
Հաշմանդամության կարգից զրկելու հարցը՝ դատարանում. պատասխանողի ապացույցները բավարար չեն
Վարչական դատարանի դատավոր Արթուր Ավագյանն երեկ լրացուցիչ փաստաթղթեր պահանջեց՝ պարզելու համար, թե ինչու է նախկին իրավապահ Աբրահամ Մկրտչյանն այս տարի զրկվել հաշմանդամության 3-րդ կարգից: Պատասխանողը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունն է: Հայցվորը՝ Աբրահամ Մկրտչյանը, դատարանին խնդրում է անվավեր ճանաչել բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի կայացրած այն որոշումը, որով այս տարի չի հաստավել իր հաշմանդամության 3-րդ կարգը, վերականգնել այն և հետևաբար՝ նաև թոշակը:
Ա. Մկրտչյանը դատարանում հայտնեց, որ ԲՍՓ գործակալությունն իր հաշմանդամության կարգը չի հաստատել այն դեպքում, երբ նույն բժշկական փաստաթղթերով նախորդ տարիներին ճանաչվել է 3-րդ կարգի հաշմանադամ:
Պատասխանող կողմը՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունը, դատարան էր ներկայացրել միայն 2017թ. փաստաթղթերը: Դատարանը պահանջեց նաև 2015թ.-ինը: Նպատակը համեմատությունն է, թե ինչն է փոխվել այդ փաստաթղթերում, որ մի անգամ դարձել է հաշմանդամությունը հաստատելու, մյուս անգամ՝ չհաստատելու հիմք:
Դատարանը պահանջեց հենց 2015թ. փաստաթղթերը և ոչ` 2016թ.-ինը, քանի որ, ինչպես խոսքում մանրամասնեց Ա. Մկրտչյանը, 2015 և 2017թթ. իր կարգը հաստատել-չհաստատելու որոշումը կայացրել նույն մասնագետը՝ ԲՍՓ գործակալության բաժնի պետի պարտականությունները կատարող Բելլա Հովհաննիսյանը:
Միակ բժշկական փաստաթուղթը, որն ավելացել է 2017թ. փաստաթղթերի փաթեթում, ըստ Ա. Մկրտչյանի, սրտի հոլտեր՝ 24-ժամյա հետազոտությունն է, ըստ որի՝ իր վիճակը ոչ միայն չի բարելավվել, այլև վատացել է, հետևաբար հանձնաժողովն ավելի շահագրգռված պետք է լիներ վերահաստատելու հաշմանդամության կարգը:
«Այդ հոլտեր հետազոտությունից պարզվել է, որ սրտիս ռիթմի խանգարումը ավելի է բարդացել, բժիշկն է ասաց, որ ինձ մոտ երեք անգամ ավելացել են փորոքային էքստրասիստոլաները»,- ասաց Ա. Մկրտչյանը:
Դատավոր Արթուր Ավագյանը որոշեց նշանակել ևս մեկ նախնական դատական նիստ, որի ժամանակ պատասխանող կողմի ներկայացուցիչը՝ ԲՍՓ գործակալության իրավական ապահովման բաժնի պետ Էդգար Գրիգորյանը պետք է ներկայացնի Ա. Մկրտչյանին հաշմանդամության 3-րդ կարգ տրամադրելու 2015թ. փաստաթղթերը: Նա պարտավորվեց նաև ապահովել ԲՍՓ գործակալության փորձագետ Բելլա Հովհաննիսյանի ներկայությունը հաջորդ նիստին:
Բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունը դատարանին հայցադիմումի պատասխան էր ներկայացրել, որում, ըստ Աբրահամ Մկրտչյանի, կեղծ, իր բժշկական փաստաթղթերին հակասող տվյալներ կան: Դրանց վերաբերյալ պատասխանողի ներկայացուցիչ Էդգար Գրիգորյանի պարզաբանումները հիմնավոր չէին ոչ դատարանում, ոչ մեզ հետ զրույցում: Իրավաբանը նշեց, որ դրանք նեղ մասնագիտական հարցեր են, և որ դատական մյուս նիստին մասնագիտական այդ հարցերին կպատասխանի ԲՍՓ փորձագետ Բելլա Հովհաննիսյանը:
![]() |
կարդացեք նաև՝ Նախկին իրավապահը զրկվել է հաշմանդամության կարգից |
Հիշեցնենք, Աբրահամ Մկրտչյանը նախկին իրավապահ է, աշխատել է ռազմական ոստիկանությունում, սակայն առողջական խնդիրների պատճառով 2010թ․ ինքնակամ դիմում է գրել և դուրս եկել ծառայությունից։ Նույն տարվա նոյեմբերից նա հաշմանդամության 3-րդ կարգ է ունեցել` ողնաշարի հիվանդության, իսկ 2014 թվականից` արդեն սրտի հիվանդության համար: Հաշմանդամության այս կարգը չի հաստատվել 2018թ․-ին։
Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի որոշումը նշանակում է, որ Ա․ Մկրտչյանի առողջական վիճակը բարելավվել է, սակայն բժիշկների՝ Ա․ Մկրտչյանին առաջարկած միակ տարբերակը սրտի կծկողականությունն ապահովող արհեստական սարքի (pacemaker) տեղադրումն է, ունեցել է սրտի AV լրիվ պաշարում (կա շտապօգնության ծառայության համապատասխան արձանագրություն), և ամեն պահի կարող է բժշկական օգնություն կարիք ունենալ:
Կարգը վկայող փաստաթուղթը Աբրահամ Մկրտչյանին հնարավորություն էր տալիս ամսական ստանալ 15 հազար դրամ թոշակ և պետպատվերով կամ մասնակի վճարումով օգտվել բժշկական որոշ ծառայություններից, որոնց կարիքը նա այժմ ունի:
Մեկնաբանել