
Տ․Ավինյան․ «Ընտրությունները տեղի են ունենալու՝ անկախ Հանրապետականի կամքից»
Լոռու մարզի Դեբետ համայնքում Հայաստանի մանուկներ հիմնադրամի (ՔՈԱՖ) ՍՄԱՐԹ կենտրոնի այսօրվա բացման արարողությանը մասնակցում էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Բացման արարողության ավարտին փոխվարչապետը պատասխանել է լրագրողների հարցերին
-Կան՞ արդեն բոլոր մարզպետների հրաժարականները: Կոնկրետ, երբ կլինեն նոր մարզպետների նշանակումներ և հայտնի՞ են արդեն մարզպետների նոր թեկնածուների անուններ:
-Անկեղծ ասած, ես բոլոր մարզպետների համար չեմ կարող ասել հրաժականներ ներկայացրել են, թե՝ ոչ: Բայց ես նույնպես կարծում եմ , որ բոլոր մարզպետները փոխվելու են և դա տեղի է ունենանու մոտակա օրերին: Կոնկրետ անուններ այս պահին չեմ կարող նշել:
-Նոր կառավարությունը կանդրադառնա արդյոք պետբյուջեից նախկին կառավարության կողմից համայնքներին հատկացված ֆինանսական միջոցների ծախսերի արդյունավետությանը:
-Ես ուզում են վստահեցնել բոլոր նախկին և ներկա համայնքապետերին ու մարզպետներին, որ մենք ուշադիր, մանրադիտակով զննելու ենք պետբյուջեից հատկացված գումարների բոլոր նախկին ծախսերը, աուդիտի ենք ենթարկելու բոլոր նախկին նախաձեռնությունները: Որտեղ կլինեն խնդիրներ, մենք այդ խնդիրները արձանագրելու ենք և պատշաճ կերպով մեր գործընթացը շարունակելու ենք: Իսկ ընդհանուր առմամբ համայնքների և մարզպետարանների հետ կառավարությունը իր ինտենսիվ աշխատանքը շարունակելու է և ես կարծում եմ, որ համայնքների սեփական եկամուտները ավելանալու են պեետբյուջեի եկամուտներին համահունչ:
-Հանրապետականները շարունակում են բացառել ԱԺ արտահերթ ընտրությունները: Արտահերթ ընտրություն այս պահին հնարավոր համարում ենք, երբ խորհրդարանական մեծամասնությունը դա բացառում է:
-Ես կարծում եմ հանրապետականները իրավիճակը ճիշտ չեն գնահատում: Նկատի ունեմ, որ ժողովուրդը պատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների և այդ ընտրությունները տեղի են ունենալու՝ անկախ Հանրապետականի կամքից:
-Կառավարությունը ինչ վերաբերմունք կունենա համայնքների Հանրապետական կուսակցության անդամ ղեկավարների նկատմամբ: Չե՞ք կարծում, որ նրանք ԱԺ ընտրություններին կփորձեն եղանակ ստեղծել:
- Այս ընտրություններում ժողովրդից բացի այլ ուժ չի կարող եղանակ ստեղծել: Ընտրությունները լինելու են ժողովրդի կողմից վերահսկվող ընտրություն: Համայնքների ղեկավարները ընտրություններին որևէ կերպ ժողովրդի կամարտահայտությանը խոչընդոտ չեն կարող է լինել և, եթե որևէ մեկը փորձի նման ոտնձգություն իրականացնել ժողովրդի կամարտահայտության նկատմամբ, մենք բոլոր միջոցները ունենք դա կանխելու:
-Համայնքների խոշորացումը մեզ մոտ կատարվեց ժողովրդի կամքին հակառակ: Նոր կառավարության կողմից կլինեն արդյոք նոր մոտեցումներ համայնքների խոշորացման գործընթացի նկատմամբ:
-Պետք է նայել համայնքների խոշորացման արդյունավետությանը: Պետք է հասկանալ ինչ է տալիս մեզ խոշորացումը, ինչ են տալիս փոքր համայնքները: Այսինքն, այստեղ պետք է նայել միմիայն այդ պրոցեսի արդյունավետությանը: Եթե համայնքների խոշորացումը ստեղծում է հավելյալ արժեք, ուրեմն արժե գնալ այդ քայլին: Բայց այս հարցը նույնպես անհրաժեշտ է լայնորեն քննարկել բոլոր փոքր համայնքների բնակիչների հետ:
Մեկնաբանել