
Դատարանը մեղմեց թրաֆիկինգի համար դատապարտվածների պատիժները
Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանն այս տարվա հունվարի 31-ին Գայանե Մելքոնյանին դատապարտեց 5, իսկ Սուսաննա Նիկողոսյանին` 2 տարվա ազատազրկման: Նրանք 2004-2005 թթ. խաբեությամբ հավաքագրել եւ Արաբական միացյալ էմիրություններ (ԱՄԷ) ու Թուրքիա էին փոխադրել մի խումբ հայ աղջիկների` պոռնկությամբ զբաղվելու համար: Գ. Մելքոնյանը եւ Ս. Նիկողոսյանը, սակայն, իրենց գործունեությունը սկսել են ավելի վաղ:
2003 թ. օգոստոսին Գյումրի քաղաքի «Ֆլամինգո» սրճարանում Գայանեն ծանոթացել է մատուցողուհի Լիլիթի (անունը փոխված է) հետ: Մտերմիկ զրույցի բռնվելով 19-ամյա աղջկա հետ` նա իմացել է, որ վերջինս գտնվում է նյութական ծանր վիճակում, ծնողներն ամուսնալուծված են եւ ապրում են իր վաստակով:
«Հարցրեց` ինչքա՞ն ես վաստակում: Երբ ասացի, առաջարկեց մեկնել Դուբայ եւ խոստացավ, որ այնտեղ նույն մասնագիտությամբ 3 անգամ ավելի գումար կաշխատեմ: Մեկնելու համար ես ոչ մի ծախս չէի անելու. ամեն ինչ հոգալու էր Դուբայում գտնվող մենեջերը»,- պատմում է Լիլիթը:
Աղջիկը համաձայնվել է, եւ հաջորդ օրն իսկ Գայանեն նրան տեղափոխել է Երեւան` Սուսաննա Նիկողոսյանի բնակարան: Լիլիթն այստեղ անցկացրել է 3 օր: Այդ ընթացքում լսել է, թե ինչպես է Սուսաննան հեռախոսով ինչ-որ մեկին նկարագրում իր արտաքինը: Ավելին` Սուսաննան Դուբայի «մենեջերին» ուղարկել է նաեւ Լիլիթի անձնագրի լուսապատճենը` նրա արտաքինի մասին ավելի ճիշտ պատկերացում տալու համար:
«Ես տարօրինակ ոչինչ չէի տեսնում: Հայաստանում էլ մատուցողին աշխատանքի ընդունելիս արտաքինը պարտադիր հաշվի են առնում»,- նկատում է Լիլիթը:
Սուսաննան բացատրել է նաեւ, որ Երեւան-Դուբայ չվերթ չկա: Ուստի, երեք օր անց «Զվարթնոց» օդակայանից նա Լիլիթին ճանապարհել է Մոսկվա, որտեղ վերջինիս դիմավորել եւ վարձակալած բնակարան են տեղափոխել Ավետիք Խաչատրյանն (Ավո) ու Սեւակ Սիմոնյանը (Սեւո): Նրանք Լիլիթի անվամբ պատրաստել են ՌԴ քաղաքացու կեղծ անձնագիր` աղջկա տարիքը 11 տարի մեծացնելով: Օրեր անց «30-ամյա» Լիլիթն ուղեւորվել է Դուբայ:
«Դուբայում Նանոն (Ամալյա Մնացականյան-Մատուլյան) անձնագիրս վերցրեց ու ասաց, որ մատուցողուհի աշխատելու մասին խոսք լինել չի կարող: Պիտի զբաղվեի մարմնավաճառությամբ: Ասացի, որ ես մարմնավաճառ չեմ եւ չեմ ուզում նման ձեւով գումար աշխատել»,- հիշում է Լիլիթը: Ըստ նրա` Նանոն սպառնացել է հակառակվելու դեպքում արաբ գործընկերների միջոցով հաշվեհարդար տեսնել կամ առանց անձնագրի հանձնել ոստիկաններին:
«Էդ խոսակցության ժամանակ սենյակում էլի աղջիկներ կային: Նրանք խորհուրդ տվեցին, որ ենթարկվեմ, թե չէ ամեն ինչ շատ ավելի վատ կլիներ»,- պատմում է Լիլիթը: Հետագայում նա մի քանի անգամ ականատես է եղել, թե ինչպես են պատժվում անհնազանդ աղջիկները: «10-ից 20 արաբ, ով որ չէր ենթարկվում, տանում էին անապատ, դաժանաբար ծեծում, բռնաբարում ու կիսամեռ վիճակում հետ բերում: Էդքանը տենալով` էլ ի՞նչ պիտի անեիր»,- հարցնում է Լիլիթը:
Լիլիթի խոսքերով` Նանոյի ենթակայության տակ որպես մարմնավաճառ աշխատել են 22-23 հայուհի: Նրանց մեջ եղել են նաեւ անչափահասներ: Հայաստանից եկած յուրաքանչյուր նորեկի համար նա ուղարկողին վճարել է 50-ից 150 ԱՄՆ դոլար` կախված աղջկա տարիքից եւ արտաքինից: «Որ Դուբայում էի 2-րդ, թե 3-րդ օրը Նանոն հեռախոսով Սուսաննայի հետ խոսեց: Հետո ինձ ասաց` տես, քո համար մարդա 150 դոլար փող էին ուզում (խոսքը Ս. Նիկողոսյանի եւ Գ. Մելքոնյանի մասին է - Ա. Դ.)»,- հիշում է Լիլիթը:
Ավելի քան վեց ամիս կավատ Նանոյի հովանու տակ Լիլիթը վաճառել է սեփական մարմինը եւ, ինչպես ինքն է ասում, օրական վաստակել մոտ 500 ԱՄՆ դոլար: Գումարն ամբողջությամբ հանձնել է կավատին, ով այդ ընթացքում միայն մեկ անգամ ընդամենը 100 դոլար է ուղարկել Լիլիթի հարազատներին: «Ասում էր` եթե ուզում ես շատ ուղարկեմ, ավելի շատ աշխատիր»,- պատմում է նա:
Հետո Դուբայի ոստիկանությունը Նանոյին ձերբակալել է: Նրա մարդկանցից մեկն աղջիկների անձնագրերը վերադարձրել է եւ հորդորել «ցրվել` ով որտեղ կարող է»: Լիլիթի արաբ հաճախորդներից մեկը բնակարան է վարձել, եւ նրանք մոտ 2 տարի ապրել են միասին: Մեկ տարի էլ Լիլիթն անցկացրել է Դուբայի բանտում` ռուսական կեղծ անձնագրի պատճառով: Այնուհետեւ արտաքսվել է Հայաստան: Օդանավակայանում նրան դիմավորել են ոստիկանության աշխատակիցները: Լիլիթն ամեն ինչ մանրամասն պատմել է:
2007 թ. օգոստոսին Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանը, ապացուցված համարելով վերոգրյալը, Գ. Մելքոնյանին եւ Ս. Նիկողոսյանին մեղավոր ճանաչեց ՀՀ Քրեական օրենսգրքի 132 հոդվածով (խաբեությամբ սեռական շահագործման ենթարկելը): Շենգավիթ համայնքի դատարանի կայացրած վճիռը եւ իր կողմից սահմանված պատժաչափերը մասնակի գումարելով` Մալաթիա-Սեբաստիայի դատարանը Գ. Մելքոնյանի համար վերջնական պատիժ սահմանեց 8, իսկ Ս. Նիկողոսյանի համար` 6 տարվա ազատազրկում:
Վերջիններս համաձայն չեն դատարանի վճռի հետ եւ այն բողոքարկել են վերաքննիչ դատարանում: Սեպտեմբերի 27-ին տեղի ունեցավ վերաքննիչ բողոքի առաջին դատաքննությունը`Սուրիկ Ղազարյանի նախագահությամբ: Ամբաստանյալները միջնորդեցին կիրառել արագացված դատավարության կարգ: Մեղադրող Աշոտ Նադոյանն առարկեց միջնորդության դեմ, քանի որ մեղադրյալներն իրենց առաջադրված մեղադրանքներն ընդունել են մասնակիորեն: Դրանից հետո Գ. Մելքոնյանը եւ Ս. Նիկողոսյանը գրավոր դիմեցին դատարանին` հայտնելով, որ մեղսագրվող արարքներում իրենց ճանաչում են լիովին մեղավոր: Հաշվի առնելով Ա. Նադոյանի առարկությունը` դատարանը մերժեց միջնորդությունը: Այդ եւ հաջորդ դատական նիստերի ընթացքում հարցաքննվեցին տուժողն ու ամբաստանյալները: Վերջիններս հայտարարեցին, որ նշանակված պատիժը խիստ է:
«Ես մեղավոր եմ այնքանով, որ Լիլիթին տեղափոխել եմ Երեւան` Սուսաննայի տուն: Նա շատ լավ գիտեր, թե ինչի համար է մեկնում Դուբայ: Հենց ինքն էր ասում, որ Գյումրիում մարմնավաճառությամբ է զբաղվում, բայց վաստակած գումարը չի բավականացնում: Խնդրեց, որպեսզի օգնեմ գնա Դուբայ»,- ասաց Գ. Մելքոնյանը: Գրեթե նույն բանն ասաց նաեւ Ս. Նիկողոսյանը:
«Այսինքն` դեռ մի բան էլ լավություն եք արել Լիլիթին: Այդ դեպքում, ըստ ձեզ, ո՞րն է պատճառը, որ նա շնորհակալության փոխարեն ձեր դեմ բողոքել է»,- հարցրեց մեղադրող Ա. Նադոյանը:
«Դուք եք ստիպել»,- պատասխանեց Գ. Մելքոնյանը:
«Ձեզ ձեր իրավունքները բացատրվել են: Ինչո՞ւ չեք բացարկ հայտնել ինձ»,- հարցրեց Ա. Նադոյանը եւ այդպես էլ, ըստ էության, պատասխան չստացավ:
Հոկտեմբերի 11-ին վերաքննիչ դատարանը Ս. Ղազարյանի նախագահությամբ կայացրեց վճիռ: Նախ նշենք, որ հենց առաջին դատական նիստի ժամանակ երկու ամբաստանյալներն էլ հայտարարել էին, որ վատառողջ են: Դատարանն էլ տեղեկացրեց, որ այդ դեպքում անհրաժեշտ է ներկայացնել համապատասխան փաստաթղթեր: Հոկտեմբերի 11-ի դատավարությանը Գ. Մելքոնյանը դատարանին հանձնեց «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի ղեկավարի եւ բուժծառայության պետի ստորագրություններով եւ կնիքով հաստատված մի փաստաթուղթ, ըստ որի` ինքն ինչ-ինչ առողջական խնդիրներ ունի: Գ. Մելքոնյանի նկատմամբ վճիռ կայացնելիս դատարանը սա դիտարկեց որպես մեղմացուցիչ հանգամանք:
Վերաքննիչ դատարանը մեղադրյալների բողոքները բավարարեց մասնակի: Կրճատվեցին միայն Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանի նշանակած պատժաչափերը: Գ. Մելքոնյանի նկատմամբ վերջնական պատիժ սահմանվեց ազատազրկում 6 տարի ժամկետով, իսկ Ս. Նիկողոսյանի նկատմամբ` 5 տարի 6 ամիս:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել