
Անապատի գիշերներում: 2004 թվականին Դուբայից մոտ 9 մլն դոլար է փոխանցվել Հայաստան
Էդիկ Բաղդասարյան
Արա Մանուկյան
2001-2004 թվականների ընթացքում Արաբական Միացյալ էմիրություններից /ԱՄԷ/ բանկային համակարգի միջոցով Հայաստան են փոխանցվել հետեւյալ գումարները.
2001 $ 654,200
2002 $ 3,933,300
2003 $ 5,769,500
2004 $ 8,792,800
Այս տվյալները մեզ է տրամադրել ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը:
Համեմատելով ներկայացված թվերը, տեսնում ենք, թե վերջին չորս տարում ինչպես են աճել Արաբական Միացյալ Էմիրություններից Հայաստան փոխանցված գումարները:
Ինչի՞ հաշվին են աճում փոխանցումները, ովքե՞ր են փոխանցողները:
Հայտնի է, որ շատ գործարարներ տարբեր ապրանքներ են ներկրում ԱՄԷ-ից Հայաստան: Իսկ ներկրման համար նրանք փողն այստեղից են տանում: ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության տրամադրած տեղեկատվությամբ' վերջին 14 տարվա ընթացքում (1991-2004) Արաբական միացյալ էմիրություններից կատարվել է 4 մլն 356 հազար ԱՄՆ դոլարի ներդրում: Ակնհայտ է, որ սա փոքր թիվ է ԱՄԷ-ից Հայաստան փոխանցված գումարների համեմատությամբ: Միայն վերջին 4 տարվա ընթացքում այդ երկրից բանկային համակարգով Հայաստան է փոխանցվել 19 մլն 149 հազար դոլար:
ԱՄԷ-ից դրամական փոխանցումների այս դինամիկան արտացոլում է կանանց վաճառքի աճի ճշգրիտ տեմպերը: Հավանաբար, կարելի է ասել, որ սրանք հայ մարմնավաճառների եւ կավատների' Հայաստան ուղարկած փողերն են: Հայ մարմնավաճառները մեզ պատմում էին, որ իրենք հենց բանկերով են գումար փոխանցում հարազատներին: Բայց սա փոխանցված գումարների մի մասն է, մնացածը հայ կավատների փոխանցումներն են' մի մասն իրենց հարազատներին, մյուս մասը' «անհայտ» հասցեատերերին: Լրագրողի համար դժվար է ապացուցել սա: Սակայն պետական մարմիններ կան, որոնք կարճ ժամանակում կարող են պարզել, թե ովքեր են պարբերաբար ստանում այս գումարները, եթե, իհարկե, այդ մարմինները նման ցանկություն ունեն:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել