
Դատարանում լսվում է հայտնի կավատի գործը
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում քննվում է 32-ամյա Իրինա Ենոքյանի գործը: Դուբայում եւ մարմնավաճառների շրջանում նա հայտնի է «Իկուշ» մականունով:
Տարիներ շարունակ Իրինան կանանց խումբ էր տեղափոխում Արաբական Միացյալ Էմիրություններ, եւ թրաֆիկինգի տարբեր գործերում նրա անունը հաճախ էր անցնում: Ըստ մեղադրանքի` նրա հովանու ներքո 2001-2005 թթ. Դուբայում մի խումբ հայ աղջիկներ զբաղվել են պոռնկությամբ: Բացի այդ, նա պարբերաբար ծեծի միջոցով սեռական շահագործման է ենթարկել Հերմինե Զաքարյանին: Վերջինս դատարանում ցուցմունք տվեց, որ իրեն անընդհատ ծեծել է նաեւ Իրինայի ընկերը` Ենոքը: Սակայն գլխավոր դատախազության կողմից դատարան ուղարկված մեղադրական եզրակացությունում Ենոքի մասին որեւէ հիշատակում չկա:
Գյումրեցի Հերմինեն 2006 թ. սեպտեմբերին ծանոթացել է Քնարիկ Ղանդիլյանի հետ: Վերջինս իմանալով, որ Հերմինեն ամուսնալուծված է, ունի 2 անչափահաս երեխա եւ ապրում է սոցիալական ծանր պայմաններում, խոստացել է «մի բանով օգնել»: Երկու օր անց նա Հերմինեին տարել է Գայանե Մելքոնյանի տուն: Հերմինեին Գայանեն առաջարկել է մեկնել Դուբայ` իր ընկերուհի Իրինա Ենոքյանի մոտ մատուցող աշխատելու:
«Ասաց` Իկուշի (Իրինա Ենոքյան) ընկերը ռեստորան եւ դիսկո ունի: Երկուսն էլ նույն շենքում են եւ դրանցից որ մեկում էլ ուզես, կարող ես բարձր աշխատավարձով մատուցող աշխատել»,- հիշում է Հերմինեն: Խոսակցությանը ներկա է եղել նաեւ Լիա Բագարյանը, ով իր հերթին հավաստիացրել է, թե ժամանակին «Իկուշի օբյեկտում» մատուցող է եղել ու բավականին գումար վաստակել: Արաբական աշխարհի մասին աղջիկների պատկերավոր նկարագրություններից հետո Հերմինեն համաձայնվել է մեկնել:
Հենց հաջորդ օրը Երեւանից Գյումրի է եկել Նվեր Մ.-ն եւ Հերմինեին տեղափոխել իր բնակարան: Տանը եղել է նաեւ նրա կինը` Լուսիկ Թ.-ն: Պատկառելի տարիքով ամուսիններն իրենց հերթին Հերմինեին վստահեցրել են, որ ամեն ինչ լավ կլինի, միաժամանակ տեղեկացնելով, որ իրենց աղջիկը եւս աշխատում է Իկուշի մոտ եւ շատ գոհ է:
«Չգիտեմ` էդ մարդիկ գիտեի՞ն, թե իրենց աղջիկը Դուբայում ինչով է զբաղված: Կարող ա իրանց էլ էին խաբել»,- պարզաբանում է Հերմինեն:
Շուտով Ի. Ենոքյանը գումար է ուղարկել, եւ Նվերը Հերմինեին «Զվարթնոց» օդակայանից ուղիղ չվերթով ճանապարհել է Դուբայ: Այստեղ նրան դիմավորել է ոմն Հռիփսիմե եւ տարել Իրինայի վարձած բնակարան:
«Հասանք տուն թե չէ, Իկուշը եկավ, միանգամից պասպորտս վերցրեց ու հենց սկսեցինք գործից խոսել, վրաս ծիծաղեց, թե` աֆիցանտկա-մաֆիցանտկա չկա, կարո՞ղ ա եկել ես հորդ տուն հանգստանալու: Հենց վաղն իրիկունը գնալու ես դիսկո մարմնավաճառություն անելու»,- պատմում է Հերմինեն եւ մանրամասնում, որ երբ հրաժարվել է ու խնդրել իրեն հետ ուղարկել, Իրինան սպառնացել է. «Զոռով էլ լինի, էդ գործն անելու ես, վրադ 5000 դոլար եմ ծախսել, մինչեւ էդ փողը հետ չբերես, Հայաստան գնալ չկա»:
Հերմինեի խոսքերով` իր հետ նույն տանն ապրել եւ Իրինայի ղեկավարությամբ մարմնավաճառությամբ են զբաղվել նաեւ 6 հայուհիներ: Նրանց բոլորին Իրինայի վարորդը` ոմն Մուստաֆա, ամեն օր երեկոյան տնից մեքենայով տարել է դիսկո, առավոտյան`գործն ավարտվելուց հետո, բերել տուն:
«Որ ուզենայի էլ, չէի կարող փախչել: Ո՛չ քաղաք դուրս գալու հնարավորություն կար, ո՛չ էլ լեզու գիտեի: Նույնիսկ կլիենտի հետ գնի բազարն Իկուշի վստահելի աղջիկներն էին անում: Փողը վերցնում ու ինձ հետը ճամփում էին: Մի անգամ դիսկոյում մի հատ վրացի աղջկա ասացի` ուզում եմ փախչել: Սա մեր աղջիկներին էր խաբար տվել, սրանք էլ` Իկուշին: Իզուր տեղը ծեծ կերա»,- պատմում է Հերմինեն:
Նա Դուբայում մարմնավաճառությամբ է զբաղվել սեպտեմբերի 15-ից եւ, իր ասելով, արդեն ամսվա վերջում 5000 դոլար աշխատել է:
«Անձամբ Իկուշն ասաց` Հերմինե ջան, էլ ինձ պարտք չունես, սրանից հետո ինչ կաշխատես, 50-50 կկիսվենք: Ասացի` չէ, գնում եմ տուն: Նորից սկսեց ծեծել. ծխախոտի կրակը հանգցնում էր վրաս, ռեմենի երկաթի մասով ոնց պատահեր խփում էր: Օրերով պառկել եմ. Ռիփոն (Հռիփսիմե) էր ինձ խնամում»,- հիշում է Հերմինեն եւ նշում, որ չնայած ծեծուջարդին` ինքն, այնուամենայնիվ, որոշ ժամանակ Իրինային չի ենթարկվել:
«Տեսավ` էլ վրես չի կարում, Ենոքին ասաց, ու արդեն սա էր ինձ ծեծում: Հաշվի չէր առնում, որ կին եմ: Մինչեւ հիմա թիկունքիս նրա հարվածների սպիերը կան: Քթիս ոսկորը ճաքած է, գլխով է խփել: Նույնիսկ դանակով ոտքիս է խփել»,- պատմում է նա: Ի դեպ, դատաբժշկական փորձագետի եզրակացությամբ` չի բացառվել, որ մարմնական վնասվածքները Հերմինեն կարող է ստացած լինել իր կողմից նշված ժամկետներում:
«Ստիպված էլի գործի էի գնում,- շարունակում է Հերմինեն:- Աղջիկներից իմացել էի, որ երկու ամիսը մեկ ոստիկանությունը մարմնավաճառների ռեյդ է անում: Աստված էի կանչում, որ ռեյդը սկսվեր: Վերջը բախտս բերեց. դեկտեմբերի 1-ին փոլիսը հենց դիսկոյում ինձ բռնեց»:
Շուրջ երկամսյա բանտարկությունից հետո` 2007թ. հունվարին, նա արտաքսվել է Հայաստան: Այստեղ Հերմինեն իրավապահներին ամեն ինչ մանրամասն պատմել է: Շուտով ձերբակալվել են նրան Դուբայ ուղարկած 3 անձինք` Գ. Մելքոնյանը, Լ. Բագարյանը եւ Ք. Ղանդիլյանը: Նրանք այժմ իրենց պատիժն են կրում «Աբովյանի» կանանց գաղութում: Վերջին երկուսի համար վերջնական պատիժ է սահմանվել 4, իսկ Գայանեի համար` 6 տարվա ազատազրկում:
«Սրանց գործից մի քանի ամիս անց` 2007 թ. սեպտեմբերին, գլխավոր դատախազության քննիչը (Ներսես Միսակյան - Ա. Դ.) զանգեց, բա` Հերմինե ջան, Իկուշին բռնել ենք, վաղը կգաս Երեւան: Գնացի մոտը, տվածս ցուցմունքները հաստատեցի` մինչեւ վերջ շեշտելով, որ Ենոքն էլ է ինձ ծեծել: Երկու անգամ Իկուշի հետ առերեսում արեցին: Հարցրի` Ենոքից ի՞նչ կա, հետն առերեսում չեք անելու՞: Պատասխանեց, թե` նախորդ գործը քննող Երեմյանը (Արիստակես Երեմյան - Ա. Դ.) Ենոքին հարցաքննել է ու բաց թողել: Գնացի Երեմյանի մոտ, ասաց` Հերմինե ջան, դու գրի, որ Ենոքի դեմ բողոք չունես, ես իրան հարցաքննել եմ, ինքը ոնց որ մեղավոր չի: Բայց էս ամեն ինչը հարցականներով է գրվում, եթե պետք եղավ, առերեսում կանենք,- հիշում է Հերմինեն ու շարունակում,- հետո Երեմյանն ասաց` որ ցուցմունք տաս, մի հատ նորից կգաս մոտս: Գնացի, 3 հատ 5000 դրամանոց տվեց, բա` գիտեմ, որ երեխեքդ կոշիկ չունեն, դպրոց չեն գնում, մեղք են, սրանով կառնես, թող գնան: Ու ավելացրեց` հանկարծ ուրիշ բան չմտածես, հա... Էս ուղղակի մտքովս անցավ, տալիս եմ»:
Այս ամենը գրեթե նույնությամբ Հերմինեն պատմեց նաեւ հոկտեմբերի 25-ի դատական նիստի ընթացքում: Այդ պահին մեղադրող Աշոտ Նադոյանը դահլիճում չէր եւ երբ վերադարձավ, դատավոր Մնացական Մարտիրոսյանի խնդրանքով Հերմինեն կրկնեց խոսքերը:
Մյուս դատական նիստին` նոյեմբերի 14-ին, հարցաքննվեցին Ի. Ենոքյանի ղեկավարությամբ Դուբայում մարմնավաճառությամբ զբաղված Մանեն (անունը փոխված է) եւ որպես վկա` նաեւ նրա քույրը: Քանի որ մյուս տուժողները դատարանի պահանջով չէին ներկայացել, հրապարակվեցին նրանց նախաքննական ցուցմունքները: Նշենք, որ նրանց մեծամասնությունը Իրինայի մոտից փախել է: Դատավարությունը կշարունակվի նոյեմբերի 23-ին:
«Անընդհատ զանգել քննիչին հարցրել եմ` ե՞րբ պետք է գամ Ենոքի հետ առերեսման: Բա` համբերիր: Էսօր-էգուց ասելով` գործը մտցրին դատարան: Թե հիմա Երեմյանն ինձ 15 հազար դրամով առավ, թե Ենոքից լավ գումար վերցրեց, ինձ խաբեց, չգիտեմ: Ամեն ինչ բարդեցին Իկուշի վրա, բայց Ենոքն էլ է ինձ վնաս հասցրել, չէ՞: Ինչի՞ պիտի կին արմատը նստի, իսկ ինքը քաղաքում ազատ ֆռֆռա»,- մեզ հետ հանդիպմանը հարցնում է Հերմինեն եւ ավելացնում, որ գլխավոր դատախազության քննիչ Արիստակես Երեմյանից անպայման փորձելու է ստանալ այս հարցերի պատասխանը, իսկ անհրաժեշտության դեպքում բողոքելու է նրա վերադասին:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել