
Կիևում սպանվել է ռուս լրագրող Արկադի Բաբչենկոն
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում սպանվել է Ռուսաստանում հայտնի լրագրող Արկադի Բաբչենկոն (Аркадий Бабченко): Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Громадське радіо»-ի լրագրող Իրինա Ռոմալիյսկայան: Բաբչենկոյի սպանության փաստը հաստատել է նաև Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշենկոն:
Ըստ լրագրող Այդեր Մուժդաբաևի՝ անհայտ անձը կրակոցներ է արձակել Բաբչենկոյի թիկունքի ուղղությամբ: 41-ամյա լրագրողը մահացել է շտապօգնության մեքենայի մեջ՝ հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին:
Ոստիկանության ներկայացուցիչ Յարոսլավ Տրակալոն «Украинская правда»-ին հայտնել է, որ սպանությունը տեղի է ունեցել Կիևի Դնեպրյան շրջանում՝ լրագրողի տանը:
«Կինը եղել է լոգասենյակում, և երբ ճիչեր է լսել, դուրս է եկել և տեսել ամուսնուն արնաշաղախ վիճակում: Շտապօգնություն է կանչել, նրան տարել են, սակայն մեքենայում մահացել է»,- ասել է Տրակալոն՝ նշելով, որ տեղում քննչական-օպերատիվ խումբ է աշխատում դեպքի հանգամանքները պարզելու համար:
Չեչնիայում պատերազմի տարիներին զինծառայություն անցած Արկադի Բաբչենկոն հայտնի է դարձել որպես ռազմական լրագրող և գրող: Եղել է Art of War ամսագրի հիմնադիրն ու խմբագիրը, համագործակցել է ռուսական մի շարք պարբերականների հետ: Բաբչենկոն հայտնի էր նաև Ռուսաստանի իշխանությունների հասցեին հնչեցրած սուր քննադատություններով:
2017 թվականին նա Ռուսաստանից տեղափոխվել է Չեխիա, ապա հաստատվել Ուկրաինայում: Իր տեղափոխությունը նա բացատրել է այն հանգամանքով, որ Ռուսաստանում իրեն կարող են ազատազրկել:
Մեկնաբանել