղ` վերեւներում, կարո՞ղ է բացատրել, թե ինչու առայսօր քրեական գործ չի հարուցվել կարկառուն հանրապետական Հերմինե Նաղդալյանի նկատմամբ, եւ վերջապես այնտեղ` վերեւներում, որեւէ մեկը կարո՞ղ է բացատրել, թե ինչպես է նա դարձել 14 բնակարանի տեր այդ շենքում, որտեղ Հայաստանի Հանրապետության սովորական քաղաքացիները պետք է ստանային իրենց բնակարանները: Այստեղ` ներքեւում, բոլորը գիտեն, թե դա ինչպես է եղել:
«Նորաշենը» Հայաստանի մոդելն է, թալանի օրինականացման, թալանողների անպատժելիության: Իրավապահ մարմինների անզորության ու անկարողության դասական օրինակն է «Նորաշենը»: Քննիչները շատ փայլուն կարող են կատարել իրենց աշխատանքը, ավելին՝ նրանք կատարել էին իրենց աշխատանքը, բայց դրա համար նրանք կարող էին պատժվել: Այս առումով գոնե բախտները բերել է, համենայն դեպս, առայսօր նրանց չեն պատժել իրենց գործը լավ կատարելու համար. խոսքս «Նորաշենի» մասին է: Ու հիմա նրանք` այդ քննիչները, շատ զգույշ են, որովհետեւ արդեն զգուշացված են: «Նորաշենի» պատմությունը եւս մեկ անգամ հաստատեց, որ Հայաստանում «քաշվողները» կարող են լինել միայն Հայաստանի Հանրապետության սովորական քաղաքացիները:
«Նորաշենի» այդ սովորական քաղաքացիները փորձում են իրենք իրենց համոզել, որ երկրի նախագահը այս ամենի մասին չգիտի: Եվ նույնիսկ նամակ են գրել նախագահին:
Ես չեմ հավատում, որ երկրի նախագահը չգիտի Հերմինե Նաղդալյանի, նրա ամուսնու` Արարատի հարկային տեսչության պետ Դավիթ Բեգլարյանի, ԲՀԿ-ական պատգամավոր Արսեն Ավագյանի (մականունը՝ Տուգո), ռազմական ոստիկանության պետի նախկին տեղակալ Հայկ Ստեփանյանի եւ շատ ու շատ այլ պաշտոնյաների՝ «Նորաշենում» ունեցած դերակատարության, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության սովորական քաղաքացիներին թալանելու մասին:
Իսկ Հայաստանը ահա այսպես փոքրացել, փոքրացել է եւ իր ներսում տիրող բարքերով դարձել «Նորաշեն» անունով մի մակետ:
Իսկ առջեւում նոր ընտրություններ են, ու նույն մարդիկ, օգտագործելով նաեւ «Նորաշենի» պրոյեկտից գռփած փողերը, հայտնվելու են «նորացված» խորհրդարանում: Քանի որ այնտեղ` վերեւներում, Հայաստանի առաջընթացը միայն այդպես են պատկերացնում:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել